Հետաքրքո՞ւմ է ձեզ, թե արդյոք լավ թեկնածու եք կեսարյան հատումից հետո հեշտոցային ծննդաբերութան համար: Արդյո՞ք դրա օգուտները գերազանցում են ռիսկերը: Պատասխանը կարող է կախված լինել ձեր իրավիճակից: Ահա տեղեկատվություն, որը կօգնի, որ համեմատեք պլյուսները և մինուսները:
Բազմաթիվ կանայք կեսարյանից հետո հեշտոցային ծննդաբերության (ԿՀՀԾ) թեկնածու են: 2013-ին ԱՄՆ-ում անցկացված մի հետազոտությամբ զեկուցվել է 70% հաջող ելք:
Այնուամենայնիվ, ԿՀՀԾ-ին հետամուտ լինելու կամ կրկնակի կեսարյան հատման պլանավորման ընտրությունը կարող է դժվարին գործ լինել: Ահա որոշակի տեղեկություն այն մասին, թե ինչպես պետք է որոշում կայացնել:
Ինչո՞ւ է առաջ գալիս ԿՀՀԾ-ի հարցը
Կրկին կեսարյան հատման հետ համեմատ՝ հեշտոցային ծննդաբերությունը չի նախատեսում վիրահատություն, ուստի թույլ է տալիս զերծ մնալ վիրահատության բոլոր հնարավոր բարդություններից, ավելի կարճ մնալ ծննդատանը և ավելի արագ վերադառնալ սովորական առօրյա գործերին: ԿՀՀԾ-ը նաև կարող է գրավիչ լինել, եթե ցանկանում եք ծննդաբերել բնական՝ հեշտոցային ճանապարհով:
Կարևոր է նաև հաշվի առնել ապագա հղիությունները: Եթե պլանավորում եք ավելի շատ հղիություններ, ԿՀՀԾ-ը կարող է օգնել ձեզ խուսափելու կրկնակի կեսարյան հատումների ռիսկերից, օրինակ՝ ընկերքի հետ կապված խնդիրներից:
Որո՞նք են ԿՀՀԾ-ի ռիսկերը
Թեև հաջող ԿՀՀԾ-ը կապված է ավելի քիչ բարդությունների հետ, քան ընտրողական կրկնակի կեսարյան հատումը, կեսարյանից հետո ծննդաբերության անհաջող փորձը կարող է հանգեցնել ավելի շատ բարդությունների, այդ թվում՝ արգանդի պատռվածքի:
Արգանդի պատռվածքը հազվադեպ հանդիպող բարդություն է և առաջանում է այն կանանց մինչև 1%-ի մոտ, ովքեր կեսարյան հատումից հետո փորձում են հեշտոցային ծննդաբերություն: Այնուամենայնիվ, արգանդի պատռվածքը վտանգ է ներկայացնում ձեր և ձեր երեխայի կյանքի համար: Այս վիճակի գլխավոր պատճառը արգանդի վրա կեսարյան հատումից հետո առաջացած սպիական հյուսվածքի պատռումն է: Կյանքին սպառնացող բարդությունները կանխելու համար անհրաժեշտ է անհետաձգելի կեսարյան հատում: Բուժումը նաև կարող է ներառել երեխայի ծնվելուց հետո արգանդի վիրահատական հեռացում (հիստերէկտոմիա): Եթե ձեր արգանդը հեռացնեն, դուք այլևս երբեք չեք կարողանա հղիանալ:
Ո՞ւմ է ցուցված ԿՀՀԾ-ը
ԿՀՀԾ-ի նպատակահարմարությունը կախված է բազմաթիվ գործոններից: Ահա դրանցից ամենակարևորները:
- Ի՞նչ տեսակի արգանդի կտրվածք է օգտագործվել նախորդ կեսարյան հատման ժամանակ. կեսարյան հատումների մեծ մասում օգտագործվում է ցածր լայնակի (միջաձիգ) կտրվածք: Կանայք, ովքեր ունեցել են ցածր լայնակի կամ ցածր ուղղահայաց (երկայնաձիգ) կտրվածք, սովորաբար համարվում են ԿՀՀԾ-ի թեկնածուներ են: Եթե նախկինում ունեցել եք բարձր ուղղահայաց (երկայնաձիգ) կտրվածք, որը նաև կոչվում է դասական կտրվածք, ԿՀՀԾ խորհուրդ չի տրվում արգանդի պատռման վտանգի պատճառով:
- Երբևէ ունեցե՞լ եք արգանդի պատռվածք. եթե այո, ապա դուք ԿՀՀԾ-ի թեկնածու չեք:
- Արդյո՞ք ձեր արգանդի վրա կատարվել են այլ վիրահատություններ. եթե ունեցել եք արգանդի այլ վիրահատություններ, օրինակ՝ ֆիբրոդի հեռացման համար, ԿՀՀԾ-ը խորհուրդ չի տրվում՝ արգանդի պատռման վտանգի պատճառով:
- Ունեցե՞լ եք նախկինում հեշտոցային ծննդաբերություն. ձեր նախորդ կեսարյան հատումից առաջ կամ հետո առնվազն մեկ հեշտոցային ծննդաբերություն ունենալը մեծացնում է հաջող ԿՀՀԾ-ի հավանականությունը:
- Քանի՞ կեսարյան հատում եք տարել. բազմաթիվ բժիշկներ չեն առաջարկի VBAC, եթե նախկինում երկուսից ավելի կեսարյան հատում եք անցկացրել:
- Ե՞րբ եք վերջին անգամ ծննդաբերել. արգանդի պատռման ռիսկն ավելի մեծ է, եթե փորձեք ԿՀՀԾ ձեր նախորդ ծննդաբերությունից հետո մինչև 18 ամվա ընթացքում:
- Ունե՞ք արդյոք որևէ առողջական խնդիր, որը կարող է ազդել հեշտոցային ծննդաբերության վրա. կեսարյան հատում կարող է առաջարկվել, եթե ունեք ընկերքի հետ կապված խնդիրներ, ձեր երեխան (պտուղը) ունի ոչ նորմալ դիրք կամ առաջադրություն կամ ունեք բազմապտուղ հղիություն:
- Որտե՞ղ եք ծննդաբերելու երեխային. պլանավորեք ծննդալուծում կատարել այն հաստատությունում, որը հագեցած է շտապ կեսարյան հատման համար: Տնային ծննդաբերությունը տեղին չէ ԿՀՀԾ-ի համար:
- Արդյո՞ք կարող եք ունենալ ծննդաբերության խթանման (ինդուկցիայի) կարիք. ինդուկցված ծննդաբերությունը նվազեցնում է հաջող ԿՀՀԾ-ի հավանականությունը:
Ինչպե՞ս են ծննդաբերությունը և ծննդալուծումը ԿՀՀԾ-ի ժամանակ տարբերվում սովորական հեշտոցային ծննդաբերությունից և ծննդալուծումից
Եթե ընտրում եք ԿՀՀԾ-ը, ուրեմն, երբ սկսեք ծննդաբերել, դուք կանցնեք մի գործընթաց, որը նման է հեշտոցային ծննդաբերությանը: Այնուամենայնիվ, ձեր բժիշկն, ամենայն հավանականությամբ, խորհուրդ կտա մշտապես հսկել ձեր երեխայի սրտազարկի հաճախականությունը և անհրաժեշտության դեպքում պատրաստ լինել կրկնակի կեսարյան հատում անցնելու համար:
Ի՞նչ այլ խորհուրդ կարելի է առաջարկել այն կանանց, ովքեր խորհում են ԿՀՀԾ-ի հարցի շուրջ
Եթե մտածում եք ԿՀՀԾ անցնելու մասին, քննարկեք ձեր տարբերակը, մտահոգությունները և ակնկալիքները ձեր բժշկի հետ հղիության վաղ շրջանում: Համոզվեք, որ նա ծանոթացել է ձեր ամբողջական բժշկական պատմությունը, ներառյալ ձեր նախորդ կեսարյան հատման և արգանդի ցանկացած այլ միջամտությունների գրառումներին: Ձեր բժիշկը կարող է հաշվարկել այն բանի հավանականությունը, որ դուք կունենաք հաջող ԿՀՀԾ:
Նաև նախատեսեք ձեր երեխային ունենալ այնպիսի հաստատությունում, որը հագեցած է շտապ կեսարյան հատման մարդկային և տեխնիկական միջոցներով: Շարունակեք քննարկել ԿՀՀԾ-ի ռիսկերն ու օգուտները հղիության ընթացքում, հատկապես, եթե ի հայտ են գալիս որոշակի ռիսկային գործոններ:
Եվ, իհարկե, փորձեք ճկուն մնալ: Ձեր ծննդաբերության հանգամանքները կարող են ԿՀՀԾ-ը դարձնել հստակ ընտրություն, կամ, խորհրդատվությունից հետո, դուք և ձեր բժիշկը կարող եք որոշել, որ ի վերջո, լավագույն տարբերակը կարող է դառնալ կրկնակի կեսարյան հատումը:
Հոդվածը հրապարակվել է՝ 04-06-2024
Վերջին վերանայում՝ 04-06-2024