Հղիության ժամանակ ընթացող հորմոնային փոփոխությունները կարող են ձեր լնդերը դարձնել հեշտ գրգռվող կամ բորբոքվող:
Եթե նկատում եք, որ ձեր լնդերը կարմրել են, դարձել փխրուն և ատամները խոզանակով մաքրելիս հեշտ արյունահոսում են, հավանական է, որ ձեր օրգանիզմն ատամնափառի նկատմամբ դրսևորվում է գերռեակցիա:
Մինչև հղիությունը
Շատ կարևոր է, որ ատամների և լնդերի խնամքը սկսվի մինչև ձեր հղիանալը: Ապացուցված է, որ առկա է կապ հղի կանանց մոտ լնդային հիվանդության և թերքաշ երեխայի վաղաժամ ծննդաբերության միջև, որը կարող է նրա մոտ բարձրացնել մի շարք հիվանդությունների զարգացման ռիսկը: Հետազոտությունները վկայում են, որ լնդային հիվանդությունները կարող են նպաստել յուրաքանչյուր 100 վաղաժամ ծննդաբերության դեպքերից 18-ի զարգացմանը:
Օրական երկու անգամ ձեր ատամներն ու լնդերը մաքրեք ատամի խոզանակով ու մածուկով: Օգտագործեք փափուկ գլխիկով խոզանակ և ֆտոր պարունակող մածուկ:
Լավ միտք է նաև մինչև հղիությունն ատամնաբույժին այցելելը: Հղիության պլանավորման շրջանում ատամների ու լնդերի առկա հիվանդությունները բուժելը կարող է օգնել, որ հղիության ընթացքում դրանք մնան առողջ և կրճատվի վաղաժամ ծննդաբերության ռիսկը: Իհարկե, ավելի հարմար է առողջական խնդիրը բուժել մինչև հղիանալը, քան հղի վիճակում, քանի դեռ չեն առաջացել հղիության հատկապես վաղ փուլերին բնորոշ առավոտյան սրտխառնոցը և ընդհանուր թուլությունը:
Ատամների հետ կախված խնդիրների բուժում
Կարևոր է նաև, որ դուք չդադարեք ձեր ատամնաբույժին այցելելը նաև հղիության ընթացքում: Ատամների առողջությունը մեծ ազդեցություն ունի ձեր ընդհանուր առողջության վրա, ուստի հղիության ընթացքում ատամների խնամքը երբեք պետք չէ անտեսել:
Եթե հղի եք կամ կասկածում եք, որ հղի եք, ատամնաբույժի հետ պայմանավորվելիս տեղեկացրեք նրան այդ մասին: Մի՛ թերագնահատեք ատամնաբույժի տեղեկացված լինելը, քանի որ նա կարող է ձեր հղի կարգավիճակի մասին չիմանալով նշանակել տետրացիկլինային և այլ հակաբիոտիկներ, որոնք վնաս պատճառեն ձեր ապագա երեխային: Խնդրեք նրան, որ ստուգի ձեր լնդերը և խորհուրդ տա, թե ամենօրյա խնամքի ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել հղիության ընթացքում:
Ատամների բուժման հիմնական մեթոդները հղիության ընթացքում բավականին անվտանգ են, սակայն հնարավորության դեպքում պետք է խուսափել ռենտգեն հետազոտությունից կամ հակառակ դեպքում ձեռնարկել ձեր երեխայի՝ ճառագայթներից պաշտպանության լրացուցիչ միջոցներ:
Հղիության ընթացքում ատամների բուժման միջամտությունների ժամանակ ավելի հավանական է, որ ձեզ հարմար լինի ատամնաբուժական աթոռի պառկած դիրքը:
Ատամների խնամք
Բերանի խոռոչի պատշաճ հիգիենան և խնամքն առավել կարևորություն են ստանում հղիության ընթացքում: Ատամնափառի առաջացումը կամ կուտակումը կանխարգելելու համար օրական երկու անգամ լավ մաքրեք ձեր ատամներն ու լնդերը խոզանակով և ֆտոր պարունակող ատամի մածուկով: Հիշեք, որ ֆտորը վտանգ չի ներկայացնում ինչպես ձեզ, այնպել էլ երեխային:
Մաքրեք ձեր ատամներն առավոտյան՝ նախաճաշից հետո և երեկոյան՝ անկողին մտնելուց առաջ: Օրվա մեջ մեկ անգամ կարող եք նաև ատամնաթելով (ֆլոս) մաքրել միջատամնային ճեղքերը:
Որոշ հղի կանայք կարող են ատամները խոզանակով մաքրելիս նշել ինքնազգացողության քիչ վատացում: Նման դեպքում փորձեք ավելի փոքր գլխիկով և ավելի փափուկ ու կարճ մազիկներով խոզանակ, որը նախատեսված է երեխաների համար: Դուք կարող եք նաև տեղափոխել ատամների մաքրման ժամը, եթե առավոտյան նախաճաշից հետո առաջանում է սրտխառնոց: Ատամների հետին մակերեսները մաքրելիս ուշադրություն դարձրեք ձեր շնչառությանը և մի պահեք ձեր շունչը:
Եթե, այնուամենայնիվ, ատամի մածուկն առաջացնում է սրտխառնոց կամ ինքնազգացողության վատացում, փոխեք այն՝ դարձնելով ավելի մեղմ կամ ոչ սուր հոտով ու չեզոք համով: Ծայրահեղ դեպքում մաքրեք ատամներն ու լնդերը խոզանակով՝ առանց մածուկ օգտագործելու, սակայն սրտխառնոցի և մյուս գանգատների անհետացումից հետո առանց հետաձգելու վերադարձեք ֆտորային մածուկին:
Ձեր ատամների և լնդերի առողջությունը պահպանելու համար դուք պետք է նաև՝
- շատ ջուր խմեք. ծորակի ջրում առկա ֆտորը կարող է ամրացնել ձեր ատամները և օգնել կարիեսի կանխարգելմանը (այս ֆտորը ձեր երեխայի համար վտանգ չի ներկայացում)
- բացառեք քաղցրահամ հեղուկները
- ձեր սննդակարգում ավելացնեք տարբեր սննդարար մթերքներ. իմացեք ավելին հղիության ընթացքում առողջ սննդակարգի կարևորության մասին
- օրական առնվազն 4 չափաբաժին կալցիումով հարուստ սննդամթերքներ ուտեք. հանրահայտ օրինակներից են կաթը և կաթնամթերքը, որոնց կալցիումը կարևոր նշանակություն ունի ձեր երեխայի ատամների և ոսկրերի աճի ու զարգացման համար (250 մլ կաթը համարվում է 1 չափաբաժին):
Սննդային հակումների և առավոտյան սրտխառնոցի հաղթահարում
Հղիության վաղ փուլերում ի հայտ եկող առավոտյան սրտխառնոցը կարող է բերել փսխման կամ ստամոքսային ռեֆլյուքսի (այրոցք, ռուսերեն՝ изжога): Երբ դուք փսխում եք կամ ունեք ռեֆլյուքս, ստամոքսի թթվային պարունակությունը կարող է շփվել ձեր ատամների հետ՝ թուլացնելով դրանց էմալը և նպաստելով ատամների էմալազրկմանն ու կարիեսի առաջացմանը:
Նման դեպքերում՝
- փսխումից կամ ռեֆլյուքսից հետո առնվազն 30 րոպե խոզանակով մի մաքրեք ձեր ատամները և դրանց էմալին «թթվային գրոհից» վերականգնվելու ժամանակ տվեք
- փսխելուց հետո մի ողողեք բերանը ջրով, իսկ շնչառությունը թարմացնելու համար պարզապես ատամներն օծեք քիչ քանակով ֆտոր պարունակող ատամի մածուկ:
Հղիության ընթացքում դուք կարող եք նաև նշել որոշ սննդամթերքներ ուտելու կամ փորձելու նկատմամբ մեծ ցանկություն կամ հակում, որոնք կարող են լինել քացրահամ կամ թթու (օրինակ՝ նարնջի կամ այլ մրգահյութեր) և բացասաբար ազդել ձեր ատամների առողջության վրա:
Այսպիսի հետևանքները կանխարգելելու համար՝
- ընտրեք այնպիսի սննդամթերքներ, որոնք աղքատ են շաքարից, ճարպերից և աղից, սակայն բջջանքով հարուստ են
- խմեք ծորակի ջուր՝ հյութերի փոխարեն
- ճաշերի միջև ողողեք ձեր բերանը ծորակի ջրով:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-04-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024