Բոլոր կանայք, անկախ այն բանից` հղի են, թե ոչ, ունեն որոշակի հեշտոցային արտադրուկ, որը սկսվում է սեռահասունացումից 1-2 տարի առաջ և դադարում դաշտանադադարից հետո:
Հեշտոցային արտադրուկի քանակը ժամանակի ընթացքում փոփոխվում է և սովորաբար քիչ առատանում է դաշտանից անմիջապես առաջ:
Նորմա՞լ է արդյոք, եթե հղիության ընթացքում ունեմ հեշտոցային արտադրուկ
Գրեթե բոլոր կանանց մոտ հղիության ընթացքում հեշտոցային արտադրուկը քիչ ավելանում է: Սա լրիվ նորմալ է և ունի մի քանի պատճառ: Հղիության ընթացքում արգանդի վզիկը և հեշտոցի պատերը դառնում են ավելի փափուկ, իսկ արտադրությունը շատանում է, որ կանխարգելի հեշտոցից դեպի արգանդ վարակի հնարավոր վեր թափանցումը: Քանի հղիությունը զարգանում է մինչև իր ավարտ, արտադրուկի քանակն այդքան ավելանում է: Երբեմն այն կարող է շփոթվել մեզի հետ:
Հղիության վերջին շաբաթների ընթացքում ձեր արտադրուկը կարող է պարունակել խտացած լորձի շերտեր և քիչ քանակով արյուն: Անգլախոս հեղինակներն այս երևույթն անվանում են «ցուցադրում» (show), երբ հղիության ընթացքում արգանդի վզիկում առկա լորձը (լորձային խցան) սկսում է հեռանալ: Սա նշան է այն մասին, որ արգանդի մարմինը սկսում է պատրաստվել ծննդաբերությանը: Դուք կարող եք ծննդաբերությունից օրեր առաջ տեսնել այսպիսի մի քանի փոքր «ցուցադրումներ»:
Այսպիսով, հեշտոցային արտադրուկի ավելացումը հղիության նորմալ մասն է, սակայն կարևոր է, որ դուք մշտապես հետևեք այս երևույթին և տեղեկացնեք ձեր բժշկին, եթե նկատում եք որևէ անսովոր փոփոխություն:
Իմացե՛ք ավելին հեշտոցային արտադրության մասին:
Ե՞րբ այցելել բժշկին
Տեղեկացնեք ձեր բժշկին, եթե հղիության ուշ փուլերում ձեր հեշտոցային արտադրուկը չափից դուրս է ավելացել: Եթե հղիության ընթացքում ունեք հեշտոցային արյունահոսություն, ձեր բժշկին այդ մասին տեղեկացրեք անհապաղ, քանի որ սա կարող է լինել ավելի լուրջ խնդրի նշան, ինչպես օրինակ՝ վիժման կամ ընկերքի հետ կապված որևէ խնդրի:
Իմացե՛ք ավելին հղիության ընթացքում հեշտոցային արյունահոսության մասին:
Զրուցեք ձեր բժշկի հետ, եթե՝
- ձեր հեշտոցային արտադրուկը գունավորված է, հատկապես, եթե պարունակում է արյուն
- արտադրուկն ունի տարօրինակ կամ խիստ տհաճ հոտ
- դուք ունեք հեշտոցի շրջանի քոր կամ ցավ:
Առողջ հեշտոցային արտադրուկը պետք է լինի թափանցիկ կամ քիչ սպիտակավուն: Այն չի կարող ունենալ տհաճ հոտ: Եթե ձեր արտադրուկը գունավորված է, ունի անսովոր հոտ, կամ եթե դուք զգում եք հեշտոցի շրջանի քոր կամ այրող ցավ, հնարավոր է, որ դուք ունեք հեշտոցային վարակ:
Ամենահաճախ հանդիպող հեշտոցային վարակը կաթնախտն է (կանդիդոզ), որը ձեր բժիշկը կարող է հեշտությամբ բուժել: Նկատի ունեցեք, որ հղիության ընթացքում դուք պետք է չօգտագործեք կանդիդոզի բուժման որոշ դեղեր:
Անպայման զրուցեք ձեր բժշկի հետ, եթե կարծում եք, որ ունեք կաթնախտ: Դուք կարող եք օգնել հեշտոցային կաթնախտի կանխարգելմանը, եթե հագնեք ազատ բամբակե ներքնազգեստ: Որոշ կանայք օգտակար են համարում նաև հոտավետ ուժեղ օճաներից կամ լոգանքի պարագաներից հրաժարումը:
Իմացե՛ք ավելին հղիության ընթացքում հեշտոցային կաթնախտի (կանդիդոզ) մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-05-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024