Քնաբերները դեղեր են, որոնք նշանակվում են քուն մտնելը և քնած վիճակը պահպանելն օժանդակելու համար:
Անքնության ժամանակ դրանք նշանակվում են միայն բժշկի կողմից:
Քնաբերների մեծ մասը դրսևորում է տարաբնույթ կողմնակի ազդեցություններ:
Քնաբեր հաբերի տեսակները
Որպես կանոն, դեղատներից քնաբեր դեղեր կարելի է գնել միայն բժշկի դեղատոմսով (ռեցեպտ): Թույլ քնաբեր ազդեցությամբ որոշ բուսական ծագման դեղատեսակներ կարող են վաճառվել նաև առանց դեղատոմսի:
Քնաբեր ազդեցությամբ ամենահաճախ նշանակվող դեղերը պատկանում են բենզոդիազեպինների շարքին (Տեմազեպամ, Դիազեպամ, Լորազեպամ և այլն):
Որոշ դեղեր (օրինակ՝ որոշ հակահիստամինայիններ) չեն պատկանում քնաբերների շարքին, սակայն կարող են առաջացնել քնկոտություն (կոչվում է սեդացիա):
Վերջապես, կան բուսական ծագման դեղատեսակներ (օրինակ՝ Կատվախոտի թուրմ), որոնք ունեն ընդհանուր հանգստացնող և թույլ սեդատիվ ազդեցություն և կարող են նպաստել քուն մտնելուն:
Որո՞նք են քնաբերներ խմելու ռիսկերը
Քնաբերների ամենամեծ վտանգը հակում և կախվածություն առաջացնելու ունակությունն է: Սա նշանակում է, որ որոշ ժամանակ ընդունելուց հետո այս դեղերը կորցնում են իրենց քնաբեր ազդեցությունը, սակայն մարդը չի կարողանում նորմալ քուն մտնել առանց նույն այդ դեղերը խմելու:
Ծանր կախվածության ժամանակ քնաբերներ ընդունելը դառնում է անհրաժեշտություն, իսկ դրանց բացակայության ժամանակ զարգանում է քնաբեր հաբեր ընդունելու անդիմադրելի ցանկություն և զրկանքի (հանման) համախտանիշ: Քնաբերներից ծանր կախվածությունը կարող է բարդանալ ցնցումներով:
Քնաբերների մեծ մասը առաջացնում է նաև մշտական (շուրջօրյա) քնկոտություն, հավասարակշռության խանգարումներ, հիշողության թուլացում և ուշադրությունը կենտրոնացնելու հետ կապված խնդիրներ: Այս կողմնակի ազդեցությունների պատճառով մեծանում է ավտոմեքենա վարելիս ճանապարհատրանսպորտային կամ այլ պատահարների վտանգը:
Ինչպե՞ս անվտանգ օգտագործել քնաբերները
Քնաբերների անվտանգությունը երաշխավորող առաջին պայմանն այն է, որ դուք դրանք ընդունեք միայն ձեր բժշկի նշանակման դեպքում:
Եթե բժիշկը ձեզ նշանակել է քնաբեր հաբ, ապա կան դրանց անվտանգությունը բարձրացնող որոշ կանոններ՝
- ձեզ քնաբեր նշանակող բժշկին տեղեկացրեք, եթե ընդունում եք այլ դեղեր կամ ստանում այլ բուժումներ
- ընդունեք միայն ձեզ նշանակած և միայն դեղատնից գնված քնաբերներ
- մի՛ շարունակեք քնաբերների ընդունումը, եթե բժիշկը ձեր նշանակումներից հանել է դրանք
- եթե քնաբերներն ընդունում եք երկար ժամանակի ընթացքում, զրուցեք ձեր բժշկի հետ, թե որն է դրանց օգտագործումը դադարեցնելու լավագույն տարբերակը
- երբեք մի՛ խառնեք քնաբերն ալկոհոլային խմիչքի հետ
- ձեզ նշանակած քնաբեր դեղերը մի՛ տվեք այլ մարդկանց
- բուժման ողջ ընթացքում, առավել ևս՝ քնաբեր դեղեր ընդունած ժամանակ հրաժարվեք ավտոմեքենա վարելուց
- փողոցում քայլելիս ավելի ուշադիր եղեք:
Ինչպե՞ս լավ քնեմ առանց դեղերի օգնության
Գոյություն ունեն ձեր քունը կարգավորղ այլ՝ ոչ դեղորայքային և լրիվ անվտանգ մեթոդներ:
Ծանոթացեք առողջ քնի 10 հմտություններին:
Հոդվածը հրապարակվել է՝ 16-04-2018
Վերջին վերանայում՝ 05-05-2024