Միզակապություն

Միզակապությունն այն վիճակն է, երբ ձեր միզապարկը լիքն է, դուք միզելու ցանկություն և սուր կարիք ունեք, սակայն չեք կարողանում միզել:
Միզակապության (իշուրիա) ախտանիշները սովորաբար զարգանում են հանկարծակի և կարող են առաջացնել ուժեղ ստորորովայնային կամ ամբողջ որովայնով տարածվող ցավեր, քանի որ ձեր միզապարկը լցվածությունից «պայթում է», մինչդեռ դուք չեք կարողանում դատարկել այն: Սա կոչվում է սուր միզակապություն:
Սուր միզապարկությունն անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակ է, որի դեպքում առաջանում է միզապարկում կուտակված մեզին արտահոսք տալու շտապ անհրաժեշտություն: Նման դեպքերում միզապարկը սովորաբար դատարկվում է միզային կաթետրով, որը ներկայացնում է սիլիկոնային խողովակ:
Սուր միզակապությունը կարող է զարգանալ ամենատարբեր պատճառներով, սակայն դրանցից ամենահաճախ հանդիպողներն են՝
- վերջերս իրականացված վիրահատություն սեռական օրգանների, միզապարկի, ուղիղ աղու, փոքր կոնքի օրգանների և ստորորովայնային շրջաններում
- որոշ հիվանդություններ, օրինակ՝ դիաբետ կամ ցրված սկլերոզ
- սեռական կամ փոքր կոնքի շրջանի վնասվածքներ
- միզատար ուղիների խցանում, օրինակ՝ միզային քարերով
- նյարդային խնդիրներ
- միզապարկի մկանների թուլություն
- փորկապություն
- որոշ դեղեր
- որոշ վարակներ կամ բորբոքում:
Քրոնիկ միզակապություն
Երբեմն միզակապությունը զարգանում է ավելի դանդաղ: Նման դեպքերում դուք զգում եք, որ աստիճանաբար՝ շաբաթների կամ ամիսների ընթացքում միզելը և միզապարկը դատարկելը դառնում են ավելի ու ավելի դժվարացած: Նման վիճակը սովորաբար ցավեր չի առաջացնում:
Օգտակար խորհուրդներ
Եթե միզարձակման խնդիներ ունեք, փորձեք՝
- միզել տաք ջրով վաննայում պառկած ժամանակ
- բացել լվացարանի ջուրը (հոսող ջրի ձայնը կարող է օգնել միզարձակման սկսելուն):
Եթե գտնում եք, որ միզարձակման խնդիրն առաջ է եկել որևէ դեղ ընդունելուց հետո, զրուցեք այդ մասին ձեր բժշկի հետ, որ անհրաժեշտության դեպքում նա վերանայի ձեր նշանակումները: Ցավերի դեպքում ձեր բժշկից ճշտեք, թե ինչպիսի ցավամոքիչ դեղ կարող եք ընդունել:
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021