Եկեք ազնիվ լինենք. ալկոհոլային խմիչքը մեզ հաճույք է պատճառում և հեշտացնում է շփումները:
Սակայն, եկեք նաև չմոռանանք, որ ալկոհոլը, հատկապես հաճախակի կամ մեծ քանակներով ընդունելիս կարող է վնասվածքների, դժբախտ պատահարների, ընտանեկան և աշխատանքային անախորժությունների ու հակասությունների, իսկ ժամանակի ընթացքում՝ նաև առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ:
Ձեզ ենք ներկայացնում ալկոհոլի օգտագործման 7 «հնարքներ», որոնք հնարավորինս անվտանգ կդարձնեն ոգելից խմիչքների օգտագործումը:
1. Քաջատեղյակ եղեք ալկոհոլի վնասների մասին
Ոգելից խմիչքը կարող է դառնալ առողջ ապրելակերպի մի մասը, եթե բավականաչափ տեղեկացված եք ալկոհոլի ազդեցությունների մասին և ըմբնռում եք դրա անվտանգ օգտագործման նշանակությունը:
Տարբեր ուղեցույցների համաձայն առողջ մարդկանց կողմից օրվա ընթացքում առավելագույնը 2 «ստանդարտ» չափ, իսկ մեկ առիթի ընթացքում (հաջորդաբար)՝ ոչ ավելի քան 4 «ստանդարտ» չափ ալկոհոլ օգտագործելը համարվում է ընդունելի։
Ալկոհոլի ընդունման ստանդարտ չափ (ումպ, անգլերեն՝ drink) է համարվում մաքուր ալկոհոլի (էթիլ սպիրտի) 10 գրամը, որը մեր օրգանիզմը կարող է յուրացնել մոտ 1 ժամվա ընթացքում: Սակայն, ինչպես ալկոհոլի ստանդարտ չափը, այնպես էլ խմված ալկոհոլի յուրացման արագությունը կախված են մարդու տարիքից, սեռից, մարմնի զանգվածից և այն հանգամանից, թե ինչպես է ալկոհոլի ազդեցության ներքո նրա ինքնազգացողությունը փոփոխվում:
Օրվա ստանդարտ չափից ավելի շատ ալկոհոլ օգտագործելը բարձրացնում է դժբախտ պատահարների, վնասվածքների կամ հաջորդ օրը վատ ինքնազգացություն ունենալու (խումհար, похмелье) ռիսկը: Իսկ ալկոհոլի թույլատրելի չափը մշտական գերազանցելը (ալկոհոլի վնասաբեր օգտագործում կամ ալկոհոլի չարաշահում) ժամանակի ընթացքում բարձրացնում է ծանր քրոնիկ հիվանդությունների ռիսկը, ինչպիսիք են բարձր արյան ճնշումը, ինսուլտը, սրտամկանի ինֆարկտը և շաքարային դիաբետը։
2. Ալկոհոլ խմելուց առաջ (և ընթացքում) սնունդ ընդունեք
Ձեր խմած ալկոհոլն արյան մեջ հայտնվում է՝ ներծծվելով ստամոքսում և բարակ աղիում: Եթե ալկոհոլ օգտագործելիս ստամոքսը դատարկ է, ալկոհոլն ավելի արագ է ներծծվում արյան մեջ և կողմնակի ազդեցություններն էլ ավելի արագ և բուռն են զարգանում (թերևս, հանրահայտ փաստ է, որ դատարկ ստամոքսով խմելիս մարդիկ շուտ են հարբում):
Ահա թե ինչու առաջին բաժակ ալկոհոլն ընդունելուց առաջ մի փոքր սնունդ ընդունելը հրաշալի միտք է: Ալկոհոլը սննդի հետ զուգակցելու օգտակարությունն ավելի է բարձրանում այն ժամանակ, երբ դուք՝
- խմում եք մեծ քանակով հեղուկներ
- ալկոհոլը չեք խառում շաքարի, քաղցր և այսպես կոչված էներգետիկ ըմպելիքների հետ
- խուսափում եք աղի խորտիկներից, որը ծարավի զգացում է առաջացնում և կարող է կրկին ալկոհոլային խմիչք, օրինակ՝ գարեջուր խմելու ցանկություն արթնացնել:
3. Հաշվեք խմած բաժակների թիվը
«Մոռացության գիրկն ընկնելը» և նախատեսվածից ավելի շատ ալկոհոլ խմելը շատ ավելի հեշտ է, քան կարծում եք: Ալկոհոլի ստանդարտ չափ է համարվում միջին թնդության գարեջրի մեկ բաժակը կամ 100 մլ գինին կամ 30 մլ ալկոհոլային թունդ խմիչքը (օղի, կոնյակ, տեկիլա, վիսկի և այլն)։ Հիշեք, որ ակումբներում և բառերում առաջարկվող ոգելից խմիչքները սովորաբար մատուցվում են 1 ստանդարտ չափը գերազանցող քանակներով:
Ֆիքսեք ալկոհոլի քանակի ձեր վերին սահմանաչափը: Մի՛ փորձեք խմել բոլոր կենացները կամ հասնել շատ ալկոհոլ օգտագործող ձեր սեղանակիցներին: Եվ ոչ թե պարբերաբար ավելացրեք ձեր բաժակի պարունակությունը, այլ ըմպեք մինչև վերջ, որ բաժակների հաշիվը չխառնեք:
4. Թուլացրեք ալկոհոլի ազդեցությունը ոչ ալկոհոլային ըմպելիքներով
Արյան մեջ ալկոհոլի խտությունը (կոնցենտրացիա) ուղղակիորեն կապված է դրա ներգործության ուժի հետ: Որքան արյան մեջ ալկոհոլի տոկոսը բարձր եղավ, այդքան էթիլ սպիրտի ազդեցությունն ավելի ուժեղ կդրսևորվի:
Հիշեք կրկին, որ ձեր օրգանիզմը միջին հաշվարկով մեկ ստանդարտ չափ ալկոհոլը յուրացնում է մեկ ժամում: Սա նշանակում է, որ մեկ ժամվա մեջ ավելի քան մեկ չափ ալկոհոլ ընդունելով դուք ավելի եք բարձրացնում արյան մեջ ալկոհոլի խտությունը՝ ուժեղացնելով վերջինիս բացասական ներգործությունը գլխուղեղի և մյուս օրգան-համակարգերի վրա:
Դուք կարող եք այս երևույթից խուսափել հետևյալ պարզ քայլերով՝
- ալկոհոլային խմիչքը զուգակցեք ոչ ալկոհոլային (ոչ քաղցր) ըմպելիքների հետ
- մինչև ալկոհոլ ընդունելը ջուր խմեք
- ընտրեք թույլ ալկոհոլային խմիչքներ
- ոգելից խմիչքն ընդունեք փոքր կումերով և ոչ հաճախակի, այլ ոչ թե միանգամից՝ մի շնչով:
5. Խուսափեք ազարտային խաղերից
Կազինոները և ազարտի հետ կապված այլ միջավայրերը կարող են ստիպել, որ ավելի հաճախակի դատարկեք ալկոհոլով լի բաժակները՝ անցնելով մեկ օրվա ձեր առավելագույն 4 ստանդարտ չափի սահմանագիծը:
Ավելին, խաղատներում և նմանատիպ հաստատություններում ձեզ նույնիսկ կարող են անվճար խմիչք հյուրասիրել, քանի որ լավ գիտեն՝ ալկոհոլային հարբածությունը կամ ինտոքսիկացիան չեն թողնելու, որ խելամիտ որոշումներ կայացնեք:
6. Երբեք մի՛ համատեղեք խմիչքը և ավտոմեքենան
Ալկոհոլ օգտագործած ժամանակ ավտոմեքենա վարելով դուք վտանգում եք ոչ միայն ձեր, այլև ձեր ուղեկիցների, այլ վարորդների և հետիոտների կյանքը:
Միևնույն ժամանակ, ալկոհոլ օգտագործած վիճակում ավտոմեքենա վարելը Հայսատանում արգելվում է օրենքով և կարող է ձեզ դրամական մեծ տուգանք «պարգևել»:
Ալկոհոլ օգտագործած ժամանակ մեքենա վարելու փոխարեն՝
- մինչև տնից դուրս գալը նախապես պլանավորեք, թե ինչպես եք առանց ձեր մեքենայի վերադառնալու տուն
- ընկերներով որոշեք, թե այդ օրն ով է ստանձնելու սթափ վարորդի դերը
- եթե ուշ եք տուն վերադառնալու, հոգ տարեք, որ տաքսու գումար ունենաք կամ պարզապես օգտվեք հասարակական տրանսպորտից:
7. Ասեք «ոչ», եթե դուք ...
... շատ երիտասարդ եք, հղի եք, կրծքով կերակրող մայր եք, դեղեր եք ընդունում, տրամադրություն չունեք կամ դեպրեսիայի մեջ եք:
Մարդկանց որոշ խմբերի համար ալկոհոլը կարող է դառնալ ավելի վտանգավոր, օրինակ՝ երեխաներ և մինչև 18 տարեկան երիտասարդներ, ում մոտ ալկոհոլային ինտոքսիկացիան կարող է լուրջ հետևանքներ առաջացնել:
Հղիները և կրծքով կերակրողները ալկոհոլ ընդունելով կարող են վնաս հասցնել իրենց ապագա կամ ներկա մանկիկին:
Ալկոհոլը կարող է ձեր ընդունած դեղամիջոցի հետ լավագույն դեպքում՝ ոչ ցանկալի, իսկ ավելի վատ դեպքերում՝ վտանգավոր փոխազդեցություն առաջացնել:
Եվ հիշեք, որ հուզախառն վիճակում ալկոհոլը գուցե ձեզ օգնի, սակայն ավելի հավանական է, որ էլ ավելի խորացնի ձեր հոգեկան խնդիրները:
Հոդվածը հրապարակվել է՝ 20-04-2018
Վերջին վերանայում՝ 05-05-2024