Իրան-ազդրային գործակիցը մարմնակառուցվածքը, հետևաբար՝ առողջական ռիսկերը գնահատող ցուցանիշ է:
Այն հաշվարկվում է՝ իրանի շրջանագիծը բաժանելով ազդրերի (ավելի շուտ՝ կոնքազդրային շրջանի) շրջանագծի վրա։
Օրինակ, եթե ձեր իրանի շրջանագիծը 75 սմ է, իսկ ազդրային շրջանագիծը՝ 95 սմ, ձեր իրան-ազդրային գործակիցը (ԻԱԳ) կլինի 75/95=0,79: Ձեր իրական ցուցանիշն իմանալու համար կարող եք օգտվել Մեդեքսի ԻԱԳ հաշվիչից։
Ինչպե՞ս ճիշտ չափել իրան-ազդրային գործակիցը
Իրան-ազդրային գործակցի (ԻԱԳ) առավելագույն ճիշտ արժեք ստանալը ենթադրում է, որ դուք պետք է ճիշտ չափեք ձեր իրանի և ազդրերի շրջանագիծը: Խոսքը, բնականաբար, չափման ճիշտ տեղամաս (մակարդակ) ընտրելու մասին է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ուղեցույցների համաձայն՝
- պետք է օգտվել չձգվող ժապավենամետրից, իսկ բուն չափման ընթացքում վերջինս պահել հատակին զուգահեռ, այլ ոչ թե թեք ուղղությամբ
- իրանի շրջանագիծը պետք է չափել ձեր ամենաստորին շոշափվող կողի և զստոսկրի կատարի միջև ընկած տարածության միջնակետում
- կոնքազդրային շրջանագիծը պետք է չափել ձեր հետույքի ամենալայն մակարդակում
- դուք պետք է լինեք միայն բարակ ներքնաշորով
- չափումները պետք է կատարել ձեր կանգնած, կրունկները՝ կից, ձեռքերը՝ կողք տարածած վիճակում, որը թույլ է տալիս հավասարաչափ բաշխել ենթամաշկային ճարպահյուսվածքը
- բուն չափան ընթացքում դուք պետք է լինեք թուլացած, հանգիստ շնչառության վիճակում, արտաշնչման փուլում
- չափումները պետք է իրականացնել առնվազն 2 անգամ, ու եթե դրանց միջև տարբերությունը հասնում է 1 սմ-ի, հաշվարկի համար պետք է վերցնել միջինը (1 սմ-ից ավելի տարբերության դեպքում չափումները պետք է կրկնել):
Ի տարբերություն ԱՀԿ ուղեցույցների, ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտն առաջարկում է իրանի շրջանագիծը չափել զստոսկրի կատարի վերին եզրի մակարդակում:
Այնուամենայնիվ, ոչ մասնագետները հաճախ իրանի (որովայնի) շրջանագիծը չափում են պորտի մակարդակում, սակայն հետազոտություններով պարզվել է, որ նման մոտեցումը կարող է թերագնահատել իրանի իրական շրջանագիծը:
Գործնական կիրառություն
Գործնականում, իրանի շրջանագիծը ավելի հեշտ ու ճիշտ է չափել ամենանեղ շրջանում, որը, որպես կանոն, համապատասխանում է պորտից քիչ վերև, իսկ հղիության, ճարպակալման և առանձնահատուկ մարմնակառուցվածքի պայմաններում՝ 2,5 սմ վեր մակարդակում, իսկ կոնքային շրջանագիծը՝ հետույքի կամ կոնքազդրային ամենալայն շրջանում:
Ինչո՞ւ է իրան-ազդրային գործակիցը համարվում օգտակար ցուցանիշ
ԻԱԳ-ը կիրառվում է որպես մարդու առողջական վիճակի և լուրջ կամ ծանր հիվանդությունների զարգացման ռիսկի ցուցանիշ: Հետազոտություններով պարզվել է, որ «խնձորանման» մարմնով մարդիկ (հարաբերականորեն ծավալային իրան) առնչվում են առողջության հետ կապված ավելի բարձր ռիսկերի հետ, քան «տանձանման» մարմնով մարդիկ (հարաբերականորեն ավելի ծավալային կոնքազդրային շրջան):
ԻԱԳ-ը հաջողությամբ կիրառվում է նաև ճարպակալման (գիրության) աստիճանը գնահատելիս, որն իր հերթին հանդիսանում է այլ, ավելի ծանր հիվանդությունների հնարավորության ցուցանիշ: Ըստ ԱՀԿ-ի սահմանման, որովայնային գիրությունը համապատասխանում է ԻԱԳ-ի տղամարդկանց համար՝ 0,9-ից բարձր և կանանց համար՝ 0,85-ից բարձր արժեքներին կամ մարմնի զանգվածի գործակցի (ՄԶԳ) 30-ից բարձր ցուցանիշին:
ԱՄՆ Դիաբետի, մարսողական և երիկամային հիվանդությունների ազգային ինստիտուտը (NIDDK) պնդում է, որ 1,0-ից բարձր ԻԱԳ-ով տղամարդիկ և 0,8 ԻԱԳ-ով կանայք ենթարկվում են ավելի բարձր առողջական ռիսկերի՝ կապված օրգանիզմում ճարպերի ոչ համաչափ տեղաբաշխման հետ:
Հետազոտությունները նաև ցույց են տվել, որ մեծ տարիքով (75-ն անց) մարդկանց համար ԻԱԳ-ը հանդիսանում է մահացության ավելի ճշգրիտ կանխատեսող ցուցանիշ, քան միայն իրանի շրջանագծի բացարձակ մեծությունը կամ ՄԶԳ-ը:
Նույն կերպ, տարիքից անկախ, ԻԱԳ-ն հանդիսանում է սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկի ավելի ճիշտ գնահատիչ, քան մյուս երկուսը: Դրանց կողքին, սակայն, կան այլ հետազոտություններ, որոնք վկայում են, որ 2-րդ տիպի շաքարային դիաբետով մարդկանց համար սրտանոթային հիվանդությունների, օրգանիզմում ճարպի տեղաբաշխման և զարկերակային գերճնշման ռիսկերի առումով իրանի շրջանագիծը հանդիսանում է ավելի լավ ցուցանիշ, քան ԻԱԳ-ն:
Իրան-ազդրային գործակիցի ո՞ր արժեքն է համարվում իդեալական
Տարբեր հեղինակներ պնդում են, որ ԻԱԳ-ի լավագույն ցանկալի ցուցանիշը մինչև 0,7-ն է:
Ինչպե՞ս բարելավել իմ իրան-ազդրային գործակիցը
Ինչպե՞ս կարող եմ ազատվել ավելորդ ճարպային հյուսվածքից
Մարմնի քաշը նվազեցնելու լավագույն տարբերակն առողջ ապրելակերպն է, որը ոչ այլ ինչ է, քան առողջ սննդակարգի զուգակցում ֆիզիկական ակտիվության բարձրացման հետ։
Ոչ հազվադեպ մարմնի քաշը կարգավորելը պահանջում է հոգեբանական աջակցություն, քանի որ շատերի համար ցանկալի քաշին հասնելն այնքան էլ իրատեսական չէ։ Նույնիսկ անհաջող փորձերի դեպքում պետք է նկատի ունենալ, որ ավելորդ կիլոգրամներից յուրաքանչյուրի կորուստը արդեն իսկ բերում է առողջական դրական տեղաշարժերի։
Նման դեպքերում ձեր նպատակը պետք է լինի վարքաբանական փոփոխության և առողջության բարելավման, այլ ոչ թե կորցրած կիլոգրամների վրա կենտրոնանալը։
Որոշ դեպքերում, երբ նիհարելու փորձերը մշտապես մատնվում են անհաջողության և առկա են այլ ռիսկի գործոններ, առաջին պլան կարող է գալ ավելի ինտենսիվ մոտեցումներ կիրառելը, ինչպիսիք են խիստ ցածր էներգիայով սննդակարգը, որոշ դեղերի ընդունումը կամ բարիատրիկ վիրաբուժությունը։
Ինչպե՞ս կարող եմ նվազեցնել մարմնի քաշի հետ կապված հիվանդությունների ռիսկը
ԻԱԳ-ը զանգվածի հետ կապված այց ցուցանիշների հետ միասին հանդիսանում են առողջական ռիսկերի կարևոր ցուցանիշներ, սակայն կան այլ գործոններ նույնպես, որոնք նպաստում են քրոնիկ հիվանդությունների զարգացմանը։
Հակառակ վերոնշյալին, կան նաև ձեր առողջությունը բարելավող այլ մոտեցումներ ևս, օրինակ՝
- մի՛ ծխեք
- ամեն օր կամ շաբաթվա օրերի մեծ մասը զբաղվեք ֆիզիկական վարժանքներով
- սահմանեք և հետեևեք առողջ սննդակարգին
- կրճատեք ալկոհոլային խմիչքների օգտագործումը
- կրճատեք կամ վերացրեք այլ ռիսկի գործոնները, ինչպիսիք են բարձր արյան ճնշումը և բարձր խոլեստերինը
- կարգավորեք ձեր քունը։
Հոդվածը հրապարակվել է՝ 16-01-2021
Վերջին վերանայում՝ 02-06-2024