Քթից արտադրություն (քթահոսություն, ռինոռեա)
26-02-2021
2 րոպե

Քթահոսությունը քթից ավելցուկային հեղուկ արտադրությունն է: Այն կարող է լինել որպես ջրիկ թափանցիկ հեղուկ, մացուծիկ լորձ կամ դրանց միջև որևէ այլ բնույթի արտադրուկ:
Քթային արտադրությունը կարող է արտահոսել ձեր քթքվ, քթի խոռոչի ետնամասից հոսել ներս ու ներքև՝ դեպի քիթըմպան:
«Ռինոռեա» և «հարբուխ (ռինիտ)» տերմինները հաճախ օգտագործվում են՝ նկատի ունենալով հենց քթահոսությունը: Իրականում ռինոռեան ջրիկ, հաճախ՝ թափանցիկ քթային արտադրությունն է, իսկ ռինիտը վերաբերվում է քթի լորձաթաղանթի բորբոքմանը: Ռինիտները հաճախ բերում են քթահոսության:
Եթե դուք ունեք քթահոսություն, ապա կարող եք ունենալ կամ չունենալ նաև քթի փակվածություն («լցված քիթ»):
Պատճառներ
Քթահոսություն կարող է պատճառվել քթի խոռոչի հյուսվածքները գրգռող կամ բորբոքող ցանկացած պատճառից: Քթային արտադրության հաճախ հանդիպող պատճառներից են վարակները (օրինակ՝ ընդհանուր մրսածություն (ՍՇՎՎ), գրիպ կամ սինուսիտ) և ալերգիաները: Որոշ մարդկանց մոտ կարող է զարգանալ առանց որևէ տեսանելի պատճառի քրոնիկ քթահոսություն: Նման վիճակը կոչվում է «ոչ ալերգիկ ռինիտ (հարբուխ)» կամ «վազոմոտոր ռինիտ (հարբուխ)»:
Ավելի հազվադեպ քթահոսության պատճառ կարող են դառնալ քթի խոռոչում աճած պոլիպը, օտար մարմինը, ուռուցքը կամ միգրենատիպ գլխացավերը:
Քթահոսության այլ հնարավոր պատճառներից են՝
- Չարգ-Ստրաուսի համախտանիշ (էոզինոֆիլային գրանուլոմատոզ պոլիանգիիտ)
- կորոնավիրուսային հիվանդություն (COVID-19)
- քթի փակվածության դեմ սփրեյների գերօգտագործում
- քթի միջնապատի թեքվածություն (ծռում)
- օդի չորություն
- գրոնուլեմատոզ պոլիանգիիտ (Վեգեների գրանուլոմատոզ)
- հորմոնային շեղումներ
- դեղեր, օրինակ՝ բարձր արյան ճնշման, էրեկտիլ խանգարման, դեպրեսիայի, ցնցումների և այլ հիվանդությունների բուժման դեղամիջոցներ
- զբաղվածության ասթմա
- հղիություն
- շնչառական (ռեսպիրատոր) սինցիտիալ վիրուս (ՌՍՎ)
- ողնուղեղային հեղուկի արտահոսք
- ծխախոտի ծուխ:
Ե՞րբ այցելել բժշկին
Քթահոսությունը կարող է լինել անհանգստացնող և անհարմարավետություն (դիսկոմֆորտ) առաջացնող, սակայն սովորաբար ինքնուրույն լավանում է: Հազվադեպ, քթից արտադրությունը կարող է լինել մեկ այլ ավելի ծանր առողջական խնդրի նշաններից մեկը: Քթահոսությունը կարող է լուրջ ընթացք ստանալ հատկապես նորածինների մոտ:
Չափահասներ
- ձեր գանգատները շարունակվում են ավելի քան 10 օր
- դուք ունեք բարձր ջերմություն
- դուք ունեք դեղնականաչավուն քթային արտադրություն և հարքթային ծոցերի շրջանում ցավ կամ բարձր ջերմություն (սա կարող է վկայել բակտերիալ վարակի մասին)
- դուք ունեք արյունային բնույթի քթային արտադրություն կամ գանգուղեղային տրավմայից հետո մշտական մաքուր արտադրություն:
Երեխաներ
- ձեր երեխան 2 ամսականից փոքր է և ունի բարձր ջերմություն
- ձեր երեխայի քթային արտադրությունը կամ փակվածությունը դժվարացնում են սնունդ ընդունելը կամ բերում են դժվարաշնչության:
Ինքնօգնություն
Մինչև բժշկին այցելելը փորձեք այս պարզ միջոցառումները, որոնք կարող են արդյունավետ կերպով մեղմացնել ձեր գանգատը:
- Փորձեք նուրբ ձևով մաքրել-դատարկել ձեր քթի խոռոչը:
- Խուսափեք հայտնի ալերգեններից (ձեզ մոտ ալերգիկ ռեակցիա առաջացնող գործոններից):
- Եթե ունեք կայուն ջրիկ քթահոսություն, փռշտոց և ջրակալած կամ քոր եկող աչքեր, ապա ամենայն հավանականությամբ ձեր գանգատները կապված են ալերգիայի հետ, և առանց դեղատոմսի վաճառվող հակահիստամինային դեղերը կարող են օգտակար լինել: Դուք կարող եք նաև փորձել կորտիկոստերոիդային կաթիլներ, օրինակ՝ Բուդեզոնիդ, Ֆլուտիկազոն կամ Տրիամցինոլոն: Անպայման ծանոթացեք տեղեկատվական ներդիրին և խորհրդակցեք բժշկի հետ, թե որ դեղը կարող է ձեր վիճակի համար լինել առավել օգտակար:
- Նորածինների և մանկահասակ երեխաների դեպքում օգտագործեք ռետինե ծայրատով ներարկիչ՝ հեռացնելու կուտակված քթային արտադրությունը:
«Հետքթային հոսքը» մեղմացնելու համար (երբ ավելցուկային թուքը կամ լորձը կուտակվում են ձեր ըմպանի ետնամասում) փորձեք հետևյալ միջոցները՝
- խուսափեք տարածված գրգռիչներից, օրինակ՝ ծխախոտի ծուխ կամ օդի խոնավության կտրուկ փոփոխություն
- խմեք առատ ջուր, որը կօգնի քթային արտադրության ջրիկացմանը
- փորձեք քթային աղային սփրեյներ կամ ողողման հեղուկներ:
Հոդվածը վերանայվել է՝ 26-12-2022