Ինսուլտի կանխարգելման լավագույն ուղին առողջ սննդակարգն է, կանոնավոր ֆիզիկական վարժանքները, ինչպես նաև ծխախոտից և ալկոհոլի չարաշահումից հրաժարվելը։
Առողջ սննդակարգ
Անառողջ սննդակարգը ինսուլտի զարգացման հիմնական ռիսկի գործոններից մեկն է։ Հագեցած ճարպերով հարուստ մթերքները կարող են նպաստել անոթների պատի աթերոսկլերոզային վնասմանը և բերել գիրության, որը համարվում է բարձր արյան ճնշման (հիպերտենզիայի) ռիսկի գործոն։
Հակառակ դրան, ինսուլտի կանխարգելման համար խորհուրդ է տրվում քիչ յուղայնության և բջջանքով հարուստ սննդակարգ, ներառյալ թարմ բանջարեղեններն ու մրգերը (օրական 5 չափաբաժին), ինչպես նաև ամբողջահատիկ մթերքները։ Դուք պետք է նաև սահմանափակեք կերակրի աղի օգտագործումը և նկատի ունենաք, որ հագեցած ճարպերով հարուստ սննդակարգը կարող է բարձրացնել ձեր արյան խոլեստերինի մակարդակը։
Հիշեք նաև, որ ձեր հավասարակշռված սննդակարգը պետք է ներառի չհագեցած ճարպեր, որոնք կարող են օգնել ձեր խոլեստերինի մակարդակի կարգավորմանը։
Կանոնավոր վարժանքներ
Առողջ սննդակարգը կանոնավոր ֆիզիկական վարժանքների հետ զուգակցելը առողջ քաշը պահպանելու լավագույն ուղին է։ Առողջ քաշը նվազեցնում է բարձր արյան ճնշման ռիսկը։
Ավելին, կանոնավոր ֆիզիկական վարժանքները ամրապնդում են ձեր սրտանոթային համակարգը՝ միաժամանակ նվազեցնելով խոլեստերինի մակարդակը և պահպանելով ձեր արյան ճնշումը ցանկալի միջակայքում։
Մարդկանց մեծ մասի համար խորհուրդ է տրվում շաբաթվա օրերի մեծ մասը առնվազն 30 րոպե տրամադրել չափավորից մինչև ծանր ֆիզիկական վարժանքներին։ Եթե ինսուլտից հետո վերականգնման փուլում եք, ձեր բժշկի հետ միասին մշակեք ֆիզիկական վարժանքների ձեր անհատական շ։
Ծխախոտից հրաժարում
Ծխախոտը կրկնապատկում է ինսուլտի ռիսկը։ Պատճառը անոթների աթերոսկլերոտիկ ախտահարումն է, որն իր հերթին նպաստում է մակարդուկների առաջացմանը (թրոմբ) և զարկերակների խցանմանը։
Ալկոհոլի սահմանափակում
Ալկոհոլի չարաշահումը՝ մեծ քանակների կամ հաճախակի օգտագործումը կարող է հանգեցնել բարձր արյան ճնշման և սրտի անկանոն աշխատանքի (շողացող առիթմիա)։ Այս երկու վիճակներն էլ համարվում են ինսուլտի զարգացման կարևոր ռիսկի գործոններ։
Ալկոհոլը համարվում է էներգետիկ խմիչք (հարուստ է կալորիաներով), ուստի կարող է նպաստել ավելորդ կիլոգրամներ հավաքելուն։ Ալկոհոլի մեծ քանակների օգտագործումը ավելի քան երեք անգամ մեծացնում է ինսուլտի հավանականությունը։
Հոդվածը հրապարակվել է՝ 16-04-2019
Վերջին վերանայում՝ 02-06-2024