Երկու (զույգ) և ավելի շատ պտուղներով հղի լինելը պահանջում է առանձնահատուկ խնամք: Իմացեք, թե ինչ է սպասվում՝ սկսած սնվելուց և քաշի ավելացումից մինչև հնարավոր բարդություններ:
Եթե ունեք երկվորյակ (զույգ) կամ այլ բազմակի հղիություն, ահա այն, ինչ պետք է իմանալ ձեր և ձեր երեխաների մասին լավ հոգ տանելու համար:
Ինչպե՞ս է առաջանում բազմապտուղ հղիությունը
Երբեմն երկվորյակ (զույգ) կամ եռյակ հղիություն առաջանում է պատահականորեն: Այլ դեպքերում դեր են խաղում առանձնահատուկ գործոնները: Օրինակ, երկվորյակ հղիության հավանականությունը մեծանում է, երբ հղիանում եք ավելի մեծ տարիքում և ձեր օրգանիզմի հորմոնային փոփոխությունները հանգեցնում են ձվազատման (օվուլյացիայի) փուլում մեկից ավելի ձվաբջիջների միաժամանակ ազատման: Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների օգտագործումը, ինչպիսին է արտամարմնային բեղմնավորումը, նույնպես մեծացնում է երկվորյակ կամ այլ բազմապտուղ հղիությունների շանսը:
Երկձվանի (տարբեր ձվաբջիջներից) երկվորյակները՝ երկվորյակների ամենատարածված տեսակը, առաջանում է, երբ երկու առանձին ձվաբջիջներ բեղմնավորվում են երկու տարբեր սպերմատոզոիդներով: Զույգերից յուրաքանչյուրն ունի իր ընկերքը և պտղապարկը: Երկվորյակները կարող են լինել երկու աղջիկ, երկու տղա կամ տղա և աղջիկ:
Միաձվանի (նույն ձվաբջջից) երկվորյակներ առաջանում են, երբ մեկ բեղմնավորված ձվաբջիջը բաժանվում և վերածվում է երկու պտղի: Միաձվանի երկվորյակները կարող են ունենալ ընդհանուր ընկերք և պտղապարկ կամ ունենալ ընդհանուր ընկերք և առանձին պտղապարկեր: Երկու փոքրիկները գենետիկորեն նույնական են։ Նրանք կլինեն նույն սեռի և կունենան միանման ֆիզիկական հատկանիշներ և առանձնահատկություններ: Հազվադեպ, միաձվանի երկվորյակները չեն կարողանում ամբողջությամբ բաժանվել երկու անհատների: Այս երեխաները հայտնի են որպես միացած երկվորյակներ:
Եռյակները և այլ ավելի բարձր կարգի բազմակիները կարող են լինել միաձվանի, երկձվանի կամ երկուսի համակցությամբ:
Երկվորյակ (զույգ) հղիության ախտորոշումը
Երկվորյակ կամ բազմապտուղ հղիությունների մեծ մասը հայտնաբերվում է գերձայնային հետազոտությամբ: Այս հետազոտության ընթացքում օգտագործվում են ձայնային ալիքներ՝ ձեր արգանդի և չծնված նորածնի կամ նորածինների պատկերներ ստեղծելու համար:
Երբեմն սովորական թվացող երկվորյակ հղիությունը հետագայում պարզվում է, որ ունի միայն մեկ պտուղ: Սա հայտնի է որպես անհետացող երկվորյակների համախտանիշ: Նման դրվագը կարող է տխրեցնող, հիասթափեցնող և շփոթեցնող լինել: Հաճախ այս կորստի հստակ բացատրություն չկա:
Ի՞նչ է բազմապտուղ հղիությունը նշանակում ձեզ համար
Ձեր մասին հոգ տանելը ձեր փոքրիկների մասին հոգալու լավագույն միջոցն է: Եթե կրում եք մեկից ավելի պտուղ, կարող եք ակնկալել հետևյալը:
- Ավելի հաճախակի այցեր և ստուգումներ. դուք հաճախակի կհանդիպեք ձեր բժշկին՝ հետևելու ձեր երեխաների աճին և զարգացմանը, վերահսկելու ձեր առողջությունը և ուշադրություն դարձնելու վաղաժամ ծննդաբերության նշաններին: Ձեզ նաև կարող է անհրաժեշտ լինել հաճախակի գերձայնային կամ այլ հետազոտություններ, հատկապես ձեր հղիության զարգացմանը զուգընթաց:
- Քաշի ավելի շատ ավելացում․ ճիշտ չափով քաշ հավաքելը կարող է աջակցել ձեր փոքրիկների առողջությանը: Երկվորյակների համար առաջարկվում է սովորաբար մոտ 17-ից 25 կիլոգրամ այն կանանց համար, ովքեր մինչև հղիությունն ունեցել են նորմալ քաշ: Այս չափին սովորաբար կարելի է հասնել ստանալով օրական հավելյալ 600 սննդային կալորիա: Աշխատեք ձեր բժշկի հետ՝ որոշելու, թե ոչ չափն է ձեր պարագայում նորմալ:
- Ավելի վաղ ծննդալուծում. եթե ծննդաբերությունն ինքնուրույն չի սկսվում, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ ծննդաբերության դրդում կամ խթանում (ինդուկցիա) կամ կեսարյան հատում ձեր երրորդ եռամսյակի որոշակի կետում՝ նույն եռամսյակում բարդությունների ռիսկը նվազեցնելու համար:
Նկատի ունեցեք բարդությունները
Ամեն օր աշխարհում ծնվում են առողջ երկվորյակներ։ Այնուամենայնիվ, կարևոր է տեղյակ լինել հնարավոր բարդությունների մասին: Ահա մի քանի օրինակ:
- Վաղաժամ ծննդաբերություն. որքան շատ երեխաներ եք կրում, այնքան ավելի քիչ հավանական է, որ ձեր հղիությունը կունենա ժամկետային ավարտ: Եթե ունեք վաղաժամ ծննդաբերության նշաններ, ձեզ կարող են առաջարկել ստերոիդ դեղամիջոցի ներարկումներ՝ ձեր երեխաների թոքերի զարգացումը արագացնելու համար: Նույնիսկ այդ դեպքում ձեր երեխան կարող է առնչվել բարդությունների հետ, այդ թվում՝ շնչառական և մարսողական դժվարություններ, տեսողության խնդիրներ և վարակ: Հղիությունը երկարացնելուն ուղղված միջամտությունները, օրինակ՝ անկողնային ռեժիմը, խորհուրդ չեն տրվում, քանի որ ապացուցված չէ, որ դրանք նվազեցնում են նորածինների հիվանդությունները և մահվան ելքը:
- Գեստացիան (հղիության) դիաբետ․ բազմապտուղ հղիությունը բարձրացնում է գեստացիոն դիաբետի ռիսկը: Այս վիճակը հանգեցնում է արյան շաքարի բարձրացման, որը կարող է ազդել ձեր հղիության և ձեր երեխաների առողջության վրա: Ներզատաբանը (էնդոկրինոլոգ), սննդաբանը (դիետոլոգ) կամ դիաբետի ուսուցիչը կարող են սովորեցնել ձեզ, թե ինչպես ճիշտ կառավարել ձեր արյան շաքարի մակարդակը հղիության ընթացքում:
- Բարձր արյան ճնշում (հիպերտենզիա). եթե դուք մեկից ավելի պտուղ եք կրում, հղիության ընթացքում բարձր արյան ճնշման խանգարումների զարգացման ձեր ռիսկն ավելի բարձր է:
- Կեսարյան հատմումով ծննդալուծում. երկվորյակների համար հեշտոցային ծննդաբերությունը հաճախ հնարավոր է լինում, եթե առաջին երեխան ունի գլխային առաջադրություն: Եթե ոչ, կարող է առաջարկվել կեսարյան հատում: Որոշ դեպքերում, առաջին երկվորյակի հեշտոցային ծննդաբերությունից հետո առաջացած բարդությունները կարող են պահանջել երկրորդ երկվորյակի համար կեսարյան հատում: Ավելի բարձր կարգի բազմապտղության դեպքում ծննդալուծման առավել տարածված տարբերակը կեսարյան հատումն է:
- Զույգից-զույգ արյան փոխներարկում. միաձվանի երկվորյակների դեպքում հնարավոր է, որ ընդհանուր ընկերքի արյունատար անոթի պատճառով երեխաներից մեկը ստանա չափից շատ արյուն, իսկ մյուսը՝ չափից քիչ: Սա լուրջ բարդություն է երկու նորածինների համար, որը կարող է հանգեցնել սրտային բարդությունների, ինչպես նաև հղիության ընթացքում պտղային ընթացակարգերի անհրաժեշտության:
Երկվորյակների խնամքը
Առողջ երկվորյակներն ունեն նույն կարիքները, ինչ մյուս նորածինները: Բայց դուք կարող եք ավելի շատ հանգստի և օժանդակության կարիք ունենալ, քան պատկերացնում էիք, հատկապես, եթե ձեր երեխաները վաղաժամ են ծնվել կամ ծնվելուց հետո հատուկ բժշկական օգնության կարիք ունեն: Դուք նաև հետծննդյան դեպրեսիայի ավելի մեծ վտանգի տակ եք: Եթե զգում եք հետծննդյան դեպրեսիայի որևէ ախտանիշ, խոսեք ձեր բժշկի հետ:
Ժամանակ հատկացրեք ձեր երեխաներին հաճույք պատճառելու համար և օգնություն խնդրեք ընկերներից, սիրելիներից և ուրիշներից, երբ դրա կարիքը ունեք:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-05-2024
Վերջին վերանայում՝ 03-06-2024