Արյան կարմիր բջիջների (գնդիկների) գլխավոր դերը թթվածնի տեղափոխումն է թոքերից դեպի մնացած հյուսվածքներ և ածխաթթու գազի տեղափոխումն այդ հյուսվածներից դեպի թոքեր, որտեղից այն կարող է արտաշնչվել։
Արյան կարմիր բջիջները կամ էրիթրոցիտները հանդիսանում են ձեր արյան խիստ կարևոր բաղադրիչը։ Առողջ սնունդը, որը պարունակում է անփոխարինելի միներալներ և վիտամիններ, կարող է օգնել ձեր օրգանիզմին, որպեսզի արտադրվի բավարար քանակությամբ արյան կարմիր բջիջներ։
Ի՞նչ են արյան կարմիր բջիջները
Արյան կարմիր բջիջները ձեր արյան խիստ կարևոր բջիջներն են։ Դրանցից բացի, արյունը պարունակում է նաև արյան սպիտակ բջիջներ (լեյկոցիտներ), արյան թիթեղիկներ (թրոմբոցիտներ) և արյան հեղուկ մասը՝ պլազման, որի մեջ կախված են վերոնշյալ արյան բջիջները կամ արյան ձևավոր տարրերը։
Արյան կարմիր բջիջները պարունակում են հեմոգլոբին անվանումով սպիտակուց, որը տեղափոխում է թթվածինը ձեր թոքերից դեպի բոլոր մյուս հյուսվածքները։ Հենց հեմոգլաբինն է, որ կարմիր գույն է տալիս կարմիր գնդիկներին։
Արյան կարմիր բջիջներն օգնում են նաև նյութափոխանակության արգասիքների, օրինակ՝ ածխաթթու գազի, օրգանիզմից հեռացմանը։
Սննդակարգը և արյան կարմիր բջիջները
Կարևորագույն միներալներ և վիտամիններ պարունակող առողջ սնունդը օգնում է ոսկրածուծին, որ այն արտադրի անհրաժեշտ քանակով արյան կարմիր բջիջներ։
Երկաթն անփոխարինելի միներալ է, քանի որ ձեր օրգանիզմը երկաթ չի արտադրում և դուք այն կարող եք ստանալ միայն սննդի միջոցով։ Երկաթի դերը հեմոգլոբինի առաջացման մեջ է, առանց որի կարմիր բջիջները չեն կարող նորմալ գործել։ Երկաթի պակասը տարածված վիճակ է։
Իմացե՛ք ավելի երկաթով հարուստ սննդամթերքների մասին։
Եթե դուք բուսակեր եք, ապա պետք է միջոցներ ձեռնարկեք, որպեսզի ձեր սննդակարգը դարձնեք երկաթի բավարար քանակ ապահովող։
B խմբի վիտամինները նույնպես կարմիր բջիջների համար կարևոր դեր ունեն։ Այս վիտամիններն առկա են կենդանական սննդամթերքներում, կանաչ տերևավոր բանջարեղեններում, ոլոռում, լոբիում, հացահատիկներում և B վիտամիններով հարստացված հացամթերքներում։
Արյան կարմիր բջիջների հետ կապված խնդիրներ
Բավականին հաճախ մարդկանց մոտ կարող է առաջանալ սակավարյունություն (անեմիա), որը զարգանում է, երբ դուք չունեք բավարար քանակի արյան կարմիր բջիջներ։ Անեմիայի պատճառներից են՝
- արյան կորուստ, օրինակ՝ վնասվածքներ, վիրահատություններ, ստմոքսային կամ աղիքային արյունահոսություններ, առատ դաշտան և ծննդաբերություն
- որոշ ժառանգական հիվանդություններ
- դեղերի կողմնակի ազդեցություններ
- երկաթից կամ վիտամիններից աղքատ սննդակարգ
- ոսկրածուծի հիվանդություններ
- քաղցկեղ կամ քաղցկեղի բուժումներ, օրինակ՝ քիմիոթերապիա։
Սուր և ծանր անեմիայի դեպքում ձեզ կարող են առաջարկել արյան փոխներարկում։ Որոշ դեպքերում դուք կարող եք խուսափել արյան փոխներարկումից, եթե որոշում է կայացվում իրականացնել այսպես կոչված «հիվանդի արյան կառավարում»։ Զրուցեք ձեր բժշկի հետ այս թեմաներով։
Առողջական որոշ խնդիրների ժամանակ դուք կարող եք ունենալ չափից դուրս շատ կարմիր բջիջներ, թեև նման հիվանդությունները հաճախ հանդիպող չեն՝ սրտային և թոքային որոշ հիվանդություններ, երիկամային հիվանդություն կամ ջրազրկում։
Կան նաև սակավաթիվ ժառանգական հիվանդություններ, օրինակ՝ թալասեմիա, որը կարող է ազդել ձեր արյան վրա։ Թալասեմիայով մարդկանց օրգանիզմում չի արտադրվում բավարար քանակությամբ առողջ հեմոգլոբին։
Եթե ունեք որևէ մտահոգություն, զրուցեք ձեր բժշկի հետ։
Հոդվածը հրապարակվել է՝ 12-05-2019
Վերջին վերանայում՝ 17-03-2023