Արդյո՞ք կնճիռների դեմ գովազդվող նրբաքսուքները նվազեցնում են մաշկային բարակ գծերի և կնճիռների տեսքը: Դա կախված է տարբեր հանգամանքներից:
Մարդիկ գնում և օգտագործում են կնճիռների դեմ նրբաքսուքներ (կրեմ) և լոսյոններ՝ հույս ունենալով, որ դրանք կարող են նվազեցնել կնճիռները և կանխել կամ հետ զարգացնել արևի հետևանքով առաջացած վնասը: Արդյո՞ք դա այդպես է։ Պատասխանը հաճախ կախված է նրանից, թե ինչ է պարունակում տվյալ արտադրանքը և որքան ժամանակ եք այն օգտագործում: Կնճիռների դեմ միջոցները չեն դասակարգվում որպես դեղամիջոցներ, ուստի և չեն պահանջում գիտական հետազոտություններ՝ իրենց արդյունավետությունն ապացուցելու համար:
Եթե փնտրում եք դեմքի հարթեցման միջոց, հավանաբար իրենցից դեղորայք չներկայացնող այս նրբաքսուքները չեն գոհացնի ձեր բոլոր պահանջները: Նմանատիպ արտադրանքների առավելությունները միայն թեթևակի են:
Հակակնճիռային նրբաքսուքների ընդհանուր բաղադրիչները
Խոնավացումն ինքնին կարող է բարելավել ձեր մաշկի տեսքը: Այն ժամանակավորապես թարմացնում է մաշկը՝ ավելի քիչ տեսանելի դարձնելով գծերն ու կնճիռները: Խոնավացնող միջոցներն իրենցից ներկայացնում են լոսյոններ, նրբաքսուքներ (կրեմ), գելեր և շիճուկներ, որոնք պատրաստված են ջրից, յուղերից և այլ բաղադրիչներից, ինչպիսիք են սպիտակուցները, մոմերը, գլիցերինը, լակտատը և միզանյութը (ուրեա):
Կնճիռների դեմ նրբաքսուքները հաճախ ակտիվ բաղադրիչներով խոնավացնող միջոցներ են: Այս ակտիվ բաղադրիչները նրբաքսուքին տալիս են լրացուցիչ առավելություններ: Դրանք նախատեսված են բարելավելու մաշկի գույնը, գծագրությունը (տեքստուրա) և թաքցնելու բարակ գծերն ու կնճիռները: Թե որքան լավ դրանք կազդեն, մասամբ կախված է ձեր մաշկի տեսակից և ակտիվ բաղադրիչից: Ավելացված բաղադրիչների մեծ մասը նաև մատչելի է ավելի ուժեղ դեղաձևերով՝ մտնելով իրենցից դեղամիջոց ներկայացնող տարբեր ապրանքատեսակների կազմության մեջ:
Ստորև ներկայացվում են խոնավացնող շիճուկների և նրբաքսուքների ընդհանուր բաղադրիչները, որոնք կարող են բարելավել ձեր մաշկի արտաքին տեսքը: Ինչ արտադրանք էլ որ ընտրեք, անպայման ծանոթացեք կազմությանը և օգտագործման հրահանգներին:
- Ռետինոլներ. սա վիտամին A-ի միացություններից պատրաստված արտադրանք է: Այն ավելի թույլ է, քան ռետինոիդը, որն առկա է իրենցից դեղամիջոց ներկայացնող բազմաթիվ արտադրանքների մեջ: Օրինակներից են՝ The Ordinary Retinol 0.5% Squalane և CeraVe Resurfacing Retinol Serum: Ռետինոլները և ռետինոիդներն անվտանգ չեն հղիության ընթացքում օգտագործելու համար:
- Վիտամին C (ասկորբինաթթու). վիտամին C-ն ինքնին շատ չի օգնում, բայց երբ ավելացվում է կնճիռների դեմ շիճուկին և պարբերաբար օգտագործվում է, նվազեցնում է մաշկի վրա արևի և աղտոտվածության բացասական ազդեցությունը և կրճատում մաշկի գունաթափումը: Վիտամին C-ն նաև օգնում է ձեր մաշկի կողմից կոլագենի արտադրությանը, որն ապահովում է մաշկի առաձգականությունը (էլաստիկությունը): Վիտամին C-ի շիճուկների օրինակներից են՝ CeraVe Vitamin C Face Serrum և La Roche-Posay Vitamin C Anti-Aging Serrum: Վիտամին C պարունակող արտադրանք գնելու համար կազմության մեջ փնտրեք L-ասկորբինաթթու բաղադրիչը: Պահպանեք ձեր վիտամին C-ի արտադրանքը օդից և արևի լույսից հեռու, որ այն երկար պահպանի իր արդյունավետությունը:
- Նիացինամիդ. այս նյութը կապված է վիտամին B3-ի հետ (նիացին): Այն օգտագործվում է շիճուկների, դիմակների, խոնավացնող միջոցների և կնճիռների դեմ նրբաքսուքների մեջ: Նիացինամիդը կարող է նվազեցնել ծերացման նշանները և մաշկի գունաթափումը: Եվ նիացինամիդը կարող է հանգստացնող ազդեցություն ունենալ մաշկի վրա՝ դարձնելով ձեր մաշկն ավելի ունակ, որ օգուտ ստանա նրբաքսուքի այլ բաղադրիչներից: Կիրառեք այն օրը երկու անգամ։
- Բակուչիոլ. այս նյութն ավելի մեղմ ազդեցություն ունի, քան ռետինոլը և անվտանգ է հղիության ընթացքում օգտագործելու համար: Բակուչիոլն օգտագործվում է շիճուկների և խոնավացնող միջոցների մեջ և իր ուժեղ հակաօքսիդանտային ազդեցության շնորհիվ կարող է նվազեցնել ծերացման նշանները և մաշկի գունաթափումը: Բակուչիոլը պատկանում է այուրվեդիկ բժշկության ավանդույթներին: Կիրառեք այն օրը երկու անգամ։
- Տրանեքսամաթթու. այս նյութը ստացվում է լիզին ամինաթթվից: Այն բացացնում է մաշկը և նվազեցնում գունաթափությունն ու մելազման: Կիրառեք այն օրը երկու անգամ՝ արևապաշտպան քսուքի հետ միասին։ Օրինակներից են՝ La Roche-Posay Glycolic B5 10% Pure Glycolic Acid Serum և Paula's Choice Clinic Discoloration Repair Serum:
- Ազելաթթու. սա նուրբ նյութ է, որը լավ է ազդում, երբ զուգակցվում է կնճիռների դեմ շիճուկի կամ խոնավացնող այլ բաղադրիչների հետ: Եվ այն անվտանգ է օգտագործել հղիության ընթացքում: Ազելաթթուն հակաբակտերիալ և մաշկը բացացնող միջոց է: Կիրառեք այն օրական մինչև երկու անգամ։ Օրինակներից են՝ The Ordinary Azelaic Acid Serum և The Inkey List Azelaic Acid Serum:
Զրո երախշավորում. անվտանգության և արդյունավետության գնահատում
ԱՄՆ Սննդի և դեղերի գործակալությունը (FDA) նրբաքսուքները ու լոսյոնները դասակարգում է որպես կոսմետիկ միջոցներ, որոնք սահմանվում են որպես բժշկական արժեք չներկայացնող: FDA-ն դրանց նկատմամբ ավելի թեթև կարգավորումներ է ներկայացնում, քան խիստ պահանջների դաշտում առկա դեղամիջոցները: Ուստի, կոսմետիկ արտադրանքները չեն անցնում անվտանգության և արդյունավետության հետազոտություններ, ինչպես մաշկային կիրառում ստացած դեղամիջոցները: Դուք նաև կարող եք լսել «կոսմետիկ նյութեր», տերմինը, որն օգտագործվում է այն միջոցների համար, որոնք մասամբ կոսմետիկ և մասամբ դեղորայքային են:
FDA-ն չի գնահատում կոսմետիկ արտադրանքը կամ կոսմետիկ նյութերն արդյունավետության համար, ուստի որևէ երաշխիք չկա, որ դրանք կնվազեցնեն ձեր կնճիռները:
Հաշվի առեք այս կետերը, երբ ցանկանում եք որոշում կայացնել կնճիռների դեմ միջոցներ ընտրելիս:
- Գին. գինը որևէ կապ չունի արդյունավետության հետ: Կնճիռների դեմ նրբաքսուքը, որն ավելի թանկ է, կարող է ավելի արդյունավետ չլինել, քան էժան ապրանքը:
- Ցածր դեղաչափեր. իրենցից դեղամիջոցներ չներկայացնող մաշկային արտադրանքները պարունակում են ակտիվ բաղադրիչների ավելի ցածր խտություններ, քան դեղորայքային նրբաքսուքները: Ուստի, առաջին դեպքում դուք կարող եք որևէ արդյունք չտեսնել կամ դրանք կարող են լինել կարճաժամկետ:
- Ամենօրյա օգտագործում. ամենայն հավանականությամբ, դուք պետք է օգտագործեք կնճիռների դեմ նրբաքսուքներն օրական մեկ կամ երկու անգամ շաբաթներ շարունակ՝ նախքան ձեր մաշկի որևէ փոփոխություն նկատելը: Եվ երբ դադարեցնեք արտադրանքի օգտագործումը, ձեր մաշկն, ամենայն հավանականությամբ, կվերադառնա նախկին տեսքին:
- Կողմնակի ազդեցություններ. որոշ արտադրանքներ կարող են առաջացնել մաշկի գրգռում, ցան, այրոց կամ բորբոքում: Իսկ որոշ տեսակներ չեն կարող օգտագործվել հղիության ընթացքում: Համոզվեք, որ կարդացել եք տվայլ միջոցի հրահանգները և ծանոթացել եք կողմնակի ազդեցություններին և դրանցից խուսափելու եղանակներին: Ընրեք այնպիսի արտադրանքներ, որոնք չեն առաջացնում ալերգիկ ռեակցիաներ և ակնե (պզուկներ): Դրանք պիտակավորված են որպես հիպոալերգիկ և ոչ կոմեդոգեն:
- Անհատական տարբերություններ. այն, որ որևէ արտադրանք օգնել է ձեր ծանոթին, դեռ չի նշանակում, որ նաև կարող է օգնել ձեզ: Մարդիկ ունեն մաշկի տարբեր տեսակներ: Եվ ոչ մի արտադրանք չի ազդում բոլորի համար նույն կերպ:
Կնճիռների դեմ մաշկի խնամքի ռեժիմը
Հակակնճիռային շիճուկներն ու նրբաքսուքները կարող են փոքր կնճիռները դարձնել ավելի քիչ նկատելի: Ձեր արդյունքները կարող են կախված լինել նրանից, թե որքան հաճախ եք օգտագործում տվյալ արտադրանքը, դրա ակտիվ բաղադրիչի տեսակից և քանակությունից, ինչպես նաև ձեր կնճիռների տեսակից:
Այնուամենայնիվ, եթե ցանկանում եք կազմել ձեր մաշկի խնամքի ամենօրյա ռեժիմ, փորձեք ձեր մաշկի մասին հոգ տանելու այս առավել հուսալի եղանակները:
- Պաշտպանեք ձեր մաշկն արևից. ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը արագացնում է ձեր մաշկի բնական ծերացման գործընթացը՝ առաջացնելով կնճիռներ և կոպիտ, բծավոր մաշկ: Իրականում, արևի ազդեցությունը մաշկի ծերացման նշանների, ներառյալ՝ անհավասարաչափ երանգավորման թիվ մեկ պատճառն է: Պաշտպանեք ձեր մաշկը՝ սահմանափակելով արևի տակ անցկացրած ժամանակը և միշտ կրելով արևապաշտպան հագուստ և գլխարկ: Բացի այդ, ամբողջ տարին բաց մաշկի վրա օգտագործեք արևապաշտպան քսուք, երբ դրսում եք: Նույնիսկ պատուհանից թափանցող արևի ճառագայքները կարող են մեծացնել մաշկի ծերացման նշանները, ինչպիսիք են կնճիռները: Այսպիսով, օգտակար է նաև սովորույթ դարձնել, որ ամեն օր օգտագործեք արևապաշտպան քսուք պարունակող միջոց, նույնիսկ եթե չեք նախատեսում դրսում լինել: Ծայրահեղ դեպքում նման միջոցով օծեք ձեր դեմքը, կրծքային բացվածքը և ձեռքերը:
- Ընտրեք այնպիսի ապրանքատեսակներ, որոնք պարունակում են արևապաշտպան միջոցներ. օգտագործեք լայն սպեկտրի արևապաշտպան քսուք՝ առնվազն 30 SPF-ով, նույնիսկ ամպամած օրերին: Բազմաթիվ խոնավացնող միջոցներ և դիմահարդարման միջոցներ պարունակում են արևապաշտպան քսուք: Ուստի, փորձեք ընտրել առավոտյան խոնավացնող միջոց կամ նրբաքսուք, որն արդեն պարունակում է SPF 30 կամ ավելի բարձր արևապաշտպան քսուք: Եվ սովորություն դարձրեք այն օգտագործել ամեն օր: Իսկ երբ դրսում եք, առատորեն օծեք ձեր մաշկն արևապաշտպան քսուքով: Կրկնեք յուրաքանչյուր երկու ժամը մեկ կամ ավելի հաճախ, եթե լողում եք կամ քրտնած եք: Այն ապրանքատեսակները, որոնք պարունակում են արտաքին պատնեշային նյութեր, ինչպիսիք են ցինկի օքսիդը և տիտանի օքսիդը, ապահովում են զգայուն մաշկի ամենաարդյունավետ պաշտպանությունը: Օրինակներից են՝ Eucerin SPF 50, La Roche-Posay SPF 50 և Tizo AM Replenish: Կիրառեք դրանք այլ նրբաքսուքների վրա, որն օգտագործում եք, բացառությամբ միջատներին վանող միջոցի, որոնք պետք է լինեն ամենավերևում:
- Օգտագործեք խոնավացնող միջոցներ. խոնավացնող միջոցները չեն կարող կանխել կնճիռները, բայց թույլ են տալիս, որ ձեր մաշկը մնա բավարար խոնավ և թարմ՝ ժամանակավորապես քողարկելով մանր գծերն ու կնճիռները:
- Մի՛ ծխեք. ծխախոտի օգտագործումն առաջացնում է մաշկի արտաքին շերտերի արյունատար անոթների նեղացում։ Այն նաև վնասում է մաշկի կոլագենը և էլաստինը՝ մանրաթելեր, որոնք ձեր մաշկին տալիս են ամրություն և առաձգականություն: Ծխելու հետևանքով ձեր մաշկը սկսում է ժամանակից շուտ թորշոմել և կնճռոտվել։ Թողնելով ծխելը՝ դուք կարող եք բարելավել ձեր մաշկի երանգը և գծագրությունը (տեքստուրա), ինչպես նաև կանխարգելել ավելի շատ կնճիռների առաջացումը:
Մաշկաբանը կարող է օգնել ձեզ՝ մշակելու ձեր մաշկի խնամքի անհատականացված ծրագիր՝ նախապես գնահատելով ձեր մաշկի տեսակը, վիճակը և առաջարկելով արտադրանքներ, որոնք հավանաբար արդյունավետ կլինեն:
Եթե ավելի արագ արդյունքների եք ձգտում, մաշկաբանը կարող է խորհուրդ տալ կնճիռների դեմ բուժում: Դրանցից են՝ դեղորայքային նրբաքսուքներ և շիճուկներ, դեղամիջոցների ներարկումներ (Բոտեքս, Քսեոմին, Դաքսիֆայ, Սկուլպտրա, Ռադիեսե և այլն), քիմիական պիլինգ, լազերային բուժում և այլն:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-05-2024
Վերջին վերանայում՝ 27-05-2024