Վիրահատվե՞լ, թե՞ ոչ. այս հարցը կարող է օրերից մի օր «ծանրացնել» ձեզնից յուրաքանչյուրի ուղեղը։
Անկախ նրանից, թե ով և ինչ խորհուրդ է ձեզ տալիս, վիրահատության ենթարկվելու հարցում վերջնական որոշում կայացնողը դուք եք։ Սակայն, ձեր որոշումը ճիշտ՝ իրազեկված և գիտակցված լինելու համար կարիք ունեք ստանալու այլ՝ ավելի «մանր», բայց և՝ կարևոր հարցերի պատասխանները։
Անհրաժեշտ որոշ տվյալներ կարող եք որոնել ու գտնել տարբեր աղբյուրներից, օրինակ՝ մեր կայքից, սակայն երբեք մի՛ անտեսեք ձեր բժշկի և վիրաբուժի հետ առանձնազրույցը։
Դուք իրավունք ունեք իմանալու ձեզ վերագրվող ախտորոշման կամ հիվանդության և առաջարկվող վիրահատական միջամտության մասին ամեն-ամեն ինչ, ցանկացած նրբություն և մանրամասնություն, իսկ վիրահատող բժիշկը պարտավոր է բոլոր հարցերին մատչելի ձևով տալ հասկանալի պատասխաններ։
Իմացեք նաև, որ այս սկզբունքը գործում ոչ միայն վիրահատական, այլ ախտորոշիչ կամ բուժական ցանկացած միջոցառման կամ միջամտության դեպքում։
Եթե վիրահատվեմ, կօգնի՞ արդյոք դա ինձ
Շատ կարևոր է իմանալ, թե ինչո՞ւ է ձեզ առաջարկվում կոնկրետ տվյալ վիրահատությունը և ինչպե՞ս դա կօգնի ձեզ։ Օրինակ, եթե խոսքը ոտքի վրա կատարվող վիրահատության մասին է, դուք կարող եք բժշկին կամ վիրաբույժին հարցնել, թե՝
- արդյոք կթեթեևանա՞ն կամ կվերանա՞ն ոտքի ցավերը
- արդյոք կհեշտանա՞ քայլելը։
Անպայման հստակեցրեք վիրահատության օգուտները։ Հարցրեք, թե ի՞նչ տևողությամբ ձեզ ներկայացվող արդյունքը կգործի կամ այդ օգուտը կլինի ժամանակավո՞ր (որից հետո ձեր խնդիրը դարձյալ առաջին պլան կմղվի), թե՞ վերջնական։ Եթե խոսքը վիրահատության ժամանակավոր արդյունքների մասին է, ապա ինչքա՞ն կպահպանվեն լավ արդյունքները, ինչի՞ց է դա կախված և ինչպե՞ս կկարողանաք վիրահատությունից հետո երկարացնել «բարվոք» շրջանը։
Չմոռանաք ճշտել հաջող կամ բարվոք արդյունքների հավանականության մասին։ Դուք կարող եք նաև հարցերը ձևակերպել «թվերի» միջոցով, օրինակ՝
- Այս վիրահատությունը կրած 100 մարդուց քանիսի՞ մոտ է հաջող արդյունք ստացվել։
Ինչպիսի՞ ռիսկեր ունի վիրահատությունը
Չկա զրո ռիսկով վիրահատություն։ Եվ, ընդհանրապես, չկա զրոյական ռիսկով որևէ բժշկական միջամտություն և բուժում։
Վիրահատական ռիսկը կարող է կապված լինել տարբեր հանգամանքների, առաջին հերթին՝ անզգայացման մեթոդի և բուն վիրահատության հետ։ Վիրահատական բուժումն ինքնին կարող է ունենալ տարբեր տարատեսակներ՝ յուրաքանչյուրն իր «օգուտ-վնաս» փոխհարաբերակցությամբ։
Դուք կարող եք հարցնել ձեր վիրաբույժին այն մասին, թե՝
- ի՞նչ ռիսկեր ու բարդություններ կարող են լինել
- 100 մարդու (կամ ենթադրյալ 100 մարդու) մոտ կատարված տվյալ վիրահատությամբ քանիսի՞ մոտ կարող են ռիսկեր (վտանգներ) ու բարդություններ առաջանալ։
Բժիշկը կարող է և չմանրամասնել, թե ինչ է նշանակում «ռիսկը» կամ ինչ վիճակներ են կազմում «բարդությունները»։ Դրանք մնայո՞ւն են, թե՞ ժամանակավոր, կարիք ունե՞ն լրացուցիչ բուժման և ծախսերի, թե՞ ինքնուրույն անհետանալու են։
Հարցրեք այս մասին ձեր բժշկին և մանրամասնեք-բաղդադեք ձեր հարցը, որ ձեզ մոտ որևէ մութ հարց չմնա։
Դուք ունե՞ք այս վիրահատությունը կատարելու բավարար փորձ
Բոլոր վիրաբույժներն էլ իրենց աշխատանքային փորձը կուտակում են՝ սկսելով առաջին փորձից։ Եթե վիրաբույժի առաջին վիրահատվող հիվանդն եք, դուք պետք է իմանաք այդ մասին։ Այս առումով, նաև վիրահատող բժշկի մասնագիտական փորձը ճշտելու համար կարող եք ձեր ապագա վիրաբույժին հարցնել՝
- քանի՞ անգամ է մինչ օրս կոնկրետ այս վիրահատությունն ինքնուրույն կատարել
- ինչպիսի՞ արդյունքներ է ստացել՝ կատարելով ... վիրահատություն։
Կա՞ն արդյոք ավելի հասարակ ու անվտանգ եղանակներ
Որոշ հիվանդություններ ինքնուրույն լավանում են։ Որոշ հիվանդություններ էլ կարող են ինքնուրույն «նահանջել» կամ բարելավվել ոչ վիրահատական միջոցներով, ինչպիսիք են սննդակարգի փոփոխությունը, ֆիզիոթերապիան կամ դեղորայքային բուժումը։ Ուստի, երբեք սխալված չեք լինի, եթե հարցնեք ձեր բժշկին և վիրաբույժին այն մասին, թե՝
- կա՞ն արդյոք առաջարկվող վիրահատությանը այլընտրանքներ
- ի՞նչ կլինի, եթե վիրահատության փոխարեն ընտրեք այդ այլընտրանքներից մեկնումեկը
- իսկ ի՞նչ կլինի, եթե որևէ բան չանեմ։
Ի՞նչ ծախսեր կպահանջվեն
Ինչպես վիրահատությունը, այնպես էլ հետվիրահատական շրջանը ծախսատար են։ Չմոռանանք, որ այս շրջանում դուք կտրվում եք ձեր աշխատանքից և գուցե՝ եկամտի միակ աղբյուրից։ Ուստի, կարող եք հարցնել ձեր վիրաբույժին այն մասին թե՝
- ինչպիսի՞ ծախսերի հետ է կապված վիրահատական բուժումը՝ բուն վիրահատությունը, առանձին միջամտությունները, հետվիրահատական պալատը և բոլոր մյուս այն ծառայությունները, որոնցից պետք է օգտվեք
- եթե ունեք առողջության ապահովագրություն, արդյոք այն կծածկի բոլո՞ր ծախսերը, թե՞ որոշակի վճար ինքներդ պետք է կատարեք
- ինչքա՞ն կտևի հետվիրահատական շրջանը և ե՞րբ կկարողանաք աշխատանքի անցնել։
Վիրաբույժի ընտրությունը
Իհարկե, վիրաբույժ ընտրելը դժվար գործ է։ Դուք հարց ու փորձ եք անում, սկսում ինտերնետը թերթել կամ ծանոթ-ընկերներին հարցնել։ Այս ուղիներով կարող եք գտնել տարբեր, երբեմն՝ իրարամերժ, չի բացառվում նաև՝ ոչ հավաստի կամ գովազդային տեղեկություններ։ Ուստի, այս ամենից զատ, հարցրեք բժշկին այն մասին, թե՝
- ո՞վ է ձեզ նախատեսված վիրահատությանը լավագույն տիրապետող վիրաբույժը, և ինչո՞ւ։
Երկրորդ կարծիք
Դուք կարող եք նաև ձեր բժշկին հարցնել իր երկրորդ կարծիքը՝ մեկ այլ վիրաբույժի մասին։
Հոդվածը հրապարակվել է՝ 02-05-2018
Վերջին վերանայում՝ 03-05-2024