Skip to main content

Ֆեկալ կալպրոտեկտին - Այլ

Միջազգային անվանում (հապավում). Fecal Calprotectin (FC)

Նկարագրություն

Կալպրոտեկտինը հանդիսանում է նեյտրոֆիլային գրանուլոցիտների մետաբոլիտ, որի հայտնաբերումը կղանքի մեջ կարող է վկայել աղիքի պատի բորբոքման մասին:

Այս տեսակի սպիտակուցներից են լակտոֆերրինը, լիզոցիմը, էլաստազան, միելոպերօքսիդազը և կալպրոտեկտինը: Դրանցից լակտոֆերրինը և կալպրոտեկտինն առավել կայուն են և ավելի դանդաղ են քայքայվում միկրոօրգանիզմների պրոտեազներից, որը թույլ է տալիս դրանք օգտագործել ախտորոշիչ նպատակներով՝ հետազոտելու կղանքում այս երկու սպիտակուցների մակարդակները: Տվյալ սպիտակուցները համարվում են «ֆեկալ բորբոքման» բիոմարկերներ:

Կալպրոտեկտինը 36 կիլոԴալտոն մոլեկուլյար զանգվածով ստիպակուց է, որն իր կազմում պարունակում է կալցիումի և ցինկի իոններ և in vitro պայմաններում ունի բակտերոստատիկ և ֆունգիցիդ ազդեցություն: Այն կազմում է նեյտրոֆիլների ցիտոպլազմայում առկա սպիտակուցների 60%-ը, իսկ փոքր քանակներով նաև կարող է հայտնաբերվել մոնոցիտներում և հյուսվածքային մակրոֆագներում: Կղանքում կալպրոտեկտինի առաջացումն արտացոլում է դեպի աղիքի լուսանցք նեյտրոֆիլների հոսքը: 

Աղիքի պատից արյունահոսությունը կղանքային կալպրոտեկտինի խտության վրա ազդում է միայն աննշան չափով՝ ոչ ավելի քան 10 մկգ/գ-ով: Առաջնային ախտորոշման փուլում կղանքային կալպրոտեկտինի մակարդակի ավելի քան 120 մկգ/գ աճ գրանցվում է աղինքերի բորբոքային հիվանդություն ունեցող անձանց ավելի քան 90%-ի մոտ:

Ֆեկալ կալպրոտեկտինի հայտնաբերումը թույլ է տալիս հաստ աղու գրգռման ախտանիշով պացիենտներին տարբերակել ստամոքս-աղիքային ուղու օրգանական պատճառներով ախտահարմամբ պացիենտներից: Կալպրոտեկտինի մակարդակի չափավոր բարձրացած արժեքներ դիտարկվում է աղիների լորձաթաղանթի ախտահարման ժամանակ (այդ թվում՝ ցելիակա, լակտազային անբավարարություն և աուտոիմուն գաստրիտ), իսկ զգալի բարձրացած մակարդակներ՝ աղիների բորբոքային հիվանդությունների, ստամոքս-աղիքային ուղու բակտերիալ վարակների, դիվերտիկուլների, ուռուցքային հիվանդությունների, ինչպես նաև ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցների (ՈՍՀԲԴ) մշտական օգտագործման ժամանակ:

Նորածնային և մանկահասակ տարիքում կալպրոտեկտինի միջին մակարդակը սովորաբար ավելի բարձր է, քան չափահասների մոտ: Ցածր սպեցիֆիկության պատճառով կալպրոտեկտինը չի կարող փոխարինել Կրոնի հիվանդության ախտորոշման գործիքային մեթոդներին: Հիստոլոգիական հետազոտությունը համարվում է ախտորոշման «ոսկե ստանդարտ», իսկ էնդոսկոպիկ զննման մեթոդների հետ զուգակցումը թույլ է տալիս ճշտել աղու ախտահարման տեղակայումը և ծավալը: Կրոնի հիվանդության ժամանակ ֆեկալ կալպրոտեկտինի առավելությունն այն է, որ վերջինիս բարձրացած մակարդակը կարող է արտացոլել բարակ աղու հատվածային ախտահարումը, որը չի կարող հայտնաբերվել էնդոսկոպիկ կամ հիստոլոգիական հետազոտություններով: Կղանքում ֆեկալ կալպրոտեկտինի մակարդակն անմիջականորեն կոռելացվում է հիվանդության հիստոլոգիական և էնդոսկոպիական ակտիվության հետ, ուստի այս ցուցանիշի կայուն բարձրացումը կարող է վկայել բուժման անարդյունավետության, իսկ դինամիկայում նույն ցուցանիշի բարձրացումը՝ հիվանդության սրացման հավանականության մասին:

Աղիների հիվանդության վաղ ախտորոշման փուլում առանձնահատուկ գանգատներ ունեցող պացիենտների մոտ ֆեկալ կալպրոտեկտինի և կղանքում թաքնված արյան թեստերի համադրությունն օգնում է կոլոնոսկոպիայի անցկացման անհրաժեշտության գնահատմանը:

Լաբորատոր բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Ցուցումներ

  • աղիների պատի օրգանական (բորբոքային) փոփոխությունների և ֆունկցիոնալ խանգարումների տարբերակիչ ախտորոշում
  • աղիների բորբոքային հիվանդությունների համալիր ախտորոշում և ակտիվության գնահատում
  • ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտի և Կրոնի հիվանդության բուժման վերահսկում
  • կղանքում թաքնված արյան հայտնաբերման թեստի հետ մասին՝ կոլոնոսկոպիայի անցկացման անհրաժեշտության գնահատում
  • ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցների օգտագործման հետ կապված էնտերոպաթիա

Կենսանմուշ

FC թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ կղանք։

Չափման միավորներ

միկրոգրամ/գրամ (մկգ/գ)

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

  • < 50 մկգ/գ՝ բացասական
  • 80-160 մկգ/գ՝ չափավոր բարձրացում, որը կարող է վկայել օրգանական ախտահարման մասին՝ առաջացած ՈՍՀԲԴ-ի օգտագործմամբ, դիվերտիկուլիտի և ռեմիսիայի (ախտադադարի) շրջանի աղիների բորբոքային հիվանդությունների, ինչպես նաև թույլ իմունային պատասխանի պատճառով (խորհուրդ է տրվում դինամիկ հսկողություն)
  • > մկգ/գ` արտահայտված բարձրացում, որը կարող է վկայել աղիների բորբոքային հիվանդության հավանականության մասին

Արդյունքների մեկնաբանություն

CALPRO-ի բարձրացում

  • Կրոնի հիվանդություն և ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ
  • ստամոքս-աղիքային ուղու բակտերիալ վարակներ
  • դիվերտիկուլներ և ուռուցքային հիվանդություններ
  • ՈՍՀԲԴ-ի օգտագործում
  • ստմոքսային ուղու լորձաթաղանթի բորբոքային ախտահարում ցելիակայի, աուտոիմուն գաստրիտի, դիվերտիկուլիտի և այլ պատճառներով
  • սննդային ալերգիա
  • մուկովիսցիդոզ
  • ադենովիրուսային, ռոտավիրուսային և նորովիրուսային փորլուծություններ:

Վարվեք այս կերպ

  • Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Հոդվածը հրապարակվել է՝ 15-11-2023
Վերջին վերանայում՝ 15-11-2023