Վերջին տասնամյակների ընթացքում ինսուլտի կանխարգելման ոլորտում գրանցվել է մեծ առաջընթաց։
Ինսուլտի կանխարգելումը դեղերի միջոցով
Հետազոտությունները վկայում են, որ ինսուլտի կանխարգելման համար կարող են հաջողությամբ օգտագործվել մի շարք դեղեր, որոնցից ամենաարդյունավետները պատկանում են հետևյալ երեք խմբերին՝
- բարձր ճնշման դեղեր (հակահիպերտենզիվներ)՝ ձեր արյան ճնշումը նվազեցնելու համար
- հակաթրոմբոցիտային դեղեր՝ արյան թիթեղիկների (թրոմբոցիտներ) միաձուլման և արյան մակարդուկների (թրոմբ) առաջացումը կանխարգելելու համար
- հակամակարդիչներ, որոնք կանխում են արյան մակարդուկների ձևավորումը կամ առկա թրոմբների մեծանալը։
Նկատի ունեցեք, որ այս դեղերը պետք է ընդունել միայն ձեր բժշկի նշանակմամբ:
Բարձր ճնշման (հակահիպերտենզիվ) դեղեր
Բարձր արյան ճնշման նվազեցումը մինչև նորմալ միջակայք զգալիորեն կրճատում է ինչպես իշեմիկ (զարկերակի խցանում) այնպես էլ հեմոռագիկ (զարկերակի պատռում և ուղեղային արյունազեղում) ինսուլտների զարգացման ռիսկը։
Երբ արյան ճնշումը հնարավոր չէ կարգավորել միայն ապրելակերպը առողջացնելով, բժիշկը կարող է նշանակել նաև որոշ դեղեր։
Հակաթրոմբոցիտային դեղեր
Ագրեգանտները արյան թիթեղիկներից և այլ բաղադրիչներից կազմված մասնիկներ են, որոնք կպչելով միմյանց առաջացնում են փոքր «խցաններ» (միկրոթրոմբ), որոնք այնուհետև մեծանում են՝ ձևավորելով արյան մակարդուկներ (թրոմբ)։ Սա իրականում նորմալ գործընթաց է, որը մեր օրգանիզմն օգտագործում է՝ կանգնեցնելու արյունահոսությունները։
Հակաթրոմբոցիտային դեղերը արգելակում են արյան թիթեղիկների՝ միմյանց միաձուլվելը և դրանով իսկ կանխարգելում ոչ նորմալ մակարդուկների առաջացումը։
Ասպիրինը ինսուլտի կանխարգելման նպատակով նշանակվող ամենահանրաճանաչ հակաթրոմբոցիտային ազդեցությամբ դեղամիջոցն է։ Այն խորհւրդ չի տրվում նշանակել հեմոռագիկ (արյունահոսող) ինսուլտների ժամանակ, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր արյունահոսելու հակում ունեն։
Հակաթրոմբոցիտային այլ դեղերից են Դիպիրիդամոլը, Տիկլոպիդինը և Կլոպեդոգրելը։ Դրանք սովորաբար բժշկի կողմից նշանակվում են նախկինում ինսուլտ կամ տրանզիտոր իշեմիկ գրոհ ունեցած անձանց՝ ներառյալ այն դեպքերը, երբ Ասպիրինը հակացուցված է։
Հակամակարդիչներ (անտիկոագուլյանտներ)
Հակամակարդիչ դեղերն արգելակում են արյան այն բաղադրիչները, որոնք անհրաժեշտ են մակարդուկի ձևավորման համար։ Դեղերի այս խումբն այլ կերպ անվանում են արյունը նոսրացնող դեղեր: Իշեմիկ ինսուլտի կանխարգելման համար ամենաարդյունավետ հակամակարդիչը Վարֆարինն է։
Վարֆարինն օգնում է ինսուլտի կանխարգելմանը՝ արգելակելով առկա մակարդուկների մեծացումը և նոր մակարդուկների ձևավորումը։ Այս դեղը նշանակվում է նաև մեծ տարիք ունեցող անձանց, ովքեր ունեն շողացող առիթմիա։
Ինսուլտի կանխարգելումը վիրահատության միջոցով
Գլխուղեղը սնուցող երկու խոշոր արյունատար անոթները պարանոցի երկու կողմերով անցնող քնային զարկերակներն են (կարոտիսներ)։ Դրանք կարող են նեղանալ աթերոսկլերոզի պատճառով, երբ անոթի պատին կուտակված խոլեստերինային և ճարպային այլ նյութերից ձևավորվում են անոթի լուսանցքը նեղացնող «վահանիկներ»։
Եթե ձեր քնային զարկերակները մասամբ խցանված են, բժիշկը կարող է առաջարկել վիրահատական բուժում (էնդարտերէկտոմիա), որը կարող է կանխարգելել հնարավոր իշեմիկ ինսուլտի զարգացումը։ Վիրահատության նպատակը զարկերակի նեղացած հատվածները աթերոսկլերոզային վահանիկներից մաքրելն է և անոթի անցանելիության վերականգնումը։
Հոդվածը հրապարակվել է՝ 16-04-2019
Վերջին վերանայում՝ 02-06-2024