Եթե ծխող եք և դեռ չեք ձերբազատվել ծխախոտից, հղիանալուց առաջ կամ հղիության ընթացքում դրանից հրաժարվելը ձեր երեխային կպարգևի իր կյանքի լավագույն սկիզբը, իսկ ձեզ կդարձնի ավելի առողջ։
Ծխելուց հրաժարվելը երբեք ուշ չէ, քանի որ ծխից ազատ կյանքին անցնելիս դրական առողջական ազդեցությունները սկսվում են ձեր վերջին գլանակը հանգցնելուց արդեն 20 րոպե հետո։ Իհարկե, ավելի լավ է ծխախոտը դեն նետել մինչև ձեր հղիանալը կամ հղիության վաղ փուլերում, սակայն ցանկացած պահին դրանից ազատվելը կբարձրացնի ձեր երեխայի կյանքի ավելի առողջ մեկնարկի հավանականությունը։
Ընդ որում, պետք չէ խնդիրը սահմանափակել միայն մայրանալ ցանկացող կնոջով. ցանկալի է, որ երկու ծնողներն էլ լինեն չծխող, եթե չեն ցանկանում որևէ վնաս պատճառել թե իրենց և թե իրենց ապագա երեխային։ Երկրորդային ծուխը նույնպես կարող է վնասել շրջապատի մարդկանց, ուստի ծխից ազատ տունը նշանակում է ավելի առողջ ընտանիք։
Ծխախոտից ազատվելը կարող է դժվար լինել, սակայն՝ ոչ անիրականանալի, հատկապես եթե ձեր ցանկությունը վերջնական ու կայուն է և կան դա կյանքի կոչելուն օժանդակող նպաստավոր միջավայր և աջակից մարդիկ։
Ծխելը և անպտղությունը
Ծխելուց ձերբազատվելը բարելավում է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց պտղաբերությունը։
Ծխող կնոջ մոտ կարող են առաջանալ հետևյալ առողջական խնդիրները՝
- հղիանալու հետ կապված դժվարություններ
- դաշտանադադարի (մենոպաուզա) վաղ սկիզբ
- քաղցկեղների, այդ թվում՝ արգանդի վզիկի և հեշտոցի քաղցկեղների բարձրացած ռիսկ։
Իսկ ծխող տղամարդիկ կարող են ունենալ՝
- էրեկցիայի հասնելու և պահելու հետ կապված խնդիրներ
- սպերմատոզոիդների թվաքանակի նվազում
- սպերմատոզոիդների ԴՆԹ-ի վնասում, որը նորածնի մոտ կարող է առաջացնել բնածին առողջական խնդիրներ։
Ինչպես է ծխելը վնասում ձեր ապագա երեխային
Ծխող հղի կնոջ չծնված երեխան ենթարկվում է տարբեր քիմիական նյութերի վտանգավոր ազդեցությանը։ Պատկերավոր ասած, ամեն անգամ, երբ դուք ծխում եք, ծխում է նաև ձեր չծնված երեխան, քանի որ նիկոտինը և մյուս նյութերն անցնում են ընկերքով (պլացենտա) և հայտնվում պտղի օրգանիզմում։
Ծխելը բացասաբար ազդում է ոչ միայն ձեր, այլև ձեր ապագա երեխայի արյան շրջանառության վրա՝ նվազեցնելով վերջինիս արյունամատակարարումը։
Հղիության ընթացքում ծխելը կարող է բարձրացնել հետևյալ խնդիրների առաջացման ռիսկը՝
- վիժում, մեռելածնություն կամ արտաարգանդային հղիություն
- վաղաժամ ծննդաբերություն
- անհաս նորածին
- երեխայի սրտի և թոքերի ախտահարում։
Երեխայի մոտ առողջական խնդիրների ռիսկը մնում է բարձր նաև լույս աշխարհ գալուց հետո. եթե դուք կամ ձեզ հետ բնակվող ընտանիքի անդամներից մեկնումեկը ծխում են, ապա առողջական խնդիրների ռիսկը պահպանվում է: Հանրահայտ փաստերից են՝
- շուրջ եռակի բարձրացած նորածինների հանկարծակի մահվան համախտանիշի ռիսկ
- շնչառական հիվանդությունների, օրինակ՝ ասթմայի բարձր ռիսկ
- գիրության բարձր ռիսկ
- մանկական տարիքի քաղցկեղների, բարձր արյան ճնշման և ալերգիաների բարձր ռիսկ
- միջին օտիտի (ականջի վարակ) բարձր ռիսկ։
Ծխելը և կրծքով կերակրումը
Երբ դուք ծխում եք, նիկոտինը և մյուս վնասակար նյութերը կրծքի կաթի միջոցով մտնում են երեխայի օրգանիզմ։ Այնուամենայնիվ, նույնիսկ եթե դուք շարունակում եք ծխելը, կրծքի կաթը մնում է ձեր երեխայի լավագույն սնունդը։
Երկրորդային ծուխ
Ծխող այլ մարդկանց ծխախոտի ծուխը ևս կարող է վնաս պատճառել թե հղի կնոջը և թե պտղին։ Եթե ընտանիքի ծխող մարդիկ չեն կարողանում դադարեցնել ծխելը, պետք է առնվազն ապահովել ծխից ազատ տուն, և ծխելիս նրանք դուրս գան տնից (և ոչ թե միայն այն սենյակից,որտեղ գտնվում է հղի կինը)։
Նույնը վերաբերվում է ավտոմեքենային (նույնիսկ պատուհանները բացած վիճակում) և փակ տարածքներին։
Ծխախոտից ազատվելուն օժանդակող միջոցներ
Ծխախոտից մեկընդմիշտ ձերբազատվելը լավագույն նպատակն է, որը սակայն, ոչ բոլորի մոտ է առաջին իսկ փորձից հաջողվում։
Կան ծխելը դադարեցնելուն օժանդակող տարբեր մեթոդներ։ Եթե ծխող եք և ինքնուրույն հաջողության չեք հասնում, փորձեք դրանցից մի քանիսը։ Հիշեք, որ ծխելը դադարեցնելու յուրաքանչյուր փորձ ձեզ ավելի է մոտեցում վերջնական նպատակին։ Զրուցեք ձեր բժշկի հետ, թե առկա մեթոդներից որն է նա ձեզ խորհուրդ տալիս։
Ահա ծխելը դադարեցնելու որոշ արդյունավետ տարբերակներ՝
- պարզապես դադարեցնել ծխելը, որի միջոցով բազմաթիվ մարդիկ ձերբազատվել են ծխախոտից
- համացանցում առկա ծրագրեր և ռեսուրսներ, օրինակ՝ բջջային հավելվածներ
- աջակցություն ընտանիքի անդամներից կամ ընկերներից
- դեղատոմսով դուրս գրվող դեղեր, ինչպիսիք են Չամպիքսը (Վարենիկլին) կամ Զայբանը (Բուպրոպիոն), որոնք հղի և կերակրող կանանց խորհուրդ չի տրվում
- նիկոտինային փոխարինող բուժում։
Հիշեք նաև, որ վայփերների կամ էլեկտրոնային գլանակների երկարատև ազդեցությունները դեռ ուսումնասիրված չեն։
Հոդվածը հրապարակվել է՝ 24-04-2019
Վերջին վերանայում՝ 30-04-2024