Skip to main content

Հետծննդաբերական դեպրեսիա - Ծննդալուծում

Հետծննդաբերական անվանում են այն դեպրեսիան, որը մայրացած կնոջ մոտ զարգանում է ծննդաբերությանը հաջորդող 1 ամսից մինչև 1 տարվա ընթացքում։

Միջին հաշվարկներով, այն կարող է զարգանալ ծննդաբերած 7 կնոջից 1-ի մոտ։

Բոլոր ծնողներն էլ անցնում են հարմարվելու այն փուլը, երբ իրենց ընտանիքի նոր անդամի՝ երեխայի լույս աշխարհ գալուց հետո սկսվում է նոր իրականություն։ Կանանց մեծ մասի համար նոր իրավիճակին հարմարվելու այս փուլը ժամանակավոր է և չի բերում տրամադրության կտրուկ կամ տևական անկման։

Բազմաթիվ կանայք ծննդաբերությանը հաջորդող առաջին մի քանի օրը զգում են արևմտյան գրականության մեջ մանկական բլյուզ (baby blues) անվանումը ստացած զգացումները՝ գերգրգռվածություն, տագնապ, մռայլվածություն, տրամադրության կտրուկ փոփոխություններ, որը բացատրվում է ծննդաբերությանը հաջորդող հորմոնային կտրուկ տեղաշարժերով։ Այս օրերին ձեր զուգընկերոջ, ընտանիքի և ընկերների աջակցությունը սովորաբար բավարար է, որ ճգնաժամային օրերը հաղթահարվեն։

Երբ ճնշող զգացումները ձգվում են ավելի երկար և աստիճանաբար ավելի են խորանում, նման իրավիճակը կարող է վկայել դեպրեսիայի զարգացման մասին։

Իմացե՛ք ավելին դեպրեսիայի մասին:

Որո՞նք են դեպրեսիայի նշանները

Կան բազմաթիվ նշաններ, որոնք կարող են վկայել, որ ծննդաբերած կնոջ մոտ զարգացել է դեպրեսիա։ Դրանցից ամենահաճախ հանդիպողներն են՝

  • տրամադրության կտրուկ անկում
  • որպես մայր անհաջողակ լինելու և դժբախտության զգացումներ
  • ապագայի նկատմամբ հուսալքում
  • հյուծվածության, դատարկության, ձանձրույթի, տխրության և թախծի զգացումներ
  • մեղավորության, ամոթի և անլիարժեքության զգացումներ
  • տագնապի կամ խուճապի զգացումներ
  • քնի խանգարումներ, անքնություն կամ երկարատև քուն կամ գիշերային մղձավանջներ
  • երեխայի համար անհարկի ծայրահեղացված անհանգստություն
  • միայնակ և անպաշտպան լինելու վերաբերյալ վախեր։

Որոշ դեպքերում կնոջ գլխում կարող են մտքեր առաջանալ իր ընտանիքը լքելու մասին կամ, հակառակը, կնոջը կարող է անհանգստություն պատել, թե իբր իր զուգընկերը պատրաստվում է լքել է իրեն և երեխային։ Կարող են առաջանալ ինքնավնասման կամ զուգընկերոջը կամ երեխային վնասելու մտքեր։ Նման իրավիճակներին առնչվելիս անհրաժեշտ է առանց ուշացնելու դիմել մասնագիտական օգնության։

Դեպրեսիայի ժամանակ հաճախ նաև ի հայտ են գալիս անհանգստությանը և տագնապին բնորոշ ախտանիշներ։

Ինչպե՞ս է ախտորոշվում հետծննդաբերական դեպրեսիան

Եթե ձեզ մոտ առաջանում և 2 շաբաթ կամ ավելի երկար շարունակվում է վերոնշյալ ախտանիշներից մեկնումեկը, պատմեք այդ մասին ձեր բժշկին։ Դուք նաև կարող եք այցելել մոտակա հոգեկան առողջության ծառայություն։ Հետծննդաբերական դեպրեսիան պետք է հնարավորինս վաղ ախտորոշվի, իսկ բուժումը պետք է իրականացվի փորձառու մասնագետի կողմից։

Էդինբուրգի հետծննդաբերական դեպրեսիայի սանդղակ

Էդինբուրգի հետծննդաբերական դեպրեսիայի սանդղակը (անգլերեն հապավումը՝ EPDS) հարցաթերթիկ է, որտեղ թվարկված են հարցեր ձեր զգացումների և ախտանիշների մասին։ Հարցաթերթիկի նպատակը ձեզ մոտ դեպրեսիայի և տագնապի ժամանակ հաճախ հանդիպող ախտանիշների հայտնաբերումն է։

Հետծննդաբերական դեպրեսիայի բուժումը

Հետծննդաբերական դեպրեսիայի ժամանակ կարող են օգտակար լինել բուժական տարբեր մեթոդների համակցումը, որոնցից են՝

  • խորհրդատվություն
  • հոգեթերապիա
  • խմբային բուժում
  • աջակցության ծրագրեր
  • բժշկի կողմից նշանակվող դեղեր, ինչպիսիք են հակադեպրեսանտները։

Կարևոր է նաև ընտանիքի և ընկերների աջակցությունը և հոգատար վերաբերմունքը։

Հետծննդաբերական փսիխոզ

Հետծննդաբերական փսիխոզն ավելի հազվադեպ է հանդիպում, քան դեպրեսիան և կարող է զարգանալ ծննդաբերությանը հաջորդող 1-ին շաբաթվանից սկսած մինչև 3 ամսվա ընթացքում։ Այն դրսևորվում է հստակ մտածողության դժվարությամբ, տրամադրության կտրուկ փոփոխություններով, տեսնելով կամ լսելով բաներ, որոնք իրականում գոյություն չունեն (ցնորքներ), կեղծ զգացողությամբ, թե իբր բոլորն իրեն դեմ են (պարանոյա) և արտահայտված զառանցանք (իրականության աղավաղված ընկալում):

Իմացե՛ք ավելին փսիխոզի մասին:

Փսիխոզը հանդիսանում է անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակ, ուստի նման դեպքերում անհրաժեշտ է շտապ կապ հաստատել բժշկի հետ կամ անհապաղ զանգել 1-03 և կանչել շտապ օգնություն։

Հետծննդաբերական դեպրեսիան և հայրերը

Հետծննդաբերական դեպրեսիան չի սահմանափակվում միայն մայրերով։ Հայրերի մոտ նույնպես երեխայի ծնվելուց հետո կարող է զարգանալ դեպրեսիա, որը կարող է դրսևորվել միայն նրանց մոտ կամ ուղեկցել զուգընկերոջ դեպրեսիային։

Հոդվածը հրապարակվել է՝ 24-04-2019
Վերջին վերանայում՝ 05-05-2024