Հղիությունից հետո սեռական կյանքը կարող է լինել վերջին բանը, որի մասին կարող եք մտածել: Հասկացեք, թե ինչ ակնկալել և ինչպես վերականգնել ձեր զուգընկերոջ հետ սեռական մտերմությունը:
Ծննդաբերությունից հետո ձեր օրգանիզմի և ապրելակերպի փոփոխությունները կարող են սեռական հարաբերությունն ավելի քիչ հետաքրքրող դարձնել: Ցավոտությունը, քնի պակասը և նորածնին խնամելն, անշուշտ, ունեն իրենց դերը: Սակայն, ժամանակի ընթացքում կանանց մեծամասնությունը որոշում է, որ ցանկանում է վերսկսել սեռական հարաբերությունները:
Անկախ նրանից, տրամադրվա՞ծ եք կամ կարծում եք, որ կարելի է համբերել, ահա թե ինչ է պետք իմանալ հղիությունից հետո սեռական գործունեությանը վերադառնալու մասին:
Երեխայի ծնվելուց հետո որքա՞ն շուտ կարող եմ հարաբերություն ունենալ
Ծննդաբերությունից հետո սեռական հարաբերությունների հետաձգման պարտադիր վերջնաժամկետ չկա: Բայց սովորական խորհուրդն այն է, որ համբերեք՝ քանի դեռ ձեր բժշկի մոտ այցի չեք գնացել, որ ստուգեք ձեր հետծննդաբերական առողջությունը: Սա ճիշտ է ինչպես հեշտոցային ծննդաբերությունների, այնպես էլ կեսարյան հատումների համար:
Ծննդաբերության հետ կապված առողջական խնդիրների առաջացման ռիսկն ամենաբարձրն է ծննդաբերությունից հետո առաջին երկու շաբաթվա ընթացքում: Սակայն սեռական հարաբերության համար նշվածից ավելի երկար սպասելը ձեր օրգանիզմին վերականգնվելու համար ավելի շատ ժամանակ է ընձեռում: Նախքան սեռական հարաբերություն ունենալը, համոզվեք, որ ձեր հեշտոցային պատռվածքները լավացել են և օգտագործում եք հակաբեղմնավորիչ միջոցներ, եթե չեք ցանկանում նորից հղիանալ:
Ծննդաբերությունից հետո սեռական հարաբերությունները դժվարացնող կամ ոչ ցանկալի դարձնող տարածված ախտանիշներից են՝
- հեշտոցային արտադրություն
- հեշտոցային պատռվածքներ
- հեշտոցի չորություն
- ցավ
- ցածր սեռական ցանկություն:
Եթե ունեցել եք հեշտոցի պատռվածք, որը վերականգնվել է վիրահատական միջամտությամբ (օրինակ՝ կար է դրվել), բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ նախքան սեռական հարաբերություն ունենալը անցնեք բուժզննում՝ ստուգելու, որ պատռվածքը լիարժեք ապաքինվել է: Կամ ձեզ կարող է առաջարկել ավելի երկար սպասել՝ հետծննդաբերական լիարժեք վերականգնման համար:
Արդյո՞ք հարաբերությունը կարող է վնաս պատճառել
Ձեր օրգանիզմում ընթացող հորմոնային փոփոխությունները կարող են հանգեցնել ձեր հեշտոցի չորության և ցավոտության: Սա կարող է հատկապես տեղ գտնել, եթե կրծքով կերակրում եք: Նման վիճակները կարող են սեռական հարաբերությունները դարձնել անհարմարավետ և ոչ ցանկալի:
Դուք կարող եք սեռական հարաբերության ժամանակ որոշակի ցավ զգալ, եթե ծննդաբերությունից հետո հեշտոցում կամ շրջակա հյուսվածքներում ունեք սպիական փոփոխություններ: Ցավեր նաև կարող են առաջանալ, եթե դեռևս ապաքինվում եք հեշտոցի կամ հեշտոցի և հետանցքի միջև ընկած հատվածի պատռվածքից: Սեռական հարաբերությունը նաև կարող է ցավոտ լինել, եթե ձեզ էպիզիոտոմիա են կատարել (ծննդաբերության ժամանակ հեշտոցի և հետանցքի միջև եղած հյուսվածքի հատում):
Ծննդաբերությունից հետո սեռական հարաբերություններն ավելի հարմարավետ դարձնելու համար հետևեք այս խորհուրդներին:
- Թեթևացրեք ցավը․ նախքան հարաբերություն ունենալը քայլեր ձեռնարկեք ցավը նվազեցնելու համար: Օրինակ՝ ընդունեք տաք լոգանք, խմեք ցավազրկող դեղամիջոց և համոզվեք, որ ձեր միզապարկը դատարկ է։ Եթե սեռական հարաբերությունից հետո այրող զգացողություն ունեք, սրբիչով փաթաթված սառույց դրեք անհարմարություն ստեղծող շրջանի վրա:
- Օգտագործեք քսանյութ (լուբրիկանտ). սա կարող է օգնել, եթե ունեք հեշտոցային չորություն: Այն կանանաց համար, ովքեր նախկինում քսանյութի կարիք չեն ունեցել, սովորական է, որ երեխայի ծնվելուց հետո որոշ ժամանակ դրա կարիքն առաջանա:
- Փորձարկումներ. խոսեք ձեր զուգընկերոջ հետ հեշտոցային հարաբերությունից բացի այլ սեռական գործունեությամբ զբաղվելու մասին, ինչպիսինք են մերսումը, բերանային (օրալ) սեքսը կամ փոխադարձ ձեռնաշարժությունը: Տեղեկացրեք ձեր զուգընկերոջը, թե ինչնից եք լավ զգում, և ինչից՝ ոչ:
- Մի՛ շտապեք. փորձեք չշտապել: Բավարար ժամանակ հատկացրեք սեռական հարաբերության համար: Եվ գտեք ժամանակ, երբ դուք ձեզ հանգիստ և թուլացած եք զգում՝ պատրաստ սեռական մտերմությանը:
Եթե հարաբերությունները շարունակում են ցավոտ լինել, պայմանավորվեք և այցելեք ձեր բժշկին՝ խոսելու որևէ բուժման մասին, որը կարող է ձեզ օգնել:
Արդյո՞ք սեռական հարաբերությունն այլ զգացողություններ կառաջացնի
Հղիությունը, ծննդաբերությունը և ծննդալուծումը կարող են գերձգել կամ վնասել կոնքահատակի մկանները: Այս մկանները պահում (ամրացնում) են արգանդը, միզապարկը, բարակ աղին և ուղիղ աղիքը: Կոնքահատակի շրջանի վնասվածքը կարող է ազդել սեռական հարաբերության զգացողության վրա: Նման դեպքերում կարող է օգտակար լինել կոնքահատակի մկանների տոնուսի վերականգնումը Կեգելի վարժությունների օգնությամբ:
Իմացե՛ք ավելին Կեգելի վարժությունների մասին:
Բազմաթիվ կանայք նաև օգտվում են երեխայի ծնվելուց հետո կոնքահատակի ֆիզիոթերապիայից: Հարցրեք ձեր բժշկին, արդյոք դա կարող է օգտակար լինել ձեզ համար:
Հակաբեղմնավորիչները ծննդաբերությունից հետո
Եթե չեք ցանկանում նորից հղիանալ, միշտ օգտագործեք հուսալի հակաբեղմնավորիչ միջոցներ:
Եթե ձեր ծննդաբերությունից վեց ամսից էլ քիչ է անցել, միայն կրծքով եք կերակրում ձեր երեխային և ձեր դաշտանը չի վերականգնվել, ապա կրծքով կերակրումը կարող է փոքր չափով պաշտպանել հղիությունից: Սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ կրծքով կերակրման հակաբեղմնավորիչ ազդեցությունը բոլորի համար նույնը չէ: Ուստի, ծննդաբերության վերահսկման համար մի՛ ապավինեք միայն կրծքով կերակրմանը:
Հղիության հետ կապված առողջական մտահոգությունների և այլ խնդիրների ռիսկը նվազեցնելու համար որոշ հետազոտություններ առաջարկում են սպասել առնվազն 18 ամիս՝ նախորդ հղիության ավարտից մինչև հաջորդ հղիության սկիզբը: Եթե ցանկանում եք ավելի շատ երեխաներ ունենալ, խոսեք ձեր բժշկի հետ հղիացման այս ժամանակային միջակայքի մասին: Հնարավորության դեպքում, այս հարցով դիմեք ձեր բժշկին նախքան ձեր երեխայի ծնվելը:
Երեխայի ծնվելուց անմիջապես հետո հակաբեղմնավորիչ տարբերակները ներառում են հետևյալը՝
- հակաբեղմնավորիչ իմպլանտ, ինչպիսին է էտոնոգեստրելը (Նեքսպլանոն)
- պղնձե կամ հորմոնային ներարգանդային միջոցներ
- միայն Պրոգեստինով հակաբեղմնավորիչներ, ինչպիսին է ներարկային Մեդրօքսիպրոգեստերոնը (Դեպո-Պրովերա) կամ Նորէթինդրոնը (Կամիլա, Էմզահ և այլն)
- մշտական հակաբեղմնավորիչ հսկողություն, ինչպիսիք են փողերի ստերիլիզացումը, երբ արգանդափողերը մասամբ կամ ամբողջությամբ հեռացվում են, կամ վազէկտոմիան, երբ հատվում և կարվում են ձեր տղամարդ զուգընկերոջ սերմնահեղուկը տանող խողովակները:
Այն հակաբեղմնավորիչ մեթոդները, որոնք պարունակում են և՛ էստրոգեն, և՛ պրոգեստին, ինչպիսիք են հակաբեղմնավորիչ հաբերը, ծննդաբերությունից անմիջապես հետո արյան մակարդուկի (թրոմբի) ավելի մեծ ռիսկ են ներկայացնում: Այլապես առողջ կանանց համար նորմալ է սկսել օգտագործել համակցված հակաբեղմնավորիչ հաբեր և համակցված հորմոնային հակաբեղմնավորիչների այլ տեսակներ ծննդաբերությունից մեկ ամիս հետո:
Ավանդաբար համարվել, որ միաժամանակ էստրոգեն և պրոգեստին պարունակող հակաբեղմնավորիչ մեթոդները նվազեցնում են կրծքով կերակրող կանանց կաթի պաշարը: Սակայն, ավելի վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ ծնելիության վերահսկման այս ձևը այնքան էլ էական ազդեցություն չի ունենում կաթի արտադրության վրա, երբ սկսվում է օգտագործել կաթի լավ արտադրության հաստատումից հետո:
Խոսեք ձեր բժշկի հետ ձեր հակաբեղմնավորիչ միջոցի ընտրության մասին: Սկսեք ձեր զրույցը երեխայի ծնվելուց առաջ, քանի որ ծննդաբերության ժամանակ կարող են տրամադրվել հակաբեղմնավորիչների որոշ տեսակներ: Մյուսները կարող են առաջարկվել նախքան ծննդատնից դուրս գրվելը:
Ի՞նչ անել, եթե հետաքրքրված չեմ սեռական կյանքով
Մտերմության մեջ ավելի շատ բան կա, քան միայն սեռական հարաբերությունը, հատկապես, երբ սկսում ես վարժվել նորածին երեխայի հետ համատեղ կյանքին: Եթե դուք ձեզ սեքսուալ չեք զգում կամ վախենում եք, որ սեռական հարաբերությունը ձեզ կվնասի, խոսեք ձեր զուգընկերոջ հետ: Քանի դեռ պատրաստ չեք սեռական կյանքով զբաղվելուն, կարող եք փորձել կապվել և միմյանց հանդեպ սեր դրսևորել այլ ձևերով: Օրինակ, սիրալիր ժամանակ անցկացրեք միասին առանց երեխայի, նույնիսկ եթե դա առավոտյան ընդամենը մի քանի րոպե է կամ երեխայի քնելուց հետո:
Եթե ծննդաբերությունից հետո որոշակի ընկճվածություն եք զգում, ստուգեք հետծննդյան դեպրեսիայի ախտանիշները: Դրանք կարող են ներառել հետևյալը՝
- ընկճված տրամադրություն, որը չի մեղմանում՝ տխրության կամ հուսահատության զգացում և հաճախ լաց լինելը
- հետաքրքրության կորուստ առօրյա կյանքում, այդ թվում՝ ձեր երեխայի խնամքի հարցերում
- ինքներդ ձեզ կամ ուրիշներին վնասելու մտքեր
- շատ անհանգստանալը կամ սովորականից շատ ավելի անհանգիստ կամ դյուրագրգիռ զգալը
- քնի հետ կապված խնդիրներ
- ախորժակի փոփոխություններ
- մեղքի, ամոթի կամ անհաջողության զգացում
- ուշադրության և կենտրոնանալու խնդիրներ
- հաճախ՝ խիստ հոգնածության զգացում:
Եթե կարծում եք, որ կարող եք ունենալ հետծննդաբերական դեպրեսիա, խոսեք ձեր բժշկի հետ: Այս տեսակի դեպրեսիայի դեմ վաղ բուժում ստանալը կարող է ավելի հեշտացնել վերականգնումը:
Իմացե՛ք ավելին հետծննդաբերական դեպրեսիայի մասին:
Հիշեք, որ ինքներդ ձեր մասին հոգ տանելը կարող է մեծապես օգնել ձեր կիրքը վառ պահելուն:
Հոդվածը հրապարակվել է՝ 05-05-2024
Վերջին վերանայում՝ 07-05-2024