Առողջ բերանի խոռոչը կարևոր է ձեր ընդհանուր առողջության, սնունդ և հեղուկներ ընդունելու, շնչելու և խոսելու համար:
Ատամնաբույժին կանոնավոր այցելելը կարող է պահպանել ձեր բերանի խոռոչի առողջությունը:
Բերանի խոռոչի կառուցվածքները, ներառյալ՝ ատամներն ու թքագեղձերը, հանդիսանում են ձեր ընդունած սննդի և հեղուկների մարսողության առաջին օղակը:
Ձեր բերանի խոռոչի մասերը
Ձեր բերանն ունի՝
- շրթունքներ
- ատամներ և լնդեր
- փափուկ և կարծր քիմքեր, որոնք կազմում են ձեր բերանի խոռոչի առաստաղը
- նշագեղձեր
- լեզու
- թքագեղձեր:
Ձեր ատամները թույլ են տալիս ծամել՝ մանրացնել սնունդը: Յուրաքանչյուր ատամ բաղկացած է հետևյալ երեք մասերից՝
- պսակ, որը լնդից դուրս ցցված և երևացող մասն է
- վզիկ, որն ատամի նեղացած և լնդով գրկված մասին է
- արմատ, որը նստած է ատամնաբնի մեջ և վերջանում է ատամի գագաթով։
Կան ատամների հետևյալ տեսակները՝
- կտրիչներ, որոնք ունեն սուր կծող մակերես և նախատեսված են կծելու համար
- ժանիքներ, որոնք սրածայր և կոնուսանման են և նախատեսված են պոկելու համար
- աղորիքներ (սեղանատամներ), որոնք ունեն հարթ մակերես և նախատեսված են ծամելու համար:
Չափահաս մարդու վերին և ստորին ատամնաշարերից յուրաքանչյուրը պարունակում է 16 ատամ՝ 4 կտրիչ, 2 ժանիք, 4 փոքր և 6 մեծ աղորիքներ։
Ատամների նորմալ զարգացումը
Երեխայի ատամների զարգացումը սկսվում է դեռևս ծննդաբերությունից առաջ: Առաջին յաթնատամները սովորաբար հայտնվում են 6 ամսական հասակում: Մանկահասակ երեխաների մեծ մասը բոլոր կաթնատամներն ունենում է 2-3 տարեկանում:
Ինչպե՞ս ձեր բերանի խոռոչը պահել առողջ
Ատամնաբույժները խորհուրդ են տալիս բերանի խոռոչի առողջ վիճակն ապահովելու համար՝
- օրական երկու անգամ ֆտորային ատամի մածուկով և խոզանակով մաքրել ատամները (վերաբերվում է նաև 18 ամսականից բարձր երեխաներին, մանկահասակ երեխաները կարող են օգտագործել մանկական ուժգնության մածուկներ)
- ամեն օր ատամնաթելով (ֆլոս) զգուշությամբ մաքրել միջատամնային ճեղքերը
- սննդակարգը դարձնել առողջ և հավասարակշռված
- խմել բավարար քանակի թարմ ջուր
- պարբերաբար այցելել ատամնաբույժին և ստուգել բերանի խոռոչը:
Եթե դուք զբաղվում եք սպորտով և հնարավոր է ձեր ատամների վնասում, պետք է կրեք ատամները պաշտպանող հարմարանք:
Ատամների քայքայման (կարիես) կանխարգելում
Ատամների քայքայումը պատճառվում է դրանց մակերեսին առաջացող փառում (և հետագայում՝ ատամնաքարում) ապրող բակտերիաներով: Այդ բակտերիաները սնվում են ձեր սննդում առկա շաքարով և արտադրում են թթու արգասիքներ, որոնք ժամանակի ընթացքում ատամի վրա առաջացնում են քայքայման օջախներ և փոսիկներ:
Ատամների քայքայումը կանխարգելելու համար՝
- ընտրեք շաքարից աղքատ մթերքներ և հեղուկներ
- մշակված սնունդը փոխարինեք թարմով
- մինչև գնում կատարելը զննեք սննդամթերքի պիտակը. եթե ըստ քանակի առաջին երեք բաղադրիչների մեջ նշված է շաքարը, սովորաբար դա առողջ սնունդ չէ
- պահպանեք ատամների ճիշտ հիգիենա, ներառյալ՝ ատամների կանոնավոր խոզանակով մաքրումը:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-05-2019
Վերջին վերանայում՝ 17-03-2023