Ավշային գեղձերը կամ հանգույցները կարող են այտուցվել և մեծանալ տարբեր պատճառներով։
Եթե ձեր ավշագեղձերը մեծացել են վիրուսային վարակի պատճառով, ապա վիրուսը «նահանջելիս», առանց որևէ հատուկ բուժման, ձեր հանգույցները կփափկեն և կփոքրանան։ Եթե դուք համոզված չեք, թե ինչու են ձեր ավշային գեղձերն այտուցվել կամ դարձել են ցավոտ, ժամանակի ընթացքում ավելի են մեծանում կամ ուղեկցվում են ինքնազգացողության վատացմամբ, ապա պետք է դիմել ձեր բժշկին։
Ի՞նչ են ավշային հանգույցները
Ավշային գեղձերը ձեր ավշային համակարգի մի մասն են։ Այս համակարգը, այդ թվում՝ ավշային գեղձերը պայքարում են օրգանիզմ ներթափանցած վարակի դեմ։ Հանգույցներում տեղի է ունենում ավշի՝ օրգանիզմի կենսահեղուկներից մեկի զտում։
Դուք կարող եք այտուցված ավշագեղձեր ունենալ մարմնի տարբեր շրջաններում, բայց ավելի հաճախ դրանք շոշափվում են ձեր պարանոցի երկու կողմերում, թևատակում կամ աճուկներում։
Ինչո՞ւ են այտուցվում
Ավշագեղձերը կարող են այտուցվել տարբեր պատճառներով։ Դրանց մեծ մասը առողջական լուրջ խնդիր չի ներկայացնում։
Այտուցված հանգույցները սովորաբար վկայում են այն մասին, որ ձեր իմունային համակարգը պայքարում է մոտակա տեղակայված որևէ վարակի դեմ։ Օրինակ, եթե դուք ունեք վիրուսային ծագման կոկորդի ցավ (ֆարինգիտ), ապա կարող են այտուցվել ու մեծանալ ձեր պարանոցի հանգույցները, իսկ եթե վարակային բորբոքումն ընդգրկել է ձեր ոտքը, ապա իրենց զգացնել կտան ձեր նույն կողմի աճուկային հանգույցները։
Ավշագեղձերի այտուցվածության պատճառներից են՝
- վիրուսներ (ներառյալ՝ մոնոնուկլեոզ)
- էկզեմա
- վերքեր կամ խորը քերծվածքներ
- միջատների խայթոցներ
- այրվածքներ
- բակտերիալ վարակներ, օրինակ՝ տոնզիլիտ (նշագեղձերի բորբոքում)
- քաղցկեղ (լիմֆադենոպաթիա)։
Այտուցված ավշագեղձերով 100 մարդուց միայն 1-ի մոտ կամ ավելի ցածր հաճախականությամբ կարող է լինել քաղցկեղ։ Երիտասարդների մոտ քաղցկեղի այս ցուցանիշն էլ ավելի ցածր է։
Այտուցված հանգույցների ախտորոշումը
Եթե այտուցված գեղձերի կապակցությամբ այցելել եք ձեր բժշկին, ապա նա ձեր գանգատների և ախտանիշների մասին կտա որոշ հարցեր, որից հետո կզննի ձեզ, այդ թվում՝ կշոշափի ձեր մատնանշած և այլ շրջանները։
Եթե ավշագեղձերի մեծանալը կապված է որևէ վարակի հետ, բժիշկը կարող է ձեզ առաջարկել վերջինիս հայտնաբերման որևէ հետազոտություն։
Որոշ դեպքերում բժիշկը կարող է ձեզ առաջարկել արյան թեստեր, պատկերային հետազոտություններ, իսկ քաղցկեղ կասկածելիս՝ նաև ախտահարված հանգույցի բիոպսիա։
Այտուցված հանգույցների բուժումը
Եթե ձեր հանգույցների այտուցվածության պատճառը վիրուսային վարակն է, ապա որևէ բուժման կարիք չկա։ Հիվանդության մեղմացմանը զուգահեռ ձեր հանգույցները կփոքրանան, թեև գուցե իրենց նորմալ չափին վերադառնան ավելի ուշ՝ մի քանի շաբաթ անց։
Եթե ձեզ մոտ ախտորոշվում է որևէ բակտերիալ վարակ, բժիշկը կնշանակի հակաբիոտիկ։
Վերջապես, եթե ձեր հանգույցներն այտուցվել և մեծացել են քաղցկեղային որևէ հիվանդության պատճառով, ապա բուժումը կկազմակերպվի ոչ թե այդ հանգույցների, այլ քաղցկեղի բուժման ուղղությամբ։
Հոդվածը հրապարակվել է՝ 01-05-2019
Վերջին վերանայում՝ 30-04-2024