Մեր օրգանիզմը
Արյան սպիտակ բջիջներ (լեյկոցիտներ)

Արյան սպիտակ բջիջները (գնդիկներ) կամ լեյկոցիտները ձեր արյան անբաժաների բաղադրիչն են։
Այս բջիջները ձեր իմունային համակարգի համար ունեն կենսական կարևորություն, քանի որ գտնում են վարակների հարուցիչներ և պայքարում դրանց դեմ։ Կան արյան սպիտակ բջիջների տարբեր տեսակներ։ Եթե դուք ունեք այս բջիջների նորմալ միջակայքից դեպի վերև կամ ներքև շեղված ցուցանիշներ, դա կարող է վկայել պատճառային որևէ հիվանդության կամ առողջական խնդրի առկայության մասին։
Ի՞նչ են արյան սպիտակ բջիջները
Արյան սպիտակ բջիջները կամ գնդիկները որոնում, գտնում և պայքարում են ձեր օրգանիզմ թափանցած վարակների կամ օտարածին մոլեկուլների դեմ։ Այս բջիջները կարող են արտադրել հակամարմիններ, որոնք պայքարում են վարակի դեմ կամ օգնում իմունային մեկ այլ տեսակի պատասխանի ձևավորմանը։
Արյան սպիտակ բջիջները արյան կարմիր բջիջների, թիթեղիկների և պլազմայի հետ միասին համարվում են ձեր արյան բջիջներից կամ ձևավոր տարրերից մեկը։
Արյան սպիտակ բջիջների տեսակները
Կան արյան սպիտակ բջիջների տարբեր տեսակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատուկ դերը։
Արյան սպիտակ բջիջների հիմնական տեսակներն են՝
- նեյտրոֆիլներ և մոնոցիտներ, որոնք գլխավորապես պայքարում են բակտերիաների դեմ
- էոզինոֆիլներ և բազոֆիլներ, որոնք հիմնականում ներգրավվում են ալերգիկ պատասխանի մեջ
- լիմֆոցիտներ, որոնք իրենց հերթին լինում են երկու տեսակ՝ T-բջիջներ կամ B-բջիջներ, արտադրում են օտար օրգանիզմների դեմ հակամարմիններ և, մասնավորապես, ներգրավված են վիրուսների դեմ պայքարի մեջ։
Արյան սպիտակ բջիջների հետ կապված խնդիրներ
Արյան սպիտակ բջիջների չափից դուրս ցածր կամ բարձր քանակները կարող են վկայել առողջական որևէ խնդրի առկայության մասին։
Եթե դուք ունեք նեյտրոֆիլների առողջ տեսակների խիստ ցածր քանակ՝ նեյտրոպենիա, ապա այսպիսի վիճակը կարող է վկայել որևէ լուրջ խնդրի կամ պարզապես վիրուսային վարակի մասին։ Նեյտրոֆիլների քանակը կարող է նաև կտրուկ նվազել քաղցկեղի բուժումից հետո։
Եթե ձեր արյան սպիտակ բջիջների քանակը խիստ բարձր է, պատճառը կարող է լինել բակտերիալ վարակը։ Միևնույն ժամանակ, լեյկոզը (լեյկեմիա), որը համարվում է քաղցկեղային հիվանդություն, կարող է առաջացնել ոչ նորմալ սպիտակ բջիջների մեծ քանակներ։
Հոդվածը տեղադրվել է՝ 12-05-2019 վերանայվել է՝ 17-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: