Կոկորդի ցավը սովորաբար երեխաների վերին շնչուղիների վիրուսային վարակներին ուղեկցող վիճակ է։
Այն հաճախ հանդես է գալիս որպես ընդհանուր մրսածությանը (ՍՇՎՎ, ռուսերեն՝ ОРВИ) ուղեկցող, շատ անգամ՝ վերջինիս 2-3 օր նախորդող վիճակ և դրսևորվում երեխայի կոկորում չորության կամ քերծման զգացողությամբ և ցավով։
Երբ բժիշկը զննում է երեխային և դիտում նրա ըմպանը, նպատակներից մեկն էլ կոկորդի ցավի և դրա հավանական բարդությունների առկայությունը ստուգելն է։
Կոկորդի ցավը հատուկ բուժում չունի, և այն, ինչ օգտակար է մրսածության պարագայում, նույն կերպ կօգնի նաև կոկորդի գրգռման մեղմացմանը։
Քանի դեռ բակտերիալ վարակի առկայությունը չի հաստատվել, հակաբիոտիկների օգտագործումն անօգուտ է։ Երեխային անհանգստություն պատճառող կոկորդի ցավերի ժամանակ, մինչ այդ տեղեկացնելով նրա մանկաբույժին, երեխային կարող եք տալ Պարացետամոլի (Մանկական Թայլենոլ) կամ Իբուպրոֆենի իր տարիքին և կշռին համապատասխան դեղաչափ։
Կոկորդի ցավի հետ կապված գանգատների մեծ մասն ինքնուրույն մեղմանում ու անհետանում է մի քանի օրվա ընթացքում։ Երեխայի հետ միասին այցելեք նրա մանկաբույժին, եթե նրա մոտ կոկորդի ցավն ուղեկցվում է շնչառության խանգարմամբ, կուլ տալու հետ կապված, հետևաբար՝ սնունդ ընդունելու դժվարություններով, խիստ առատացած թքահոսությամբ, պարանոցի լարվածության մեծացմամբ կամ չկարգավորվող բարձր ջերմությամբ։
Իմացե՛ք ավելին ըմպանաբորբի և ըմպանացավի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-04-2019
Վերջին վերանայում՝ 27-04-2024