Ծննդաբերության ժամանակ հեշտոցի պատռվածքը տարածված խնդիր է: Պատռվածքներ հաճախ առաջանում են, երբ երեխայի գլուխը դուրս է գալիս հեշտոցամուտքով (հեշտոցային բացվածքով):
Դրանք սովորաբար առաջանում են այն պատճառով, որ երեխայի գլուխը չափազանց մեծ է, և հեշտոցը չի հասցնում առանց վնասվելու ձգվել ու լայնանալ ծնվող գլխի շուրջը: Կամ հեշտոցը բավականաչափ առաձգական կամ ամուր չէ, որ կարողանա հեշտությամբ ձգվել ու լայնանալ: Հեշտոցային պատռվածքները նաև կոչվում են շեքի պատռվածքներ (պերինեալ պատռվածքներ կամ լացերացիաներ):
Պատռվածքները, որոնք ընդգրկում են միայն հեշտոցը շրջապատող մաշկը, սովորաբար ինքնուրույն լավանում են մի քանի շաբաթվա ընթացքում: Սակայն, որոշ պատռվածքներ ավելի խոր կամ տարածուն են և ունեն բուժման կարիք: Ձեր ծննդաբերական թիմի անդամը երեխայի ծնվելուց հետո զննում է ձեր հեշտոցամուտքի և շեքի շրջանը՝ ստուգելու, թե արդյոք ունեք պատռվածք, և եթե այո, արդյոք այն ունի վերականգնելու կարիք:
1-ին աստիճանի հեշտոցային պատռվածքներ
Առաջին աստիճանի պատռվածքներն ամենաթեթևն են: Դրանք ընդգրկում են հեշտոցամուտքի և ուղիղ աղիքի (հետանցքի) միջև մաշկը և անմիջապես մաշկի տակ գտնվող հյուսվածքը (ենթամաշկ): Այս շրջանը կոչվում է շեք (պերինա)։ Առաջին աստիճանի պատռվածքներ նաև կարող են առաջանալ այն խողովակի շուրջ, որով մեզը դուրս է բերվում օրգանիզմից (միզուկ):
Առաջին աստիճանի պատռվածքները սովորաբար առաջացնում են որոշակի ցավ կամ միզելիս ծակոցներ: Դրանք կարող են կարեր չպահանջել, թեև որոշ դեպքերում կար դնելն, այնուամենայնիվ, դառնում է անհրաժեշտ: Եթե առաջին աստիճանի պատռվածքը կարի կարիք ունի, վերքի վերականգնումը սովորաբար կարող է կատարվել հենց ծնարանի սենյակում: Այս պատառվածքները սովորաբար ապաքինվում են մի քանի շաբաթվա ընթացքում:
2-րդ աստիճանի հեշտոցային պատռվածքներ
Երկրորդ աստիճանի պատռվածքներն ընդգրկում են հեշտոցամուտքի և ուղիղ աղիքի միջև ընկած շրջանի (շեքի) ոչ միայն մաշկը, այլև՝ մկանները: Այս պատռվածքները կարող են տարածվել դեպի հեշտոցի խորք: Երկրորդ աստիճանի պատռվածքները սովորաբար պահանջում են կարեր: Սա հաճախ իրականացվում է ծնարանի սենյակում: Բուժումը սովորաբար տևում է մոտ 3-4 շաբաթ:
3-րդ աստիճանի հեշտոցային պատռվածքներ
Երրորդ աստիճանի պատռվածքները հասնում են հետանցքը շրջապատող մկանին, որը կոչվում է հետանցքի սեղման (անալ սֆինտեր): Այս պատռվածքները երբեմն պետք է վերականգնվեն ոչ թե ծնարանի սենյակում, այլ՝ վիրահատարանում: Դրանց ապաքինումը սովորաբար տևում է մոտ 4-6 շաբաթ: Եթե ունեք երրորդ աստիճանի պատռվածք, ձեզ հավանաբար կնշանակվի որևէ հակաբիոտիկային դեղամիջոց՝ վարակը կանխելու համար:
Երրորդ աստիճանի հեշտոցային պատռվածքը վերականգնելուց հետո կարող են ի հայտ գալ որոշ խնդիրներ, ինչպիսիք են վարակը, վերականգնված պատռվածքի բացվելը, կղանքի ակամա արտահոսքը, որը նաև կոչվում է անկղապահություն, և մեզի ակամա արտահոսքը, որը նաև կոչվում է անմիզապահություն: Եթե նկատում եք այս խնդիրներից որևէ մեկը, դիմեք ձեր բժշկին:
4-րդ աստիճանի հեշտոցային պատռվածքներ
Չորրորդ աստիճանի հեշտոցային պատռվածքներն ամենածանրն են: Դրանք անցնում են հետանցքային սեղմանի հաստությամբ և հասնում ուղիղ աղիքը ներսից ծածկող (անոռեկտալ) լորձաթաղանթ: Չորրորդ աստիճանի պատռվածքները սովորաբար վերականգնվում են ոչ թե ծննարանի սենյակում, այլ՝ վիրահատարանում: Երբեմն դրանք պահանջում են ավելի բարդ վերականգնում (պլաստիկա), քան պարզապես կարեր դնելը: Բուժումը կարող է տևել 4-ից 6 շաբաթ կամ ավելի երկար: Եթե ունեք չորրորդ աստիճանի պատռվածք, ձեզ կնշանակվի որևէ հակաբիոտիկային դեղամիջոց՝ վարակը կանխելու համար:
Անհարմարավետության և գանգատների մեղմացում
Ապաքինման ընթացքում հետևեք այս խորհուրդներին՝ ձեր գանգատներն ու ախտանիշները մեղմացնելու համար:
- Նստեք բարձի կամ փափուկ օղակի վրա:
- Սառեցրեք վերքը սառցապարկով կամ տեղադրեք որևէ սառեցնող միջոց դաշտանային միջադիրի և վնասված հատվածի միջև:
- Օգտագործեք շշիկ՝ միզելիս վնասված հատվածի վրա գոլ ջուր լցնելու համար:
- Ընդունեք գոլ լոգանք այնպես, որ հինգ րոպե ծածկեք միայն ձեր հետույքն ու շեքի շրջանը: Սա երբեմն կոչվում է նստած լոգանք: Որոշ կանայք սառը ջուրն ավելի հանգստացնող են համարում, քան գոլ ջուրը:
- Ընդունեք սովորական ցավազրկող դեղամիջոց: Եթե դա բավարար չէ ցավը թեթևացնելու համար, խնդրեք ձեր բժշկին, որ վնասված հատվածի համար խորհուրդ տա որևէ անզգայացնող սփրեյ կամ նրբաքսուք (կրեմ):
- Կղանքը փափկեցնող կամ լուծողական միջոցը կարող են կանխարգելել փորկապությունը՝ թեթևացնելով վնասված հատվածի վրա ճնշումը և ցավը: Սակայն, մինչև որևէ նման միջոց օգտագործելը, խոսեք ձեր բժշկի հետ:
- Ձեռնպահ մնացեք սեռական հարաբերություններից՝ մինչև ձեր պատռվածքների լիարժեք ապաքինումը:
- Մի՛ օգտագործեք տամպոն կամ որևէ ներհեշտոցային միջոց, քանի դեռ պատռվածքը չի ապաքինվել:
Ե՞րբ դիմել բժշկին
Կանանց մեծամասնությունը բժշկական զննում է անցնում երեխայի ծնվելուց 2-3 շաբաթ անց և ևս վեց շաբաթ հետո: Եթե ունեք հեշտոցային պատռվածք, ձեր բժիշկը կստուգի ձեր վերքն այս այցերի ընթացքում:
Եթե հեշտոցային պատռվածքի պատճառով առաջացել են ավելի լուրջ առողջական խնդիրներ, կարող եք դիմել մասնագետի օգնությանը, ինչպիսիք են ուրոգինեկոլոգը կամ կոլոռեկտալ վիրաբույժը:
Անմիջապես դիմեք ձեր բժշկին, եթե ունեք հետևյալ ախտանիշներից որևէ մեկը, որոնք կարող են նշանակել, որ ունեք վերքի վարակ, վերականգնված պատռվածքի բացում կամ հեշտոցային պատռվածքի հետ կապված այլ խնդիրներ՝
- ուժեղ ցավեր
- ցավ, որը գնալով սաստկանում է
- ցավ, որը չի մեղմանում
- ջերմություն
- մեզի արտահոսք (անմիզապահություն)
- կղանքի արտահոսք (անկղապահություն):
Հոդվածը հրապարակվել է՝ 22-05-2024
Վերջին վերանայում՝ 22-05-2024