Ձեր առողջական վիճակի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունը երբեք չի կարող ավելորդ լինել։
Որքան շատ իմանաք ձեր առողջության և առկա խնդիրների, դրանց լուծման ուղիների ու մեթոդների մասին, այդքան ավելի հեշտ կլինի և՛ ձեզ, և՛ ձեր բժշկին։
Իսկ ո՞վ կարող է ձեր առողջության մասին ավելի լիարժեք տվյալներ տրամադրել, եթե ոչ ձեր բժիշկը։ Ուղղեք ձեր հարցերը նախ և առաջ ձեր բժշկին։ Եվ հիշեք, որ այդ հարցերը զուտ հարցնելու համար չեն։ Դրանց պատասխանները կօգնեն, որ ձեր առողջության և առկա խնդրների մասին առավել ամբողջական պատկերացում կազմեք։
Ձեր իսկ առողջության վերաբերյալ լիարժեք իրազեկված լինելը մեծապես կօգնի, որ կայացնեք ճիշտ որոշումներ։ Չէ՞ որ ձեր առողջությանը վերաբերվող ցանկացած հարցում վերջնական որոշում կայացնողը հենց դո՛ւք եք։
Առողջական խնդիրների մասին հարցեր
- Ինչպե՞ս է կոչվում է իմ հիվանդության անվանումը կամ ախտորոշումը։ Ունի՞ այլ անվանումներ։
- Կարո՞ղ եք գրել այն թղթի վրա և հանձնել ինձ։
- Ի՞նչ աստիճանի լուրջ կամ ծանր հիվանդություն է այն։
- Ինչի՞ց կարող էր առաջանալ այն։
- Կարո՞ղ եմ ես վարակել այլ մարդկանց։
- Ինչքա՞ն է հավանականությունը, որ իմ առողջական վիճակն ավելի կվատթարանա։ Կամ՝ կլավանա։
- Արդյոք ունե՞մ բուժման կարիք։ Եթե այո, ինչպիսի՞ բուժում է անհրաժեշտ։
- Կարիք կա՞ արդյոք, որ հանդիպեմ այլ մասնագետներին։
- Կա՞ ինչ-որ մի բան, որի միջոցով կարող եմ բարելավել իմ առողջական վիճակը։
- Ինչքա՞ն է տևում իմ հիվանդությունը։
- Ի՞նչ բարդություններ կարող է այն առաջացնել։ Ի՞նչ ժամկետներում։
- Կարո՞ղ է իմ հիվանդությունը բերել աշխատունակության անկման, հաշմանդամության կամ այլ հետևանքների։
Բուժման վերաբերյալ հարցեր
Բուժումը ներկայացնում է ավելի լայն ոլորտ, քան կարող եք առաջին հայացքից պատկերացնել։ Այն միայն դեղամիջոցների ընդունումը կամ միայն վիրահատվելը չէ։ Որոշ հիվանդությունների բուժումը նաև կարող է ներառել տարաբնույթ միջոցառումներ, միջամտություններ, ապրելակերպի փոփոխություններ, հատուկ սննդակարգ, օժանդակող բուժումներ և այլն։
- Ինչքա՞ն արդյունավետ է ինձ նշանակված բուժումը։
- Ի՞նչ տվյաներ կան այս բուժման վերաբերյալ։
- Կա՞ն արդյոք իմ բուժման հետ կապված ռիսկեր (վտանգներ) կամ կողմնակի ազդեցություններ։
- Կա՞ն իմ հիվանդության բուժման այլ եղանակներ։ Եթե այո, ապա ինչո՞ւ է ինձ նշանակվել հենց այս բուժումը։
- Ինչքա՞ն ժամանակ է սովորաբար տևում այս բուժումը։ Իսկ իմ պարագայո՞ւմ։
- Իրոք ես այս բուժման կարիքն ունե՞մ։ Եվ ի՞նչ կարող է ինձ հետ պատահել, եթե հրաժարվեմ բուժումից։
- Ի՞նչ կարժենա բուժումը և արդյոք այն կփոխհատուցվի՞ բժշկական ապահովագրությամբ կամ պետական պատվերով։
- Ինչքա՞ն շուտ պետք է ես սկսեմ բուժումը։
- Կա՞ն բուժման ավելի հասարակ և անվտանգ տարբերակներ։
- Ի՞նչ կլինի, եթե ես ոչ մի բան չանեմ։
Հարցեր դեղամիջոցների մասին
Ստեղծեք դեղորայքի ցուցակ, որը ներառում է ձեր ընդունած դեղերի մասին առաջին անհրաժեշտության տվյալները՝ անվանում, դեղաչափ և օգտագործման եղականակ ու հաճախականություն։
- Ինչո՞ւ ես այս դեղամիջոցի կարիքն ունեմ։
- Կա՞ն այս դեղամիջոցի վերաբերյալ ապացուցված տվյալներ։
- Ի՞նչ տևողությամբ պետք է ես ընդունեմ այս դեղամիջոցը։
- Ունի՞ այս դեղամիջոցը որևէ ռիսկ (վտանգ) կամ կողմնակի ազդեցություն։
- Ի՞նչ պետք է անել, եթե զգամ դեղամիջոցի կողմնակի ազդեցությունները։
- Կա՞ն արդյոք այլ դեղամիջոցներ, որոնք կարող են ինձ օգնել, բայց չունենալ կողմնակի ազդեցություններ։
- Ի՞նչ կպատահի, եթե ես չընդունեմ այս դեղամիջոցը: Կարո՞ղ է առողջությունս վատթարանալ։
- Ե՞րբ պետք է ընդունեմ այս դեղամիջոցը։ Ի՞նչ ժամանակացույցով:
- Արդյոք ես պե՞տք է դեղամիջոցն ընդունեմ սննդի հետ կամ ջրով։
- Կարո՞ղ է այս դեղամիջոցը փոխազդել իմ ընդունած մյուս դեղերի հետ՝ վիտամիններ, դեղաբույսեր կամ լրացուցիչ այլ դեղեր։
- Կարո՞ղ եմ ալկոհոլ ընդունել, եթե ստանում եմ այս դեղամիջոցը։
- Ինչպե՞ս պետք է պահպանեմ իմ դեղամիջոցը՝ սառնարանո՞ւմ, սառցարանո՞ւմ, թե՞ սենյակային պայմաններում։
- Եթե դեղատանն ինձ առաջարկեն նույն դեղամիջոցի մեկ այլ բրենդային անվանում, կարո՞ղ եմ ընդունել այն։
- Ի՞նչ անել, եթե մոռացել եմ ընդունել հերթական դեղաչափը։
- Կարո՞ղ եմ ընդունել այս դեղամիջոցը, եթե հղի եմ։ Իսկ եթե ցանկանում եմ մոտ ապագայում հղիանա՞լ:
- Ինչքա՞ն է կազմում դեղամիջոցի մոտավոր արժեքը և արդյոք այն կփոխհատուցվի՞ բժշկական ապահովագրությամբ կամ պետական պատվերով։
Հարցեր ախտորոշիչ հետազոտությունների մասին
Կան ախտորոշիչ թեստերի բազմաթիվ տեսակներ, օրինակ՝ արյան թեստեր, մեզի թեստ, գերձայնային և այլ պատկերային հետազոտություններ և այլն։
Շատ կարևոր է, որ դուք հասկանաք տարբեր հետազոտությունների նշանակությունը և ընդհանուր պատկերացում ունենաք դրանց արդյունքների մասին՝ մինչև բուն հետազոտությունն անցնելը։
- Ինչի՞ համար է նշանակվել այս հետազոտությունը։
- Ինչպե՞ս է այն կատարվում։
- Ո՞վ է անցկացնում կամ կատարում հետազոտությունը։
- Ինչքա՞ն հաճախ պետք է կրկնեմ այս հետազոտությունը։
- Ի՞նչ օգուտներ կտան հետազոտության արդյունքները։
- Կա՞ն արդյոք այդ հետազոտության հետ կապված ռիսկեր (վտանգներ)։
- Կա՞ն արդյոք տվյալ հետազոտության այլընտրանքներ։
- Ի՞նչ ճշգրտություն ունեն հետազոտության արդյունքները։
- Ի՞նչ կարող են նշանակել թեստի «դրական» կամ «բացասական» արդյունքները։
- Արդյոք այդ հետազոտությունը բավարա՞ր է, որ ախտորոշվի իմ հիվանդությունը, թե՞ այլ կամ լրացուցիչ հետազոտությունների կարիք ևս կառաջանա։
- Պե՞տք է արդյոք նախապատրաստվել այդ հետազոտությանը, եթե այո՝ ինչպե՞ս։
- Ինչքա՞ն է կազմում հետազոտության մոտավոր արժեքը և արդյոք այն կփոխհատուցվի՞ բժշկական ապահովագրությամբ կամ պետական պատվերով։
- Ինչքա՞ն շուտ պետք է հետազոտվեմ։
- Ե՞րբ կստանամ հետազոտության արդյունքները։
Հոդվածը հրապարակվել է՝ 02-05-2018
Վերջին վերանայում՝ 03-05-2024