Ծխախոտից հրաժարվելու հմտություններ
12-04-2018
7 րոպե

Ծխախոտի օգտագործման դադարեցումը բազմաթիվ ծխող մարդկանց թվում է անիրականանալի։
Սակայն, ծխախոտից հրաժարվելն այնքան էլ բարդ գործ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից:
Ծխախոտին վերջնականապես «հանձնվելու» հիմքում ընկած են ծխող մարդիանց գիտակցության մեջ տարիներ շարունակ ամրապնդված տարբեր կարծրատիպերը (ստերեոտիպ): Բազմաթիվ մարդիկ հստակ գիտակցում են, որ ծխախոտի օգտագործումը վստահորեն առաջացնում է առողջական խնդիր, սակայն շարունակում են ծխելը և դա հիմնավորում են տարբեր համոզմունքներով կամ մտացածին պնդումներով, որոնք տարիների ընթացքում վերածվում են կարծրատիպերի և թուլացնում ծխախոտից հրաժարվելու շարժառիթները:
Ծխողներն իրենց այդ կարծրատիպերին կարող են տարբեր անուններ տալ՝ «ապացույցներ», «հիմնավորումներ», «արդարացումներ» կամ «պնդումներ», Սակայն, իրականում դրանք ոչ այլ ինչ են, քան ծխախոտից չհրաժարվելու սովորական պատրվակներ:
Կոտրում ենք ծխախոտի հետ կապված բոլոր պատրվակները
Պատրվակ 1. Վնասն արդեն հասցված է, իսկ ծխելը դադարեցնելն՝ այլևս անիմաստ
Բազմաթիվ ծխողներ քաջ գիտակցում են, որ ծխելն իրենց մոտ արդեն իսկ բարձրացրել է քաղցկեղների, դիաբետի (շաքարախտ), սրտանոթային և այլ քրոնիկ հիվանդությունների ռիսկը: Նրանք սխալմամբ կարծում են, որ ծխախոտից ձերբազատվելն առողջության համար այլևս որևէ օգուտ տալ չի կարող:
Սակայն փաստերը վկայում են հակառակը. ծխախոտից հրաժարվելու արդեն իսկ առաջին րոպեներից սկսած օրգանիզմը սկսում է վերականգնվել և առողջանալ:
Դուք ինքներդ կզգաք, որ ծխելը դադարեցնելուց ընդամենը մի քանի օր հետո բարելավվել է շնչառությունը և վերականգնվել են համի և հոտառության զգացողությունները: Իսկ ամիսներ և տարիներ անց սկսում է նվազել վաղ մահացության ռիսկը: Այսպիսով, օգուտ և իմաստ միշտ էլ կա:
Ի վերջո, պետք չէ ծխախոտի պատճառով «մոռացության մատնել» ընտանիքի անդամներին, ընկերներին և արհամարհել նրանց առողջությունը: Նույնիսկ եթե համոզված եք, որ չծխելը ձեզ օգուտ չի տալու, ինչո՞ւ վնաս հասցնել հարազտներին՝ նրանց դարձնելով պասիվ ծխողներ: Եվ ինչո՞ւ երեխաների համար սովորական դարձնել ծխով աղտոտված օդը:
Պատրվակ 2. Չծխելով ավելորդ կիլոգրամներ կհավաքեմ
Գիտաբժշկական տվյալները վկայում են, որ նիկոտինը ոչ թե փակում է ախորժակը, այլ խթանում «կալորիաների այրումը»: Ծխելը դադարեցնելուց հետո ավելցուկային քաշ չկուտակելու համար պարզապես պետք է հիշել, որ այսուհետ ավելի քիչ էներգիայի կարիք ունեք: Ընդամենը պետք է ձեր սննդակարգը հարմարեցնել նոր՝ առողջ պայմաններին:
Իհարկե, կարող եք և ավելցուկային կիլոգրամներ հավաքել, եթե ծխախոտը փոխարինեք սննդով: Դրա փոխարեն, ծխախոտից ձերբազատվելուց հետո անցեք քիչ կալորիա պարունակող առողջ սննդատեսակներին և բարձրացրեք ֆիզիկական ակտիվությունը:
Պատրվակ 3. Ես սթրես ձեռք կբերեմ, ինչը պակաս վնասաբեր չէ
Ձեր համոզմունքներից անկախ, գիտական փաստերն ապացուցում են, որ նիկոտինը չի հանգստացնում ուղեղը: Հակումը բավարարելը բնավ սթրեսը հանդարտեցնելը չէ:
Իսկ չե՞ք նկատել, թե ինչպիսի «վատ» սթրեսով եք լցվում մինչև հերթական գլանակն այրելը: Կամ, րոպե առաջ ծխելու և ծխով հագենալու հակումը կարելի՞ է համարել «հանգստացող ուղեղի» զգացում: Իհարկե՝ ոչ:
Չի բացառվում, որ չծխելու առաջին օրերին քիչ դյուրագրգիռ դառնաք: Եթե ամբողջ ուշադրությունը սևեռեք այս զգացողությունների վրա, իհարկե, դրանք նաև կարող են վերածվել իսկական մղձավանջի: Սակայն, դրա փոխարեն կարող եք ուղեղն այլ հարցերով «զբաղեցնել»:
Եթե դադարեցրել եք ծխելը և տանջվում եք հակումից (ծխելու ուժեղ ցանկություն), հիշեք, որ սա բնավ անհաղթահարելի զգացում չէ: Համբերեք 10 րոպե, մի քանի անգամ խոր շունչ քաշեք, զբոսնեք, զբաղվեք ձեր սիրած գործերով և ծխելու ցանկությունն աստիճանաբար կմարի:
Պատրվակ 4. Այս պահը ծխախոտից հրաժարվելու լավագույն ժամանակը չէ
Իհարկե, խորհուրդ է տրվում ծխախոտից հրաժարվել կյանքի ոչ լարված և սթրեսով լի ժամանակաշրջանում, սակայն չարժի սա պատրվակ դարձնեл և ծխելը դադարեցնելու փորձն անընդհատ հետաձգեл:
Ծխախոտից ձերբազատվելու համար ընտրեք մոտակա օրերից մեկը: Դա կարող է լինել ձեր աշխատանքային շաբաթվա կամ արձակուրդի սկիզբը: Հիշեք, թե ինչի հետ եք դուք կապում ծխելը (օրինակ՝ սուրճ ըմպել, գինետուն այցելել, խնջույք և այլն ) և ընտրեք այնպիսի օր, որ կարողանաք խուսափել ծխելուն նպաստող այս գործոններից:
Տեղեկացրեք ընկերներին կամ գործընկերներին այն մասին, որ այլևս չեք ծխելու. սա կբարձրացնի հաջող փորձի շանսը: Նույն կերպ, կարող եք նաև ծխող ընկերներին խնդրել, որ այսուհետ ձեզ ծխախոտ չառաջարկեն և ձեզ մոտ չծխեն:
Պատրվակ 5. Չծխելը կխարխլի իմ սոցիալական կապերն ու կյանքը
Բազմաթիվ ծխողների համար ծխախոտն առօրյա կյանքի կարևոր բաղկացուցիչ մասն է: Դուք կարող եք ձեզ համարել «սոցիալական ծխող», եթե ծխում եք միայն ընկերների շրջապատում կամ միայն այն ժամանակ, երբ գործընկերների հետ ընդմիջում եք անում:
Իհարկե, սոցիալական ծխող լինելու կարգավիճակը կարծես ավելի լավ է, քան օրական 40 գլանակ ծխելը: Սակայն հիշեք, որ վնաս է հասցնում ծխած յուրաքանչյուր մեկ հատիկ գլանակը, և կարելի է ընկերներին հանդիպել ոչ թե ծխելու, այլ պարզապես շփվելու համար:
Պատրվակ 6. Ծխելն ինձ հաճույք է պատճառում
Որոշ մարդկանց համար գլանակը ձեռքում պահելը, այն վառելը կամ առաջին ծուխը ներս քաշելը կարող են թվալ գայթակղիչ կամ հաճույք պատճառող վիճակներ: Այլ մարդիկ էլ դեռևս ծխելը համարվում են մոդայիկ: Դեռահասները կարող են թյուր կարծիք ունենալ, որ ծխախոտը թույլ է տալիս նրանց երևալ իրենց տարիքից ավելի բարձր (ուրեմն՝ ավելի խելացի, համարձակ կամ անկախ): Իրականում, նշվածներից ոչ մեկն էլ ծխախոտի հետ կապ չունեն: Խելացի լինելն այն է, երբ ձեզ և մյուսներին վնաս չեք հասցնում: Ինքնավստահություն կարո՞ղ ենք կոչել այն երևույթը, երբ դուք «ղեկը» վստահել եք ծխախոտին:
Հիշեք, որ բազմաթիվ մարդկանց համար ծխող մարդն ինքնին արդեն հրապուրիչ չէ: Դեղնած մատներ ու եղունգներ, նույնիսկ հեռվից «քթին խփող» մազերից և հագուստից ծխի տհաճ վանող հոտ, գորշացած մաշկ, փայլը կորցրած դեղնած ատամնաշար, խոսելիս՝ բերանից տհաճ դառնահոտ… Խնդիրներ սեռական կյանքում՝ հարուցված ծխախոտից (օրինակ՝ էրեկցիայի խանգարումներ): Կամ այն, որ ձեզ համբուրելը նմանվում է «մոխրամանը համբուրելուն»: Չեք կարծո՞ւմ, որ այստեղ ոչ մի հրապուրիչ բան չկա, եթե ոչ հակառակը:
Ցանկանո՞ւմ եք ուրիշների աչքին ձեր տարիքից ավելի երիտասարդ երևալ, ցանկանո՞ւմ եք ձեր շրջապատին ներկայանալ ձեր կամքով, կենսաուժով ու թարմությամբ՝ ուրեմն դադարեցրեք ծխելը:
Պատրվակ 7. Ես չեմ կարող չծխել, քանի որ ծխախոտից կախված եմ
Իհարկե, այս տողերի մեջ որոշակի ճշմարտություն կա: Եվ վաղուց արդեն «ծխախոտից կախվածությունը» համարվում է այնպիսի ախտորոշում, ինչպիսին է, օրինակ՝ դիաբետը: Եվ ոչ ոք չի պնդում, որ ծխախոտից հրաժարվելը դյուրին գործ է:
Սակայն ուղեղից ոչ մի րոպե մի հեռացրեք այն միտքը, որ անհնարին բան չկա: Հաստատակամ որոշելու դեպքում կկարողանա՛ք մեկընդմիշտ դեն նետել ծխախոտի գլանակը, սիգարը կամ ծխամորճը: Ձեր որոշման հաստատատակամությունը թույլ կտա, որ հաղթահարեք առաջին օրերին ի հայտ եկող, սակայն ժամանակավոր բնույթ կրող որոշ տհաճ երևույթները (դյուրագրգռություն, քնկոտություն, ուշադրության կենտրոնացման դժվարություններ և այլն): Նման դեպքերում բժշկի խորհուրդները կարող են բավականին օգտակար լինել:
Բոլոր դեպքերում, օր օրի վրա այս անցանկալի նշանները իրենց տեղը կզիջեն ձեր նոր՝ առողջ կյանքի իրական հաճույքներին:
Հոդվածը վերանայվել է՝ 29-05-2021