Արյան թիթեղիկները կամ թրոմբոցիտներն արյան ամենափոքրաքանակ բջիջներն են, որոնց մասնակցում են արյան մակարդման գործընթացներին:
Դրանց թիվը 1 միկրոլիտր արյան մեջ 180-ից մինչև 400 հազար է:
Ի՞նչ են արյան թիթեղիկները
Արյան թիթեղիկները հանդիսանում են արյան բջիջների՝ ձևավոր տարրերի երեք հիմնական տեսակներից մեկը: Դրանք արտադրվում են կարմիր ոսկրածուծում։ Արյան թիթեղիկները սկավառակաձև են, ունեն 2-5 մկմ տրամագծ և կորիզազուրկ են: Կյանքի տևողությունը 7-10 օր է:
Ինչպե՞ս են արյան թիթեղիկները մասնակցում մակարդելիությանը
Երբ ինչ-որ պատճառ բերում է արյունատար անոթի պատի վնասման, արյան թիթեղիկները կուտակվում են վնասվածքի տեղում, միաձուլվում կամ կպչում իրար (կոչվում է «ագրեգացիա» և «ադհեզիա») և անջատում նյութեր, որոնք ունեն արյան անոթը սեղմող և մակարդուկի առաջացման (թրոմբ) գործընթացին սկիզբ դնող ունակություններ:
Թրոմբոցիտները կարող են արտադրել բազմաթիվ նյութեր, որոնք մասնակցում են արյան մակարդման բոլոր փուլերում։ Դրանք կոչվում են «թրոմբոցիտային մակարդելիության գործոններ»:
Թրոմբոցիտային մակարդելիության գործոններ են՝
- թրոմբոցիտային թրոմբոպլաստին (III գործոն). մասնակցում է արյան մակարդման առաջին փուլին
- հակահեպարինային գործոն (IV գործոն). կապում է հեպարինը և արագացնում մակարդման ընթացքը)
- մակարդիչ գործոն կամ ֆիբրինոգեն (V գործոն). մասնակցում է թրոմբոցիտների ադհեզիայի և ագրեգացիայի գործընթացին)
- թրոմբոստենին (VI գործոն). իրականացնում է գոյացած մակարդուկի խտացման գործընթացը
- սերոտոնին (X գործոն). որպես անոթասեղմիչ նյութ սեղմում է վնասված հյուսվածքի անոթները և նպաստում արյունականգին
- ագլյուտինացիայի գործոն (թրոմբոքսան) (XI գործոն). ԱԿՖ է, որը նպաստում է թրոմբոցիտների ագրեգացիային:
Արյան թիթեղիկներից անջատվել է նաև թրոմբոցիտների աճի գործոն, որը խթանում է անոթների հարթ մկանունքի աճը և պահպանում էնդոթելային շերտի ամբողջականությունը։
Արյան թիթեղիկների քանակի շեղումներ
Արյան թիթեղիկները ֆիզիոլոգիական տարբեր պայմաններում կամ հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև բուժումներ ստանալիս (օրինակ՝ որոշ դեղերի ընդունում) կարող են շատանալ կամ քչանալ: Թիթեղիկների շատացումը (թրոմբոցիտոզ) բերում է արյան մակարդելիության բարձրացման, իսկ քչացումը (թրոմբոցիտոպենիա)՝ վերջինիս թուլացման:
Ֆիզիոլոգիական թրոմբոցիտոզի օրինակներից են՝
- սննդի մարսողություն
- ծանր ֆիզիկական աշխատանք
- հուզական սթրես
- ցավ
- քաղցի զգացում
- հղիություն:
Ֆիզիոլոգիական թրոմբոցիտոպենիայի օրինակներից են՝
- գիշերային քուն:
Ախտաբանական թրոմբոցիտոպենիայի կլինիկական նշանները (արյունահոսության հակում՝ ընդհուպ մինչև կյանքին վտանգ սպառնացող) զարգանում է այս բջիջների՝պակաս քան 50 հզ/մկլ քանակների դեպքում:
Հոդվածը հրապարակվել է՝ 23-05-2020
Վերջին վերանայում՝ 02-02-2021