Skip to main content

Անբացատրելի նիհարում - Ախտանիշներ

Այնքան էլ հստակ չէ, թե որ կետից սկսած է քաշի կորուստը դառնում առողջական խնդիր:

Այնուամենայնիվ, բազմաթիվ բժիշկներ համաձայն են այն չափորոշիչին, որ եթե դուք 6 ամսից մինչև մեկ տարվա ընթացքում առանց փորձելու կորցնում եք ձեր քաշի ավելի քան 5%-ը, հատկապես մեծ տարիքի ժամանակ, ապա անհրաժեշտ է բժշկական ստուգում: Օրինակ, եթե դուք 70 կլիոգրամ եք, 5%-ոց քաշի կորուստը հավասարվում է 3,5 կգ-ին, իսկ եթե 90 կիլոգրամ եք, ապա 4,5 կգ-ին:

Ձեր մարմնի քաշի վրա ազդում են սննդով ստացված էներգիան (կալորիաներ), ֆիզիկական ակտիվության մակարդակը, ընդհանուր առողջական վիճակը, տարիքը, սննդանյութերի ներծծումը, ինչպես նաև տնտեսական և սոցիալական գործոնները:

Պատճառներ

Անբացատրելի քաշի կորուստն ունի բազմաթիվ պատճառներ՝ ինչպես առողջական, այնպես էլ ոչ առողջական: Հաճախ ձեր ընդհանուր առողջության վատթարացման և փոխկապակցված քաշի կորուստ զարգանում է տարբեր գործոնների համակցված ազդեցության պատճառով: Երբեմն անհնար է գտնել որևէ կոնկրետ պատճառ:

Սովորաբար դեռևս չհայտնաբերված քաղցկեղը անբացատրելի քաշի կորստից բացի ընթանում է այլ ախտանիշներով և լաբորատոր թեստերի շեղումներով:

Անբացատրելի քաշի կորստի այլ հնարավոր պատճառներից են՝

  • Ադիսոնի հիվանդություն (մակերիկամային անբավարարություն)
  • ցելիակա կամ գյուտենային էնտերոպաթիա
  • սննդակարգի կամ ախորժակի փոփոխություններ
  • հոտառության զգացողության փոփոխություններ (օրինակ՝ անօսմիա)
  • համի զգացողության փոփոխություններ
  • թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության (ԹՔՕՀ) սրացում (ախտանիշների վատթարացում)
  • դեմենցիա և Ալցհեյմերի հիվանդություն
  • ատամների խնդիրներ
  • դեպրեսիա (մեծ դեպրեսիվ խանգարում)
  • շաքարային դիաբետ
  • սրտային անբավարարություն
  • ՄԻԱՎ վարակ և ՁԻԱՀ
  • արյան կալցիումի մակարդակի բարձրացում (հիպերկալցեմիա)
  • վահանաձև գեղձի գերակտիվություն (հիպերթիրեոզ կամ թիրեոտոքսիկոզ)
  • վահանաձև գեղձի թերակտիվություն (հիպոթիրեոզ)
  • որոշ դեղերի ընդունում
  • Պարկինսոնի հիվանդություն
  • պեպտիկ խոց
  • հոգեներգործուն նյութերի չարաշահում (ալկոհոլ, կոկաին և այլն)
  • տուբերկուլոզ
  • աղիների բորբոքային հիվանդություններ՝ Կրոնի հիվանդություն և խոցային կոլիտ:

Ե՞րբ այցելել բժշկին

Եթե դուք չկանխամտածված կորցնում եք ձեր քաշը և անհանգստացած եք այս երևույթից, խորհրդակցեք ձեր բժշկի հետ: Որպես չգրված օրենք, եթե 6-12 ամսվա ընթացքում ունեք 5% և ավելի քաշի կորուստ, սա կարող է վկայել որևէ առողջական խնդրի առկայության մասին: Եթե ունեք մեծ տարիք կամ որևէ լուրջ առողջական խնդիր, նույնիսկ ավելի փոքր քաշի կորուստը կարող է համարվել զգալի:

Բժիշկը ձեզ հետ միասին կփորձի որոշել ձեր քաշի կորստի պատճառը: Առաջին հերթին նա կծանոթանա ձեր կյանքի պատմության հետ, կզննի ձեզ և հավանաբար կնշանակի որոշ լաբորատոր թեստեր կամ պատկերային հետազոտություններ: Նման քայլերով ոչ հազվադեպ հնարավոր է լինում հայտնաբերել դեռևս չդրսևորված որևէ քաղցկեղային հիվանդությունը:

Երբեմն, եթե որևէ առողջական խնդիր հայտնաբերել չի հաջողվում, բժիշկը կարող է առաջարկել ամիսներ անց կրկնակի այց: Նա կարող է ձեզ առաջարկել հետագա քաշի կորուստը կանխարգելող սննակարգի փոփոխություններ:

Հոդվածը հրապարակվել է՝ 26-02-2021
Վերջին վերանայում՝ 30-04-2024