Կենտրոնական նյարդային համակարգը (ԿՆՀ) ձեր նյարդային համակարգի կենտրոնական օղակն է և կազմված է գլխուղեղից և ողնուղեղից:
Նյարդային համակարգի երկրորդ մասը ծայրամասային նյարդային համակարգն է, որը կազմված է ԿՆՀ-ը մարմնի մյուս մասերի հետ կապող նյարդերից:
Ձեր գլխուղեղը վերահսկում է ձեր մարմնի կամ օրգանիզմի գործառույթների մեծ մասը, այդ թվում՝ իրազեկվածություն, շարժողական գործառույթներ, ինչ եք մտածում և ասում, ինչ եք տեսնում, լսում, զգում, հոտոտում կամ համտեսում և այլն:
Ձեր ողնուղեղը հանդիսանում է գլխուղեղի շարունակությունը: Այն իրեն միացած նյարդերի միջոցով դեպի գլխուղեղ և հակառակ ուղղությամբ հաղորդում է ազդանշաններ կամ, պատկերավոր ասած՝ «հաղորդագրություններ»:
Սակայն գլխուղեղը մարմնի մյուս շրջանների հետ կարող է կապ ստեղծել նաև շրջանցելով ողնուղեղը: Օրինակ, գլխուղեղից հեռանում են 12 զույգ գանգուղեղային նյարդեր, որոնցից է ներքին օրգանների աշխատանքը կարգավորող թափառող նյարդը։
Նյարդերը նաև ձեր ողնուղեղը կապում են գլխուղեղի շրջաններից մեկի՝ ուղեղաբնի հետ:
Ձեր գլխուղեղը և ողնուղեղը տեղակայված են համապատասխանաբար գանգի և ողնաշարի խոռոչներում: Շրջակա հյուսվածքներից ԿՆՀ-ն պաշտպանված է մաքուր հեղուկով, որը կոչվում է ողնուղեղային հեղուկ (լիքվոր):
Իմացե՛ք ավելին ձեր նյարդային համակարգի մասին:
Ձեր գլխուղեղը
Ձեր գլխուղեղի ամենակարևոր շրջաններն են՝
- «մեծ ուղեղ» (ցերեբրում) կամ մեծ կիսագնդեր
- ուղեղիկ (ցերեբելում)
- տեսաթումբ (թալամուս)
- ենթատեսաթումբ (հիպոթալամուս)
- ուղեղաբուն:
Մեծ ուղեղը գլխուղեղի ամենամեծ մասն է: Այն կառավարում է ձեր կամային գործողությունները, խոսքը, զգացողությունները, մտքերը և հիշողությունը, ինչպես նաև օրգանների ու նրանց համակարգերի փոխհամաձայնեցված գործունեությունը և ձեր վարքագիծն ու անհատականությունը: Մեծ ուղեղը բաժանվում է ձախ և աջ կիսագնդերի, որոնք միմյանցից բաժանված են երկայնական ճեղքով և միմյանց միանում են սպիտակ նյութի մի քանի կպումներով, որոնցից ամենամեծը բրտամարմինն է (corpus callosum):
Ըստ ընդունված դասակարգման գլխուղեղի բաժիններն են՝
- ետին ուղեղ՝ երկարավուն ուղեղ և վարոլյան կամուրջ
- միջին ուղեղ
- միջանկյալ ուղեղ՝ տեսաթումբ ու ենթատեսաթումբ
- ուղեղիկ
- մեծ կիսագնդեր (ծայրային ուղեղ):
Յուրաքանչյուր կիսագունդ կազմված է 4 բլթից կամ բաժնից՝ ճակատային, գագաթային, ծոծրակային և քունքային, որոնք բոլորը միմյանց հետ կապված են:
- Ձեր ճակատային բլթերը կառավարում են շարժումները, խոսքը, գրելը և որոշ գործառույթներ՝ վարքագծեր, տրամադրություն, հիշողություն, ինքնաճանաչում և շրջապատի ճանաչում:
- Ձեր քունքային բլթերը կարևոր դեր են խաղում հիշողության, լսողության, հոտառության, խոսքի և լեզվի գործառույթներում:
- Ձեր գագաթային բլթերը կարևոր դեր են խաղում համի, հպման, ջերմության և ցավի զգացողությունների կառավարման, ինչպես նաև թվերը հասկանալու, ձեր մարմնի վերաբերյալ ճանաչողության և տարածության ընկալման գործընթացներում:
- Ձեր ծոծրակային բլթերը մասնակցում են տեսողության գործընթացներին:
Տեսաթումբը և ենթատեսաթումբն ընկած են խոր՝ գլխուղեղի ներսում:
- Տեսաթումբը (թալամուս) ապահովում է դեպի կիսագնդեր և հակառակ ուղղությամբ տեղեկատվության փոխանցումը, ինչպես նաև շարժումների և հիշողության կառավարումը:
- Ենթատեսաթումբը (հիպոթալամուս) վերահսկում է ախորժակը, ծարավի զգացումը և մարմնի ջերմաստիճանը, ինչպես նաև արտադրում է հորմոններ, որոնք կառավարում են մակուղեղի (հիպոֆիզի) կողմից այլ հորմոնների արտադրությունը: Մակուղեղի հորմոնները կարգավորում են վահանաձև գեղձի, մակերիկամների և սեռական օրգանների գործառույթները:
Գլխուղեղի հիմքում ընկած է ուղեղաբունը: Այն կարևոր է շնչառության, արյան ճնշման և վտանգի դեպքում օրգանիզմի պատասխան ռեակցիայի համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 16-05-2019
Վերջին վերանայում՝ 17-03-2023