Գրադարան

Հեշտոցային արտադրուկ

Հեշտոցային արտադրուկ

Time Read 3 րոպե

Որոշ քանակության հեշտոցային արտադրուկ ունենում են բոլոր կանայք, և սա նորմալ երևույթ է:

Հեշտոցային արտադրուկը հանդես է գալիս որպես պատնեշային շերտ և հեշտոցի պատը պաշտպանում է տարբեր վարակներից: Հեշտոցային նորմալ արտադրուկն ունի թույլ թթվային ռեակցիա, ինչը բակտերիաների մեծ մասի համար հանդիսանում է ոչ բարենպաստ միջավայր: Միևնույն ժամանակ, լինելով բնական քսանյութ և օծելով հեշտոցի պատերը, այս արտադրուկը սեռական հարաբերությունը դարձնում է ավելի հարմարավետ ու անցավ՝ միևնույն ժամանակ կանխելով հեշտոցի վնասվածքները:

Նորմալ արտադրուկը պարունակում է հեշտոցի լորձաթաղանթի մահացած բջիջներ և բակտերիաներ: Դաշտանային ցիկլի փուլից կախված արտադրուկի գույնը կամ մածուցիկությունը կարող են փոփոխվել:

Ի՞նչն է համարվում նորմալ

Տիպիկ հեշտոցային արտադրուկը չունի տհաճ հոտ և չի գրգռում հեշտոցը կամ արտաքին սեռական օրգանները: Այն սովորաբար անգույն կամ թույլ կաթնագույն է, թեև երբեմն կարող է ստանալ դեղնավուն երանգ: Այս արտադրուկի քանակը կարող է ավելանալ սեռական գրգռման և հղիության ժամանակ:

Ի՞նչը նորմալ չէ

Անսովոր արտադրուկը հաճախ հեշտոցային վարակի կամ բորբոքման նշան է, ինչպիսիք են հեշտոցի կանդիդոզը կամ վագինոզը:

Հեշտոցային ոչ նորմալ արտադրուկի նշաններից են՝

  • երբ այն խիստ թանձրացած կամ մածուցիկ է և սպիտակ՝ նման կաթնաշոռին
  • երբ այն ձկան հոտ ունի
  • երբ այն կանաչավուն է և ունի խիստ տհաճ հոտ
  • երբ այն վարդագույն կամ շագանակագույն է
  • երբ այն գրգռում է հեշտոցի լորձաթաղանթը՝ առաջացնելով քոր
  • երբ ձեր սեռական օրգանների վրա նկատում եք փոքր վերքեր կամ խոցեր
  • երբ նշում եք վերցայլքային շրջանի տհաճ զգացողություններ կամ ցավ
  • երբ ձեր սեռական հարաբերությունները դառնում են ցավոտ:

Հեշտոցային արտադրուկը և դաշտանային ցիկլը

Դաշտանային ցիկլի ընթացքում հեշտոցային արտադրուկի բնույթը և քանակը կարող են փոփոխվել:

Սովորաբար դաշտանին հաջորդող առաջին շաբաթվա ընթացքում արտադրուկը շատ քիչ քանակով կամ աննկատ է, իսկ երբեմն կարող է դառնալ խիստ մածուցիկ: Ցիկլի միջին օրերին արտադրուկը լինում է անգույն (երկար ժամանակ միջադիրի վրա մնալիս՝ դեղնավուն) և ստանում է նորմալ մածուցիկություն:

Հեշտոցային արտադրուկը դաշտանադադարից հետո

Դաշտանադադարից հետո հեշտոցը սկսում է աստիճանաբար կորցնել իր խոնավությունը, ինչը պայմանավորված է իգական սեռական հորմոններից էստրոգենի մակարդակի նվազեցմամբ:

Այնուամենայնիվ, եթե դաշտանադադարից հետո հեշտոցային արտադրուկի քանակը չի նվազում, այլ շատանում է կամ ստանում դեղնավուն երանգ, սա կարող է լինել հնարավոր վարակի նշաններից մեկը:

Եթե անհանգստացած եք հեշտոցային արտադրուկի բնույթի վերաբերյալ, տեղեկացրեք այդ մասին ձեր բժշկին:

Իմացե՛ք ավելին հղիության ընթացքում հեշտոցային արտադրուկի փոփոխությունների մասին:

Հոդվածը տեղադրվել է՝ 17-04-2018 վերանայվել է՝ 14-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով