Ձեր հղիության փաստը հաստատվելուց հետո դուք հավանաբար կցանկանաք իմանալ, թե երբ է ձեր երեխան ծնվելու:
Հղիությունը միջինը տևում է 280 օր (40 շաբաթ)՝ սկսած ձեր վերջին դաշտանի առաջին օրվանից, սակայն լիաժամկետ հղիությունը կարող է տևել սկսած 37-ից մինչև 42 շաբաթ: 37 շաբաթականից շուտ ծնված երեխաները համարվում են վաղաժամ, իսկ 42 շաբաթականից ուշ ծնվածները՝ ուշացած:
Ձեր երեխայի ծնվելու մոտավոր ամսաթիվը կանխատեսելու համար ձեր վերջին դաշտանի ամսաթվին ավելացրեք 7 օր և հետո ավելացրեք 9 ամիս (կամ հանեք 3 ամիս): Օրինակ, եթե ձեր վերջին դաշտանը սկսվել է մարտի 1-ին, ավելացնելով 7 օր՝ կստանանք մարտի 8-ը, որից հետո ավելացնելով 9 ամիս (կամ հանելով 3 ամիս)՝ կստանանք դեկտեմբերի 8-ը, որն էլ կլինի ձեր ծննդաբերության մոտավոր ամսաթիվը:
Եթե ձեր դաշտանային ցիկլերը կանոնավոր չեն և դուք համոզված չեք ձեր հաշվարկած ամսաթվի մեջ, ձեզ կարող է օգնել գերձայնային հետազոտությունը (ԳՁՀ, սոնոգրաֆիա): Սոնոգրաֆիայի միջոցով ակնկալվող ծննդաբերության օրը որոշվում է՝ ելնելով երեխայի զարգացման աստիճանից: Այս նպատակով ԳՁՀ կարող է իրականացվել հղիության առաջին 6 շաբաթից հետո ցանկացած ժամանակ: Ընդ որում, ԳՁՀ-ով հղիության ժամկետը որոշելն ավելի ճշգրիտ է, քան դաշտանային վերջին ցիկլով հաշվարկը:
Կան նաև ծննդաբերության օրվա հաշվարկի տարբեր առցանց հաշվիչներ: Դուք կարող եք օգտվել նաև Մեդեքսի առցանց գործիքից:
Ակնկալվող ծննդաբերության օրը հաշվարկելիս հաշվի է առնվում ոչ թե բեղմնավորման, այլ վերջին դաշտանի օրը մի շարք պատճառներով՝
- թեև կանանց մոտ ձվազատումը (օվուլյացիա) տեղի է ունենում նրանց դաշտանից 2 շաբաթ հետո, հստակ ժամկետը ոչ միշտ է հայտնի
- երբ ձվարանից ձվաբջիջն ազատվում է, կարող է պահպանել իր պտղաբերությունը մինչև 24 ժամվա ընթացքում
- սպերմատոզոիդները բեղմնավորելու իրենց ունակությունը կարող են պահպանել սեռական հարաբերությունից հետո մինչև 7 օրվա ընթացքում:
Հոդվածը հրապարակվել է՝ 18-05-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024