Հեշտոցի կանդիդոզը (կաթնախտ) հղիության ընթացքում
20-05-2020
3 րոպե

Բազմաթիվ կանանց մոտ կարող է ի հայտ գալ տարածված «կանդիդա» տեսակի խմորասնկային վարակի պատահական «գրոհ», որը հայտնի է որպես հեշտոցային կանդիդոզ կամ կաթնախտ:
Այն կարող է առաջացնել հեշտոցի և հարակից շրջանի քոր, գրգռում և այտուց, երբեմն նաև՝ սպիտակ կաթնաշոռանման արտադրուկ:
Հեշտոցի կաթնախտը բավականին անվնաս է, սակայն կարող է պատճառել անհարմարավետություն և կրկնվի, որը հայտնի է որպես «ախտադարձային կաթնախտ»:
Կաթնախտը սնկիկային վարակ է, որը սովորաբար հարուցվում է կանդիդա՝ «Candida albicans» կոչվող բորբոսասնկային տիպի սնկիկներով:
Բազմաթիվ կանանց հեշտոցում առկա է կանդիդա սնկիկ՝ առանց որևէ գանգատ առաջացնելու: Հեշտոցային արտազատուկներում առկա հորմոնները և հեշտոցում բնակվող «ընկեր»-բակտերիաները այս սնկիկը պահում են հսկողության ներքո: Խնդիրներն ի հայտ են գալիս, երբ այսպիսի բնական հավասարակշռությունը խախտվում է, և կանդիդան սկսում է բազմանալ:
Հեշտոցային կաթնախտը երբեմն կարող է փոխանցվել սեռական հարաբերության ընթացքում, սակայն այն չի համարվում լուրջ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն (ՍՃՓՀ): Ուստի, եթե դուք ունեք կաթնախտ, ապա ճիշտ կլինի խուսափեք սեռական հարաբերությունից, քանի դեռ լիարժեք բուժում չեք ստացել և վարակը չի «մաքրվել»:
Հղիության ընթացքում
Հեշտոցի կաթնախտի նկատմամբ ձեր ռիսկը հղի վիճակում բարձրանում է, որը պայմանավորված է իգական հորմոնների (օրինակ՝ էստրոգեն) մակարդակի բարձրացմամբ: Նման դեպքերում բարձրանում է ինչպես կաթնախտի զարգացման, այնպես էլ կրկնվելու հավանականությունը:
Որևէ տվյալ չկա այն մասին, որ կաթնախտն ազդում է հղիանալու ձեր ունակության կամ հավանականության վրա: Եվ, եթե հղիության ընթացքում դուք ունեք կաթնախտ, այն չի վնասում ձեր չծնված երեխային:
Սակայն, եթե դուք հղի կամ կրծքով կերակրող մայր եք և ունեք կաթնախտ, պետք է խուսափեք ներքին ընդունման (խմելու ձևով) հակասնկային դեղեր օգտագործելուց: Դրա փոխարեն օգտագործեք հեշտոցային օղակներ (պեսարիա) և, անհրաժեշտության դեպքում, հակա-կանդիդոզային կրեմներ:
Բուժում
Եթե հղիության կամ կրծքով կերակրելու ընթացքում ունեք կաթնախտ, ապա անպայման հանդիպեք ձեր բժշկին, այլ ոչ թե գնեք և օգտագործեք հակասնկային դեղեր:
Ձեզ չի կարելի խմել ներքին ընդունման հաբեր, քանի որ նման բուժումը կարող է ազդել ձեր չծնված երեխայի վրա: Կան հակասնկային հեշտոցային օղեր, օրինակ՝ Կլոտրիմազոլ, Էկոնազոլ կամ Միկոնազոլ, որոնք սովորաբար նշանակվում են 3-7 օր օգտագործելու համար:
Եթե հղի եք, ապա պեսարիան ներմուծեք զգուշությամբ, որպեսզի չվնասեք ձեր արգանդի վզիկը: Նման դեպքերում ավելի լավ է պեսարիան ներմուծել ձեռքով, այլ ոչ թե ապլիկատորով:
Եթե ի հայտ են եկել հեշտոցի հարակից մաշկի գրգռման կամ բորբոքման նշաններ, օրինակ՝ քոր և ցավոտություն, բժիշկը կարող է ձեզ նշանակել հակասնկային կրեմ:
Հիշեք, որ այս դեղերից ոչ բոլորն են հղիության տարբեր փուլերում անվտանգ, ուստի կարևոր է, որ զրուցեք ձեր բժշկի կամ դեղագործի հետ մինչև որևէ դեղամիջոց օգտագործելը:
Ի՞նչ կարող եմ անել հեշտոցային կաթնախտը կանխարգելելու համար
Հեշտոցային կանթախտի սրացման ռիսկը կարող եք կանխել մի շարք միջոցառումներով:
- Հագեք բամբակե կամ մետաքսե, այլ ոչ թե սինթետիկ ներքնազգեստ, և փոխեք այն ամեն օր: Զուգագուլպաներ կրեք հնարավորինս կարճ ժամանակահատվածի ընթացքում:
- Ներքնազգեստը լվացեք լավ տաք ջրով և մաքուր օճառով և կրկնակի պարզաջրեք, որպեսզի մինչև այն կրելը որևէ գրգռիչ նյութ չմնա:
- Լողալուց կամ ֆիզիկական վարժանքից հետո հնարավորինս շուտ հանեք ձեր լողազգեստը կամ մարզազգեստը և փափուկ սրբիչով նուրբ կերպով չորացրեք խոնավությունը:
- Եթե օգտագործում եք հիգիենիկ միջադիր կամ ներդիր, ապա կանոնավոր փոխեք դրանք և խուսափեք դեզադորացված ապրանքներից, որոնք կարող են առաջացնել գրգռում:
- Խուսափեք կիպ անդրավարտիքներից կամ զգեստից (օրինակ՝ ջինսե տաբատ), որը կարող է սեռական օրգանների շրջանում ստեղծել խոնավություն և տաքություն, որը նպաստում է բակտերիաների և սնկիկների բազմացմանը:
- Երբեք մի կատարեք հեշտոցի «ներքին լվացում», քանի դեռ այն հատուկ չի նշանակվել բժշկի կողմից որպես բուժման միջոց: Տնային պայմաններում կատարված «ներքին լվացումը» բարձրացնում է հեշտոցի գրգռման ռիսկը և հղիության ընթացքում խորհուրդ չի տրվում: Առողջ հեշտոցը հեշտոցային հոտազերծիչի կարիք չունի:
- Խուսափեք հեշտոցի հարակից շրջանը օճառով, փրփրող այլ միջոցներով, լոգանքի աղով լվալուց կամ հոտազերծող նյութեր կամ սփրեյներ օգտագործելուց:
- Ընդհանրապես խուսափեք հեշտոցը կամ հարակից շրջանը մանրէազերծող նյութերով լվանալուց, այդ թվում նաև՝ նոսրացված վիճակում:
- Զուգարանից օգտվելիս սրբեք հեշտոցի շրջանը փափուկ անձեռոցիկով առջևից-հետև, այլ ոչ թե հակառակ ուղղությամբ, որպեսզի աղիքային միկրոօրգանիզմները չհայտնվեն հեշտոցում: Մի օգտագործեք հոտավետ զուգարանի թուղթ, որը կարող է առաջացնել գրգռում:
Հոդվածը վերանայվել է՝ 26-05-2021