Ձեր աչքերը թույլ են տալիս տեսնել շրջապատող աշխարհը, տարբերել առարկաների և իրերի ձևն ու գույնը, և իզուր չէ, որ աչքերն անվանում են «պատուհան դեպի աշխարհ»:
Աչքի կառուցվածքը
Աչքը գնդաձև զույգ օրգան է, որն ունի մոտ 2,5 սմ տրամագիծ: Իրականում աչքը ճշգրիտ գնդաձև չէ, այլ՝ քիչ ձվաձև:
Երբ հայելու մեջ զննում եք ձեր աչքը, դուք կարող եք տեսնել՝
- ծիածանաթաղանթ (իրիս), որն աչքի գունավորված մասն է
- եղջերաթաղանթ (կորնեա), որը ծիածանաթաղանթի վրա նստած թափանցիկ գմբեթաձև բարակ շերտ է
- բիբ, որը ծիածանաթաղանթի կենտրոնի սև անցքն է, որով ներս է թափանցում լույսը
- կարծրաթաղանթ (սկլերա), որն աչքի սպիտակ շրջանն է
- շաղկապենի (կոնյուկտիվա), որը եղջերաթաղանթից բացի աչքի առաջնային մակերեսը ծածկող հյուսվածքն է:
Դուք չեք կարող տեսնել աչքի հետևյալ մասերը՝
- ոսպնյակ (լինզա), որը տեղակայված է բբի ետևում
- ցանցաթաղանթ (ռետինա), որը գտնվում է աչքի ետին պատին՝ ներսից
- տեսողական նյարդ, որը գտնվում է աչքի ետևում:
Աչքի կառուցվածքը
Ինչպե՞ս է աչքը գործում
Աչքը լույսը փոխակերպում է էլեկտրական ազդանշանների, որոնք ձեր գլխուղեղը վերափոխում է տեսողության զգացողության:
Լույսը ձեր աչք թափանցում է՝ հաջորդաբար անցնելով եղջերաթաղանթով, բբով և ոսպնակով: Եղջերաթաղանթը և ոսպնյակը բեկում են լույսը՝ ուղղելով այն դեպի ցանցաթաղանթ:
Ցանցաթաղանթը նյարդային հյուսվածքի նուրբ շերտ է, որը պարունակում է՝
- ցուպիկներ, որոնք նույնականացնում են առարկաների ձևերը և շարժումները
- սրվակներ, որոնք հայտնաբերում են առարկաների մանրամասները և գույները:
Ցուպիկները և սրվակները կլանում են լույսը և փոխակերպում նյարդային ազդանշանների՝ դրանք տեսողական նյարդով ուղարկելով դեպի գլխուղեղ:
Ձեր գլխուղեղն ընկալում է նյարդային ազդանշանները որպես տեսողական պատկերներ:
Տեսողության կորստի պատճառները
Տեսողության թուլացումը կամ կուրությունը կարող են զարգանալ հետևյալ պատճառներից՝
- հիվանդություններ և վարակներ
- դժբախտ պատահարներ
- ճառագայթների կամ քիմիական նյութերի ազդեցություն
- շաքարային դիաբետ (դիաբետիկ ռետինոպաթիա):
Որոշ մարդիկ կարող են տեսողության խանգարում ունենալ ի ծնե կամ ծվելուց կարճ ժամանակ անց:
Աչքի որոշ հիվանդություններ և վիճակներ կարող են բերել տեսողության խանգարման: Եթե անհանգստացած եք ձեր տեսողության հետ կապված խնդիրներից, առանց հետաձգելու այցելեք ձեր բժշկին կամ ակնաբույժին:
Աղոտ տեսողությամբ բազմաթիվ մարդկանց կարող են օգնել ճիշտ ընտրված ակնոցները կամ կոնտակտային լինզաները:
Իմացեք ավելին աչքի հիվանդությունների մասին:
Ինչպե՞ս ձեր աչքերը պահել առողջ
Ձեր աչքերն առողջ պահելու համար՝
- երկու տարին մեկ ստուգեք ձեր տեսողությունը
- պաշտպանեք ձեր աչքերն արևի ճառագայթներից կամ լույսի ուժեղ աղբյուրներից (օրինակ՝ արևապաշտպան գլխարկ և արևային ակնոցներ)
- պահպանեք առողջ սննդակարգ. կանաչատերև բանջարեղենները, ձկնեղենը, կտավատի սերմը և որոշ վիտամիններն ու միներալները կարող են օգնել տեսողության թուլացման կանխարգելմանը
- պաշտպանեք ձեր աչքերը վնասվելուց ինչպես տանը, այնպես էլ աշխատավայրում
- մի՛ ծխեք:
Ստուգեք նաև ձեր երեխաների տեսողությունը, հատկապես, եթե նրանք ասում են, որ լավ չեն տեսնում:
Հոդվածը հրապարակվել է՝ 15-05-2019
Վերջին վերանայում՝ 06-11-2023