Լեյկեմիա (լեյկոզ)
20-05-2018
1 րոպե
Լեյկեմիան օրգանիզմի արյուն ձևավորող հյուսվածքների, այդ թվում՝ ոսկրածուծի և ավշային համակարգի քաղցկեղային հիվանդություն է։
Կան լեյկեմիայի բազմաթիվ տեսակներ: Լեյկեմիայի որոշ տեսակներ ավելի տարածված են երեխաների շրջանում, իսկ մյուսները հիմնականում հանդիպում են չափահասների շրջանում:
Լեյկեմիան սովորաբար ներառում է արյան սպիտակ բջիջները (լեյկոցիտներ): Արյան սպիտակ բջիջները վարակների դեմ հզոր պայքարողներ են, որոնք նորմայում աճում և բազմանում են կարգավորված ձևով, երբ օրգանիզմը զգում է դրանք կարիքը: Սակայն, լեյկեմիայով մարդկանց մոտ ոսկրածուծն արտադրում է ոչ նորմալ (ախտաբանական) արյան սպիտակ բջիջների ավելցուկային քանակություն, որոնք պատշաճ ձևով չեն գործում: Մեծաքանակ ոչ նորմալ բջիջները մուտք են գործում արյան հուն և խառնվում-փոխարինում առողջ բջիջներին, որի արդյունքում օրգանիզմում պակասում են առողջ արյան բջիջները, ինչն էլ բերում է առողջական խնդիրների։ Ախտահարված բջիջները նաև կարող են կուտակվել տարբեր օրգան համակարգերում՝ լյարդ, փայծաղ, թոքեր, երիկամներ կամ ուղեղ։
Լեյկեմիան կարող է ընթանալ սուր կամ քրոնիկ և ախտահարել տարբեր տեսակի արյան բջիջներ:
Լեյկեմիայի բուժումը կարող է լինել բարդ՝ կախված լեյկեմիայի տեսակից և այլ գործոններից: Թեև լեյկոզի պատճառները շատ անգամ մնում են անհայտ, այնուամենայնիվ, կան մոտեցումներ և միջոցներ, որոնք կարող են օգնել հաջող բուժմանը: Վաղ սկսված բուժման արդյունավետությունը բարձրանում է հատկապես հիվանդության սուր ընթացքի ժամանակ:
Հոդվածը վերանայվել է՝ 26-12-2022