Հղիության ընթացքում ձեզ կարող են առաջարկել տարբեր լաբորատոր թեստեր և գործիքային հետազոտություններ:
Դրանց նպատակն է ստուգել ձեր և ձեր չծնված երեխայի առողջությունը: Սակայն, երբեմն հետազոտությունները կարող են լինել մեծաքանակ, ճնշող կամ շփոթեցնող:
Կարևոր է հիշել, որ ձեր բժիշկը կամ բուժքույրը զբաղվում են ձեր նախածննդյան հսկողությամբ միայն մեկ նպատակի համար՝ աջակցել, որ ձեր հղիությունը և ծննդաբերությունն անցնեն առավել հարթ, ինչպես նաև ժամանակին հայտնաբերեն և բուժեն ի հայտ եկած խնդիրները: Ուստի, երբեք մի՛ ամաչեք կամ երկմտեք և համարձակորեն դիմեք նրանց, եթե ունեք առողջության, հղիության կամ ապագա ծննդաբերության վերաբերյալ որևէ հարց:
Հիշեք նաև, որ վերջնական որոշում կայացնողը միայն դուք եք՝ անցնե՞լ ձեզ առաջարկվող լաբորատոր և գործիքային հետազոտությունները, թե՞ ոչ: Սակայն նաև մի մոռացեք, որ ճիշտ որոշում կայացնելու համար պետք է բավարար տեղեկացված լինեք: Ուստի, բժշկին տեղին հարցեր տալն ավելի, քան խրախուսելի է: Լավագույն տարբերակն այն է, որ որոշում կայացնեք ձեր բժշկի հետ միասին:
Մինչև ձեր բժշկին այցելելը, ճիշտ կլինի կատարել որոշակի նշումներ, որպեսզի նրա կաբինետում որևէ հարց բաց չթողնեք կամ չմոռանաք:
Ահա հետազոտությունների վերաբերյալ որոշ հարցերի օրինակներ:
- Արդյոք այս լաբորատոր կամ գործիքային հետազոտությունը նշանակվել է որպես հղիության ստանդարտ ստուգո՞ւմ, թե՞ իմ պարագայում սա լրացուցիչ հետազոտություն է:
- Ո՞րն է այս հետազոտությունն անցնելու անհրաժեշտությունը: Ի՞նչ կտա այն ինձ և իմ երեխային:
- Ե՞րբ պետք է անցնեմ այն:
- Ե՞րբ կտրամադրվի պատասխանը:
- Հետազոտությունն ի՞նձ է անհրաժեշտ, թե՞ իմ երեխային:
- Ինչպե՞ս է անցկացվելու հետազոտությունը:
- Կա՞ն որևէ կողմնակի ազդեցություններ և ռիսկեր (վտանգներ)՝ ինձ համար և իմ երեխայի համար:
- Խոսքը վճարովի՞, թե՞ ապահովագրական ընկերության կողմից փոխհատուցվող կամ պետական պատվերի շրջանակներում հետազոտության մասին է:
- Արդյոք պե՞տք է նախապատրաստվել: Ինչպե՞ս:
- Սա մեկանգամյա հետազոտությո՞ւն է, թե՞ պետք է կրկնակի հետազոտվել:
Հոդվածը հրապարակվել է՝ 18-05-2020
Վերջին վերանայում՝ 03-05-2024