Առողջական խնդիրներ

Թրոմբոցիտոպենիա (արյան թիթեղիկների քանակի նվազեցում)

Թրոմբոցիտոպենիա (արյան թիթեղիկների քանակի նվազեցում)

Time Read 4 րոպե

​Թրոմբոցիտոպենիան ախտաբանական վիճակ է, որի ժամանակ ունեք արյան թիթեղիկների (թրոմբոցիտների) նորմայից ցածր քանակ:

Արյան թիթեղիկները կամ թրոմբոցիտներն արյան անգույն բջիջներ են, որոնք ակտիվորեն մասնակցում են մակարդման գործընթացներին՝ սկսած սկզբնական փուլերից: Դրանք դադարեցնում են արյունահոսությունը՝ անմիջականորեն մասնակցելով արյունատար անոթի վնասվածքի տեղում մակարդուկի ձևավորմանը (թրոմբ):

Թրոմբոցիտների քանակը կարող է կրճատվել ոսկրածուծի որոշ հիվանդությունների պատճառով, օրինակ՝ լեյկոզ, ինչպես նաև իմունային համակարգի խնդիրների ժամանակ: Այլ դեպքում թրոմբոցիտների քանակը կարող է նվազել որպես որոշ դեղերի կողմնակի ազդեցություն: Թրոմբոցիտոպենիա կարող է զարգանալ ինչպես երեխաների, այնպես էլ չափահաս մարդկանց մոտ:

Թրոմբոցիտոպենիան կարող է լինել թեթև և ընթանալ քիչ ախտանիշներով: Հազվադեպ, արյան թիթեղիկների քանակը կարող է այնքան կրճատվել, որ առաջանա վտանգավոր ներքին արյունահոսության վտանգ:

Թրոմբոցիտոպենիայի պատճառները

«Թրոմբոցիտոպենիան» նշանակում է, որ ձեր շրջանառող արյան մեջ արյան թիթեղիկների կամ թրոմբոցիտների քանակը նվազել է 1 միկրոլիտրում 150 հազարից ավելի պակաս: Թրոմբոցիտներն ապրում են միայն մինչև 10 օր, ուստի ձեր օրգանիզմը շարունակաբար թարմացնում է արյան այս բջիջները՝ ոսկրածուծում արտադրելով նոր թրոմբոցիտներ:

Հազվադեպ թրոմբոցիտոպենիան ժառանգվում է (կոչվում է «առաջնային թրոմբոցիտոպենիա»), մյուս դեպքերում կարող է զարգանալ տարբեր դեղերի կամ հիվանդությունների պատճառով (կոչվում է «երկրորդային թրոմբոցիտոպենիա»): Պատճառից անկախ, թրոմբոցիտոպենիա կարող է առաջանալ այս գործընթացներից մեկի կամ մի քանիսի կրճատման հետևանքով՝

  • փայծաղի կողմից արյան թիթեղիկների «պահում» (սեկվեստրացիա)
  • թիթեղիկների արտադրության ընկճում
  • թիթեղիկների քայքայման արագացում:

Արյան թիթեղիկների սեկվեստրացիա

Փայծաղը ձեր բռունցքի չափ փոքր օրգան է, որը գտնվում է որովայնի ձախ կողմում՝ անմիջապես կողաղեղի տակ: Առողջ մարդու մոտ փայծաղը պայքարում է վարակների դեմ և արյունից զտում ոչ ցանկալի նյութերը: Տարբեր պատճառներով մեծացած փայծաղը (կոչվում է «սպլենոմեգալիա») կարող է պահել և արյան շրջանառությունից դուրս թողնել չափից դուրս շատ թիթեղիկներ, որի հետևանքով շրջանառող արյան մեջ այս բջիջների քանակը նվազում է:

Արյան թիթեղիկների արտադրության ընկճում

Արյան թիթեղիկներն արտադրվում են ձեր ոսկրածուծում: Այս բջիջների արտադրությունը կարող է նվազել տարբեր պատճառներով, այդ թվում՝

Արյան թիթեղիկների քայքայման խթանում

Որոշ հիվանդություններ և վիճակներ կարող են արագացնել թիթեղիկների քայքայումը, որի պատճառով շրջանառող արյան մեջ դրանց քանակն ընկնում է: Նման օրինակներից են՝

  • հղիություն (թրոմբոցիտոպենիան սովորաբար թեթև է և ինքնուրույն կարգավորվում է ծննդաբերությունից շատ չանցած)
  • իմունային թրոմբոցիտոպենիա, որը կարող է զարգանալ աուտոիմուն հիվանդությունների ժամանակ (օրինակ՝ ռևմատոիդ արթրիտ և համակարգային կարմիր գայլախտ) կամ առանց որևէ ակնհայտ պատճառի (կոչվում է «իդիոպաթիկ թրոմբոցիտոպենիկ պուրպուրա», որը սովորաբար զարգանում է երեխաների մոտ)
  • արյան մեջ բակտերիա (տարբեր բակտերիաներ, այդ թվում՝ բակտերեմիան կարող են քայքայել արյան թիթեղիկները)
  • հեմոլիտիկ ուրեմիկ համախատանիշ (արյան թիթեղիկների կտրուկ անկմամբ և արյան կարմիր գնդիկների քայքայմամբ ընթացող հազվադեպ հիվանդություն, որն ախտահարում է երիկամները)
  • դեղեր (օրինակ՝ Հեպարին, Խինինգ, սուլֆա-պարունակող հակաբիոտիկներ և հակացնցումային դեղեր):

Թրոմբոցիտոպենիայի ախտանիշները

Թրոմբոցիտոպենիայի առաջացրած գանգատներն ու նշաններն են՝

Բարդություններ

Երբ արյան թիթեղիկների քանակը շեշտակի կրճատվում է՝ հասնելով 1 միկրոլիտրում 10 հազար և ավելի ցածր մակարդակի, կարող է զարգանալ վտանգավոր ներքին արյունահոսություն, այդ թվում՝ ներգանգային արյունազեղում:

Թրոմբոցիտոպենիայի ախտորոշումը

Թրոմբոցիտոպենիան ախտորոշվում է արյան ընդհանուր հետազոտությամբ, երբ հայտնաբերվում է արյան թիթեղիկների (PLT) նորմայից փոքր քանակ: Այնուամենայնիվ, բժիշկը կարող է հարցեր տալ ձեր ընտանիքի անդամների մոտ առկա հիվանդությունների վերաբերյալ, մանրակրկիտ զննել ձեզ և նշանակել լրացուցիչ լաբորատոր-գործիքային հետազոտություններ, որպեսզի հայտնաբերի ձեր արյան թիթեղիկների քանակի նվազեցման պատճառը:

Թրոմբոցիտոպենիայի բուժումը

Թրոմբոցիտոպենիան կարող է ձգվել օրեր կամ տարիներ: Թեթև թրոմբոցիտոպենիայով մարդկանց սովորաբար որևէ բուժում չի առաջարկվում: Ավելի արտահայտված թրոմբոցիտոպենիայի ժամանակ կամ անհանգստացնող գանգատների դեպքում ձեզ կարող է առաջարկվել բուժում, որը կախված է ինչպես հիվանդության ընթացքից, այնպես էլ առաջացման պատճառներից:

Եթե բժիշկը հայտնաբերում է թրոմբոցիտոպենիայի պատճառը, ապա հատուկ բուժում է նշանակում՝ ուղղված տվյալ հիվանդության բուժմանը կամ փոփոխություններ է մտցնում ձեր ընթացիկ բուժման մեջ (օրինակ՝ Հեպարինի փոխարինում այլ դեղով):

Թրոմբոցիտոպենիայի այլ բուժումներից են՝

  • արյան կամ թրոմբոցիտների փոխներարկում
  • դեղեր, որոնք ուղղված են ձեր իմունային համակարգի գերակտիվության զսպմանը, օրինակ՝ կորտիկոստերոիդներ (եթե թրոմբոցիտոպենիայի պատճառն աուտոիմուն խանգարումներն են)
  • վիրահատություն, օրինակ՝ մեծացած փայծաղի հեռացում
  • պլազմայի փոխարինում, որը կարող է առաջարկվել որպես ծանր թրոմբոցիտոպենիայի անհետաձգելի բուժում:

Բժիշկը կարող է նաև ձեզ առաջարկել՝

Հոդվածը տեղադրվել է՝ 23-05-2020 վերանայվել է՝ 01-06-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: