Խզզոցը բարձր, կոպիտ սուլող հնչյուն է, որը կարող է առաջանալ, երբ մարդը շնչում է:
Ի՞նչ է խզզոցը
Խզզոցները շնչառությանն ուղեկցող բարձր, կոպիտ և սուլող բնույթի շնչառական աղմուկներ են, որոնք կարող են լինել այնքան բարձր, որ լսվեն տարածության վրա (դիստանցիոն խզզոցներ) կամ լինեն այնքան ցածր, որ պատահականորեն հայտնաբերվի ձեր թոքերը ստետոսկոպով լսող բժշկի կողմից:
Ավելի հաճախ խզզոցները ծագում են կրծքավանդակում՝ թոքերում ամփոփված բարակ բրոնխեալ խողովակների խցանման (օբստրուկցիա) կամ նեղացման պատճառով: Խզզոցը նաև կարող է պատճառվել ավելի լայն շնչուղիների կամ ձայնալարերի նեղացման կամ խցանման պատճառով:
Խզզոցի տոնը կամ բնույթը խիստ կախված է այն հանգամանքից, թե շնչառական համակարգի որ մասն է նեղացած կամ խցանված: Վերին շնառական ուղիների նեղացումը կարող է առաջացնել ավելի կոպիտ կամ խռպոտ, իսկ ավելի ստորին խցանումները՝ ավելի «երգեցիկ» խզզոցներ:
Խզզոցն առավել ակնառու է դառնում, երբ մարդն արտաշնչում է, սակայն կարող է լսվել նաև ներշնչման ժամանակ:
Ո՞ւմ մոտ են առաջանում խզզոցները
Յուրաքանչյուր մարդու՝ սկսած նորածնից մինչև մեծ տարիքի չափահասի մոտ, կարող են առաջանալ խզզոցներ: Ասթմայով երեխաների մոտ խզզոցներ ավելի հաճախ են առաջանում: Խզզոցները նաև տարածված են նորածինների մոտ, օրինակ, իրենց կյանքի առաջին տարվա ընթացքում խզզոցներ առաջանում են նորածինների 25-30%-ի շրջանում:
Խզզոցները կարող են ավելի տարածված լինել մանկահասակ երեխաների մոտ, քանի որ նրանք ունեն ավելի նեղ օդատար ուղիներ: Ի լրումն, մինչև երկու տարեկան երեխաներն ավելի ռիսկային են բավականին տարածված, սակայն բուժելի բրոնխիոլի» կոչվող հիվանդության նկատմամբ, որի պատճառը վիրուսային շնչառական վարակն է և կարող է բերել խզզոցների:
Չափահաս մարդկանց շրջանում ավելի հավանական է, որ խզզոցներ կառաջանան ծխող, էմֆիզեմայով և սրտային անբավարարությամբ մարդկանց մոտ:
Ի՞նչ պատճառներից կարող են առաջանալ խզզոցները
Խզզոցների առաջացման պատճառները խիստ տարբեր են՝ սկսած քրոնիկ (երկարատև), սովորաբար՝ կառավարելի հիվանդություններից, ինչպիսին է ասթման և վերջացրած ծանր հիվանդություններով, ինչպիսին է սրտային անբավարարությունը:
Խզզոցների ամանահաճախ հանդիպող պատճառներից են՝
- ասթմա, որը նաև կոչվում է բրոնխային հեղձուկ կամ բրոնխիալ ասթմա՝ քրոնիկ շնչառական հիվանդություն, որն առաջացնում է բրոնխեալ խողովակների կծկանք (սպազմ) և այտուց
- բրոնխիտ՝բրոնխեալ խողովակների լորձաթաղանթի բորբոքում
- բրոնխիոլիտ՝ ամենաբարակ բրոնխների (բրոնխիոլների) պատի բորբոքային այտուց, որն առավել հաճախ հանդիպում է փոքր տարիքի երեխաների մոտ
- ծխախոտի օգտագործում, որը պայմանավորված է ծխախոտի ծխի գրգռիչ ազդեցությամբ և երկարաժամկետ վնասով, այդ թվում՝ քրոնիկ բրոնխիտով
- էմֆիզեմա՝ հիվանդություն, որի ժամանակ ախտահարվում են թոքերի մանր շնչապարկերը՝ ալվելոները
- սրտային անբավարարություն՝ծանր սրտային հիվանդություն, որի ժամանակ տուժում է սրտի կծկողական գործունեությունը
- թոքաբորբ (պնևմոնիա) թոքերի վիրուսային կամ բակտերիալ վարակային բորբոքում
- ասպիրացիա՝ ներշնչելիս շնչառական ուղիների մեջ օտար մարմնի ընկնելը
- անաֆիլաքսիա՝ ծանր սուր և հանկարծակի ալերգիկ ռեակցիա, որը կարող է առաջանալ մթերքներից, դեղերից կամ միջատների խայթոցից:
Ասթման և բրոնխիտը չափահասների շրջանում խզզոցների առաջացման ամենահաճախ հանդիպող պատճառներից են: Այս դեպքում խզզոցները սովորաբար բուժվում են՝ բուժելով բուն հիվանությունը:
Եթե ձեզ մոտ ի հայտ են գալիս շնչառական խզզոցներ, հնարավորինս շուտ կապ հաստատեք ձեր բժշկի հետ: Եթե խզզոցներն ուղեկցվում են ծանր աստիճանի շնչարգելությամբ կամ ձեր մաշկի կապտավուն երանգավորմամբ, անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն:
Ի՞նչ ախտանիշներ կարող են ուղեկցել խզզոցներին
Ախտանիշները խիստ կախված են խզզոցի պատճառից: Տարածության վրա լսելի բարձր սուլող ձայնը խզզոցի ամենաակնառու ախտանիշն է: Խզզոցներին ուղեկցող այլ ախտանիշներից են՝
- դժվարաշնչություն, որը կարող է ուղեկցվել օդի պակասի զգացողությամբ և հևոցով
- հազ
- կրծքավանդակի սեղմվածության կամ լարվածության զգացում
- ջերմություն
- քթի լցվածության կամ փակվածության զգացում
- ձայնի կորուստ
- շրթունքների կամ լեզվի այտուց
- բերանի շուրջը կամ եղունգների կապտավուն երանգ (ցիանոզ):
Ինչպե՞ս են խզզոցներն ախտորոշվում
Բժիշկը սկսում է հարցեր տալ խզզոցների առաջացման, հաճախականության կամ տևողության մասին: Նա կարող է հարցնել, թե արդյոք խզզոցներն առաջանում են ֆիզիկական լարվածության ժամանակ, օրինակ՝ երբ վարժանքներ եք կատարում, թե առկա են մշտապես: Ձեր բժշկին կարող են հետաքրքրել նաև հետևյալ հարցերի պատասխանները:
- Արդյոք ձեր խզզոցներն առաջանում են կոնկրետ տեղերում կամ կոնկրետ միջավայրերում, որտեղ կարող են լինել փոշի կամ այլ գրգռիչներ և ալերգեններ:
- Օրվա որ ժամերին են առաջանում կամ սաստկանում խզզոցները՝ գիշերը, թե ամբողջ օրվա ընթացքում: Օգնում է արդյոք հանգիստը:
- Երբ են առաջ գալիս խզզոցները՝ ներշնչելիս, արտաշնչելիս, թե երկու դեպքում էլ:
- Ծխող եք արդյոք դուք: Եթե ծխել եք անցյալում, ապա երբ եք հրաժարվել ծխախոտից:
- Կան արդյոք կոնկրետ մթերքներ կամ դեղեր, որոնք հավանաբար առաջացրել են ձեր խզզոցները:
Բժիշկը նաև կլսի ձեր շնչառությունը և թոքային հնչյուններն ու աղմուկները: Նա կարող է նաև նշանակել կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն, թոքային գործունեության ստուգման հետազոտություններ, արյան մեջ թթվածնի մակարդակի չափում, արյան և այլ թեստեր, որոնք օգտակար տվյալներ կտան ինչպես ընթացիկ վիճակի, այնպես էլ խզզոցների պատճառ հանդիսացող հիվանդության կամ առողջական խնդրի մասին:
Եթե խզզոցները հանկարծակի առաջացել են մանկահասակ երեխայի մոտ, բժիշկը կարող է ստուգել նաև նրա շնչուղիներում հնարավոր օտար մարմնի առկայությունը:
Ինչպե՞ս են խզզոցները բուժվում
Խզզոցների բուժումը կախված է պատճառից: Տարբեր պատճառներ կարող են պահանջել տարբեր բուժումներ:
Անհետաձգելի բուժում կարող է սկսվել, եթե առկա է շնչառական անբավարարություն: Նման դեպքերում ձեզ կարող են տալ լրացուցիչ թթվածին: Որոշ դեպքերում կարող է առաջանալ հիվանդանոցային բուժման անհրաժեշտություն` մինչև շնչառությունը կկարգավորվի:
Հոդվածը հրապարակվել է՝ 04-05-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024