Հորմոնային կամ ներզատական համակարգը ազդում է ձեր նյութափոխանակության, աճի և բազմաթիվ այլ գործընթացների վրա:
Հորմոնային համակարգը կազմված է ներզատական գեղձերից, որոնք արտադրում են կենսաակտիվ նյութեր՝ հորմոններ և ազատում այն արյան հուն կամ հարակից հյուսվածքներ:
Ի՞նչ է հորմոնային համակարգը
Դուք ունեք տարբեր ներզատական գեղձեր, որոնք արտադրում են տարբեր հորմոններ: Այդ գեղձերից են՝ հիպոթալամուս, մակուղեղ (հիպոֆիզ), կոնաձև գեղձ (էպիֆիզ), վահանաձև գեղձ, հարվահանձև գեղձեր, մակերիկամներ, ենթաստամոքսային գեղձ, կանանց մոտ՝ ձվարաններ և տղամարդկանց մոտ՝ ամորձիներ:
Այս գեղձերից յուրաքանչյուրն արտադրում է մեկ կամ ավելի շատ հորմոններ: Յուրաքանչյուր հորմոն ազդում է հատուկ՝ «թիրախ» բջիջների վրա: Որոշ հորմոններ կարող են ազդել օրգանիզմի գրեթե բոլոր բջիջների վրա (օրինակ՝ հիպոֆիզի սոմատոտրոպ կամ աճի հորմոն): Այլ հորմոններ ազդում են սակավաթիվ բջիջների վրա (օրինակ՝ հակադիուրետիկ հորմոնն ազդում է միայն երիկամի որոշ բջիջների վրա):
Ինչպե՞ս է հորմոնային համակարգը գործում
Երբ հորմոնն արտադրվում և գեղձի կողմից բաց է թողվում արյան հուն, այդ հորմոնը սկսում է շրջանառել արյան հետ: Այն հանդիպում է բազմաթիվ բջիջների և ի վերջո հասնում իր թիրախ բջիջներին:
Հասնելով թիրախին, հորմոնը կցվում է հատուկ բջիջներին (ընկալիչ-բջիջներ) և վերջիններս էլ կատարում են այն գործը, ինչպես որ «հրահանգել էր» հորմոնը: Օրինակ՝ որոշակի հյուսվածքի աճի խթանում, մեկ այլ հորմոնի ազատում, արյան գլյուկոզի ներծծում, երիկամների կողմից ջրի պահում կամ մեկ կամ մի քանի կարևոր այլ գործընթացներ:
Այսպիսով, հորմոնային համակարգը մի ուղի է, որի միջոցով օրգանիզմի մի շրջանը (գեղձ) կարողանում է մեկ այլ շրջանին (թիրախ) «հրահանգել», որպեսզի վերջինս կատարի որևէ մի կարևոր գործառույթ:
Իմացեք ավելին գլխավոր ներզատական գեղձերի և դրանց հորմոնների մասին:
Հորմոնային համակարգի հետ կապված հիվանդություններ
Հորմոնային համակարգի գործունեությունը կարող է խանգարվել: Գեղձերը կարող են արտադրել չափից դուրս շատ կամ չափից դուրս քիչ հորմոններ, մյուս կողմից, թիրախային բջիջները կարող են հորմոններին ճիշտ ձևով չպատասխանել:
Ամենատարածված հորմոնային խնդիրներից են՝
- դիաբետ (շաքարախտ)
- վահանաձև գեղձի խնդիրներ, օրինակ՝ հիպոթիրեոիդիզմ կամ հիպերթիրեոիդիզմ
- Քուշինգի համախտանիշ
- կանանց կամ տղամարդկանց անպտղություն
- մակերիկամների բնածին հիպերպլազիա:
Հորմոնային հիվանդությունների բուժումը կազմակերպվում է՝ հսկելով օրգանիզմի կողմից տվյալ հորմոնի արտադրության չափը: Ներզատաբանը (էնդոկրինոլոգ), ով զբաղվում է ներզատական գեղձերի հիվանդություններով, կարող է օգնել ձեզ, որպեսզի նշանակվի ճիշտ հետազոտություններ և բուժում: