Մազերը եղունգների հետ միասին վերնամաշկի (էպիդերմիս) եղջերային գոյացում են։
Մազերը և եղունգներն անընդհատ աճում են վերնամաշկի կենդանի բջիջների շնորհիվ։
Մարմնի ամբողջ մակերեսը (մոտ 95 %), բացառությամբ շրթունքների, ափերի և ներբանների, ծածկված են մազերով։
Մազերն ունեն պաշտպանական նշանակություն, պահում են օդը և նվազեցնում մարմնի ջերմատվությունը։
Բուն մաշկում (դերմիս) գտնվում են ճարպագեղձեր, որոնց արտազատուկը՝ մաշկային ճարպը օծում է մազերը, վերնամաշկի արտաքին շերտը և փափկացնում դրանք։ Այս ճարպը նաև չի թողնում, որ ջուրը և այլ հեղուկների ներթափանեն մաշկով։ Տարիքին զուգընթաց արտազատվող մաշկային ճարպի քանակը պակասում է, ուստի մազերն ու մաշկը դառնում են չոր։
Մազը բաղկացած է երկու մասից՝ մաշկի մակերևույթից դուրս ցցված ցողուն, որը մազի տեսանելի մասն է և մաշկի մեջ ընկղմված արմատ։ Մազարմատը վերջանում է մազի սոխուկով, որին կպած է մազի ծծակը։ Մազի սոխուկը պարուրված է մազապարկիկով (ֆոլիկուլ):
Այսպիսով, մազարմատները գտնվում են մազապարկիկների մեջ, որոնք շրջահյուսված են նյարդաթելերով և թեք դասավորված հարթ մկաններով։ Միջավայրի ջերմաստիճանի անկման, վախի կամ զայրութի դեպքում հարթ մկանները ռեֆլեքսորեն կծկվում են և մաշկի մակերեսին առաջանում են թմբիկներ՝ սագամաշկ, որի արդյունքում մարմնի ջերմատվությունը նվազում է։ Մազերի տեսակը կախված է մազապարկիկի ձևից. ուղիղ մազերը աճում են կլոր, թեթև գանգուրները՝ ձվաձև, իսկ շատ գանգուրները՝ երիկամանման ֆոլիկուլից։
Յուրաքանչյուր մազ բաղկացած է երեք շերտերից։
- Արտաքին շերտը (cuticle) ունի պաշտպանական նշանակություն և կազմված է թեփուկների նմանվող բարակ բջիջներից, որոնք ծածկում են միմյանց տանիքի կղմինդրի նման։
- Կեղևանյութը (cortex) ընկած է արտաքին շերտի տակ և կազմված է ձգված բջիջներից, որոնք մազերին տալիս են ամրություն և առաձգականություն։ Այն պարունակում է մելանին գունանյութը, որը և որոշում է մազերի բնական գույնը։
- Ուղեղային նյութը (medulla) գտնվում է մազի կենտրոնում և բաղկացած է փափուկ եղջերաբջիջներից և օդային խոռոչներից։ Այս շերտի նշանակությունն անհայտ է, սակայն ենթադրվում է, որ դրանով են սնուցում ստանում մյուս երկու արտաքին շերտերը: Հավանաբար սրանով է բացատրվում հիվանդության ժամանակ մազերի կտրուկ փոփոխությունը։
Մարդը գլխի վրա ունի 100-ից մինչև 150 հազար մազ:
Մեկ օրվա ընթացքում թափվող մազերի թիվը տատանվում է, սակայն նորմայում կազմում է միջինը 100 մազ: Որպեսզի պահպանվի նորմալ ծավալը, մազերը պետք է փոխարինվեն նույն քանակով, որքան որ թափվել են:
Իմացե՛ք ավելին մազաթափության մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 17-06-2021
Վերջին վերանայում՝ 17-03-2023