Եթե դուք հղի եք կամ նախատեսում եք հղիանալ, պետք է ավելի ուշադիր և բծախնդիր լինեք վիտամիններ կամ որևէ այլ տեսակի հավելումներ ընդունելու որոշում կայացնելիս:
Վիտամինների կամ այլ հավելումների որոշ տեսակներ կարող են ավելի շատ վնասել, քան օգնել ձեր առողջությանը, ուստի, նկատի ունեցեք, որ առանց ձեր բժշկի նշանակման կամ իմացության որևէ վիտամին կամ հավելում ինքնուրույն չընդունեք:
Ի՞նչ են վիտամինները և հավելումները
Ձեր օրգանիզմն առողջ պահելու և ձեզ առողջ զգալու համար դուք ունեք մի շարք սննդանյութերի բավարար քանակների կարիք` վիտամիններ և միներալներ, սպիտակուցներ (պրոտեին), ածխաջրեր (կարբոհիդրատներ), ճարպեր և բջջանք (բջջանյութ):
Այն վիտամինները և օրգանական միացությունները, որոնք ձեր օրգանիզմը չի կարող ինքնուրույն արտադրել, անհրաժեշտ են շատ փոքր քանակներով: Վիտամին D-ից բացի, որը գլխավորապես արտադրվում է մաշկում արևի ճառագայթների ազդեցությամբ, մնացած պահանջվող վիտամինների մեծ մասը դուք կարող ենք ստանալ սննդի միջոցով:
Դիետիկ հավելումները պարունակում են որոշ սննդանյութեր: Դրանք համարվում են փոխլրացնող (լրացուցիչ) միջոցներ, որոնք կարող են լրացնել ձեր սննդակարգում առկա այս կամ այն նյութի պակասը՝ դեֆիցիտը: Հանրահայտ օրինակներից են մուլտիվիտամինները, առանձին միներալները, ձկան յուղի պատիճները կամ բուսական հավելումները:
Հղիության ընթացքում անհրաժեշտ վիտամիններ և միներալներ
Հղիության ընթացքում լիարժեք սնուցումը խիստ կարևոր է ձեր չծնված երեխայի աճի և զարգացման համար: Դուք ունեք բավականաչափ սննդանյութեր սպառելու կարիք, որ կարողանաք բավարարել ինչպես ձեր երեխայի, այնպես էլ ձեր սեփական պահանջները:
Հղիության ընթացքում դուք ունեք որոշ սննդանյութերի, այդ թվում՝ սպիտակուցների, ֆոլատի, յոդի և երկաթի հավելյալ պահանջ, քանի որ՝
- ֆոլատը (կոչվում է «ֆոլաթթու», երբ տրվում է որպես հավելում) օգնում է կանխարգելելու ձեր երեխայի մոտ նյարդային խողովակի արատների զարգացումը, որի օրինակներից է սպինա բիֆիդան (spina bifida)
- յոդն անհրաժեշտ է ձեր երեխայի գլխուղեղի և նյարդային համակարգի զարգացման համար
- երկաթն օգնում է կանխարգելելու ձեզ մոտ սակավարյունության (անեմիայի) զարգացումը, ինչպես նաև ձեր երեխայի թերքաշ լինելը:
Վիտամին B12 և վիտամին D-ն նաև մասամբ կարևոր են, քանի որ օժանդակում են երեխայի նյարդային համակարգի (B12) և կմախքի (D) զարգացմանը, իսկ վիտամին C-ն նաև օգնում է աղիներում սննդով ստացված երկաթի ներծծման գործընթացներին:
Ունե՞մ արդյոք ես հավելումներ խմելու կարիք
Որոշ երկրներում բոլոր հղի կանանց խորհուրդ է տրվում ստանալ ֆոլաթթվի և յոդի հավելումներ:
Սակայն, ավելի լավ կլինի, որ դուք մյուս պահանջվող սննդանյութերը ստանաք ոչ թե հավելումներով, այլ՝ առողջ սննդակարգով: Սովորաբար, առօրյա սննդակարգում տարբեր սննդարար մթերքներ ներառելն ինքնին բավարար է, որ լրացնեք ինչպես ձեր, այնպես էլ ձեր չծնված երեխայի սնուցման պահանջները:
Եթե ունեք որևէ հայտնի սննդային դեֆիցիտ, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ կոնկրետ հավելումներ: Նման իրավիճակներից են՝
- եթե բուսակեր կամ հումակեր եք և չեք ստանում վիտամին B12-ի համարժեք քանակներ
- եթե չեք օգտագործում բավարար չափով կաթնամթերք և չեք ստանում բավարար քանակով կալցիում, որը խիստ անհրաժեշտ է ոսկրերի առողջության համար
- եթե ունեք երկաթի դեֆիցիտ
- եթե ունեք վիտամին D-ի դեֆիցիտ:
Եթե համոզված չեք, թե պետք է ձեզ արդյոք որևէ հավելում, զրուցեք այդ մասին ձեր բժշկի հետ:
Մուլտիվիտամինները հղիության ժամանակ
Մուլտիվիտամինը հաբ է կամ որևէ այլ դեղաձև, որը մեկտեղում է տարբեր վիտամիններ և միներալներ: Որոշ մուլտիվիտամիններ արտադրված են հատուկ հղի կանանց համար: Սակայն դրանք չեն փոխարինում սննդարար աղցաններին, առողջարար մթերքներին կամ կերակուրներին: Ուստի, միշտ կարևոր է ստանալ առողջ սնունդ, նույնիսկ եթե խմում եք մուլտիվիտամիններ:
Եթե հղի եք, խուսափեք ընդունել այնպիսի մուլտիվիտամիններ, որոնք նախատեսված չեն հղի կանանց համար:
Ուշադրություն դարձրեք որոշ վիտամիններին
Ձեր օրգանիզմն ունի յուրաքանչյուր սննդանյութի միայն փոքր քանակի պահանջ, իսկ ավելի մեծ քանակները չեն երաշխավորում ավելի բարվոք ազդեցություն: Իրականում, ինչ-որ սննդանյութի ավելի շատ ստանալը, քան պետք է, երբեմն կարող է վնասակար դառնալ:
Օրինակ, վիտամին А-ի, վիտամին B6-ի, վիտամին C-ի, վիտամին D-ի կամ վիտամին Е-ի բարձր դեղաչափերը կարող են վտանգավոր լինել: Լավագույն տարբերակն այն է, որ հղիության ընթացքում այս վիտամիններից և ոչ մեկը որպես հավելում չընդունեք:
Կարևոր է նաև, որ դուք խուսափեք այն մթերքներից, որոնք կարող են պարունակել վիտամին А-ի մեծ քանակներ, օրինակ՝ լյարդ, լյարդից պատրաստված մթերքներ, այդ թվում՝ պաշտետ:
Տարբեր չնախատեսված խնդիրներից ձեզ ապահովագրելու համար, ինչպես բժշկից նախապես ճշտում եք որևէ դեղ խմելու նպատակահարմարությունը, այդպես էլ խորհուրդ հարցրեք որևէ հավելում ընդունելուց առաջ:
Այլ հավելումները հղիության ժամանակ
Ֆալաթթվից, յոդից և ձեր բժշկի կողմից նշանակված որևէ այլ հավելումից բացի, հղիության ժամանակ այլ հավելումների ընդունման օգտակարության վերաբերյալ հավաստի տվյալներ չկան կամ շատ սահմանափակ են:
Հետազոտությունները ցույց են տվել, որ օմեգա-3 հավելումները հղիության ընթացքում գուցե օգնեն վաղաժամ ծննդաբերության ռիսկի նվազեցմանը և պրոբիոտիկները գուցե օգնեն հղիների մոտ արյան շաքարի մակարդակի վերահսկմանը: Սակայն, դեռևս հայտնի չէ, թե այս հնարավոր օգուտներին զուգահեռ ինչպիսի վնաս կարող են դրանք պատճառել: Ուստի, քանի դեռ ավելի ընդգրկուն տվյալները բացակայում են, ավելի լավ է խուսափել դրանցից, հատկապես հղիության առաջին եռամսյակի ընթացքում:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-04-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024