Skip to main content

Հակադեպրեսանտներ - Հակադեպրեսանտներ

Ընդհանուր նկարագրություն

Բոլորին էլ հատուկ է տրամադրության ժամանակավոր անկման շրջանները, սակայն կան մարդիկ, ում մոտ տխրության այս ժամանակաշրջանները ձգվում են շաբաթներ, ամսիներ և անգամ տարիներ:

Տրամադրության անկման նման ձգձգվող շրջանները կարող են լինել դեպրեսիայի արդյունք՝ հիվանդություն, որը բացասաբար է ազդում ոչ միայն հոգեկան, այլև ֆիզիկական առողջության վրա: Հոգեբույժները սովորաբար առանձնացնում են դեպրեսիայի բուժման երեք տարբերակներ՝

  • կենսակերպի փոփոխություններ, օրինակ՝ հոգեներգործուն նյութերից ձերբազատում կամ առնվազն դրանց նվազ քանակների օգտագործում, կանոնավոր ֆիզիկական վարժանքներ, առողջ քնի սովորույթների ուսուցանում և կիրառում, սննդակարգի առողջացում, աշխատանք-կյանք բալանսի ներդաշնակեցում
  • ռելաքսացիա, մեդիտացիա և հոգթերապևտիկ բուժման այլ մեթոդներ
  • դեղորայքային բուժում, ներառյալ հակադեպրեսանտային դեղամիջոցների կամ, ինչպես ավելի հաճախ ասում են բժիշկները՝ հակադեպրեսանտների օգտագործում:

Հակադեպրեսանտներն արդյունավետ են չափավորից մինչև ծանր դեպրեսիաների ժամանակ, մինչդեռ թույլ դեպրեսիայի ժամանակ կարող են բուժական ազդեցություն չդրսևորել: Վերջինիս ժամանակ ավելի նպատակահարմար են հոգեթերապևտիկ միջոցառումները:

Հակադեպրեսանտները կարող են նշանակվել միայնակ, սակայն դրանց արդյունավետությունը զգալիորեն աճում է, երբ զուգակցվում են բուժման այլ տեսակների, օրինակ՝ հոգեթերապևտիկ միջացառումների հետ (կոգնիտիվ-վարքաբանական կամ միջանձնային թերապիաներ):

Հակադեպրեսանտներ ընդունելու որոշումը պետք է իրականացվի միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո:

Հակադեպրեսանտներն ազդում են գլխուղեղում արտադրվող մի շարք քիմիական նյութերի արտադրության և փոխանակության վրա, որոնք ներգրավված են հուզական աշխարհի (էմոցիաներ) և շարժառիթների (մոտիվացիաներ) կարգավորման մեջ:

Հակադեպրեսանտային ազդեցությամբ դեղերը բաժանվում են տարբեր ենթախմբերի՝ ըստ ազդեցության կամ ըստ քիմիական կառուցվածքի: Ըստ ազդեցության տեսակի մի խմբում դասակարգված հակադեպրեսանտները կարող են ունենալ միանման ազդեցություններ:

Հակադեպրեսանտներից ամենահաճախ նշանակվող խումբը սերոտոնինի հետզավթման ընտրողական արգելակիչները (ՍՀԸԱ) կամ ինհիբիտորներն են (ՍՀԸԻ) (անգլերեն՝ SSRI): Այս դեղերն ավելացնում են գլխուղեղում սերոտոնինի քանակը: Ի տարբերություն ՄԱՕԱ-ի և եռցիկլիկ (տրիցիկլիկ) հակադեպրեսանտների (ԵՑՀ), դրանք գլխուղեղում նորէպինեֆրինի մակարդակների վրա զգալի ազդեցություն չեն թողնում: Այս խմբի դեղամիջոցները պարտադիր չէ, որ ունենան ավելի մեծ ազդեցություն, քան այլ խմբի հակադեպրեսանտները, սակայն դրսևորում են ավելի քիչ և ավելի մեղմ կողմնակի ազդեցություններ, ավելի քիչ են փոխազդում այլ դեղերի հետ և ավելի քիչ հավանական է, որ ասոցիացվեն ինքնասպանության հետ, քան եռցիկլիկ հակադեպրեսանտները:

Հակադեպրեսանտների ավելի քիչ նշնակվող այլ խմբերն են՝

  • սերոտոնինի և նորադրենալինի հետզավթման արգելակիչներ (ՍՆՀԱ, անգլերեն՝ SNRI)
  • նորադրենալինի հետզավթման արգելակիչներ (ՆՀԱ, անգլերեն՝ NRI)
  • Տրիցիկլիկ (կամ եռցիկլիկ) հակադեպրեսանտներ (ԵՑՀ, անգլերեն՝ TCA)
  • Մոնոամին օքսիդազ Ա-ի դարձելի արգելակիչներ (անգլերեն՝ RIMA)
  • Տետրացիկլիկ (կամ քառացիկլիկ) հակադեպրեսանտներ
  • Միանսերինի տետրացիկլիկ համարժեքներ
  • Մոնոամին օքսիդազի (ՄԱՕ) արգելակիչներ (ՄԱՕԱ, անգլերեն՝ MAOI)
  • մելատոնինէրգիկ հակադեպրեսանտներ:

Գոյություն ունեն դեպրեսիայի և տագնապի խանգարման տարբեր տեսակներ, ուստի ձեր բժիշկն ըստ կլինիկական նպատակահարմարության կարող է նշանակել այս կամ այն խմբի հակադեպրեսանտ: Միևնույն ժամանակ, նույն դեղամիջոցը տարբեր մարդկանց վրա կարող է թողնել տարբեր ազդեցություններ և կողմնակի ազդեցություններ, այնպես որ բժշկին անհրաժեշտ կլինի մեկ-երկու շաբաթ, որ փորձարկի և գտնի ձեր վիճակին առավել համապատասխանող հակադեպրեսանտը:

Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Օրինակներ

Սերոտոնինի հետզավթման ընտրողական արգելակիչներից են (ՍՀԸԻ)՝

  • Ցիտալոպրամ (Ցելեքսա)
  • Էսցիտալոպրամ (Լեքսապրո)
  • Ֆլուոքսետին (Պրոզակ, Սարաֆեմ, Սելֆեմրա)
  • Ֆլուվոքամին (Լուվոքս)
  • Պարոքսետին (Պաքսիլ, Պաքսեվա)
  • Սերտրալին (Զոլոֆտ)
  • Վորտիքսետին (Տրինտելլիքս)
  • Վիալոդոն (Վիիբրիդ):

Սերոտոնինի և նորադրենալինի հետզավթման արգելակիչներից են (ՍՆՀԱ)՝

  • Դուլոքսետին (Ցիմբալտա)
  • Վենլաֆաքսին (Էֆֆեքսոր)
  • Դեսվենլաֆաքսին (Պրիստիք, Խենդեզլա)
  • Լևոմիլնացիպրան (Ֆետզիմա):

Տրիցիկլիկ (եռցիկլիկ) հակադեպրեսանտներից են (ԵՑՀ)՝

  • Ամիտրիպտիլին
  • Ամոքսապին
  • Կլոմիպրամին (Անաֆրանիլ)
  • Դեսիպրամին (Նորպրամին)
  • Դոքսեպին
  • Իմիպրամին (Տոֆրանիլ)
  • Նորտրիպտիլին (Պամելոր)
  • Պրոտրիպտիլին (Վիվաստիլ)
  • Տրիմիպրամին (Սուրմոնտիլ):

Ցուցումներ

Հակադեպրեսանտները դեղամիջոցներ են, որոնք նշանակվում են դեպրեսիայի, տագնապային խանգարման և հարակից հիվանդությունների և վիճակների բուժման մեջ (օրինակ՝ սնման խանգարումներ, կպչուն-սևեռուն և հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ):

Հակադեպրեսնատ ընդունող յուրաքանչյուր անձ պետք է կանոնավոր կերպով այցելի իր բժշկին:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Կողմնակի ազդեցություններ

Բոլոր հակադեպրեսանտներն էլ ունեն կողմնակի ազդեցություններ, սակայն դեպրեսիայով հիվանդների մեծ մասի համար դրանք մեղմ արտահայտված և տանելի են: Նման դեպքերում ամենահաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններից են գլխացավը, սրտխառնոցը, թուլությունը և սեռական խնդիրները: Հաճախ այս երևույթները շարունակվում են միայն մի քանի շաբաթ և ինքնուրույն անհետանում են:

Շատ կարևոր է, որ ձեր բժշկին տեղեկացնեք հակադեպրեսանտի այս կամ այն անցանկալի ազդեցության մասին: Նման դեպքերում նա կարող է շտկումներ անել դեղաչափի մեջ կամ մեկ դեղամիջոցը փոխարինել մյուսով:

Հակադեպրեսանտների մեծ մասը կարող են փոխազդել նաև այլ դեղերի հետ: Սա նշանակում է, որ հակադեպրեսանտ նշանակած բժիշկը պետք է տեղեկացված լինի ձեր կողմից ընդունվող մյուս դեղերի, հավելումների և դրանց դեղաչափերի մասին:

Որպես կանոն, հակադեպրեսանտները կախվածություն չեն առաջացնում, սակայն դրանց երկարատև ընդունումը կտրուկ դադարեցնելուց առաջ կարևոր է, որ խոսեք ձեր բժշկի հետ՝ հնարավոր կողմնակի ազդեցություններից խուսափելու կամ մեղմացնելու համար:

Սերոտոնինի հետզավթման ընտրողական արգելակիչների (ՍՀԸԱ) տարածված կողմնակի ազդեցությունները

  • Գլխացավեր և դեղաչափ-կախված սրտխառնոց, փսխում և փորլուծություն, որոնք բուժման ընթացքում աստիճանաբար մեղմանում են:
  • Անքնություն, անհանգստություն և հոգեշարժական ակտիվություն (աժիտացիա), որոնք ժամանակի ընթացքում մեղմանում են: Անքնությունը կարող է բուժվել Տրազոնոդի փոքր դեղաչափերով (50-100 մգ), որը պետք է խմել քնելուց առաջ, իսկ աժիտացիան կարող է կառավարվել ՍՀԸԱ-ի դեղաչափը նվազեցնելով կամ հակատագնապային օժանդակ որևէ դեղամիջոցով:
  • Սեռական դիսֆունկցիա, որի ախտանիշները կարող են բուժվել Սիլդենաֆիլով, Յոհիմբինով (Pausinystalia yohimbe), Ամանտադինով (Սիմմետրել), Ցիպրոհեպտադինով և Նեոստիգմինով (Պրոստիգմին):
  • Քաշի ավելացում կամ կորուստ. բուժումը սկսելիս կարող է գրանցվել քաշի կորուստ, սակայն այն արագորեն վերականգնում է և կարող է հասնել ավելցուկայինի:

Սերոտոնինի և նորադրենալինի հետզավթման արգելակիչների (ՍՆՀԱ) կողմնակի ազդեցությունները

Այս դեղամիջոցներն իրենց կողմնակի ազդեցություններով նման են ՍՀԸԱ-ներին, օրինակ՝

  • քաշի ավելացում կամ կորուստ
  • գլխացավ
  • անքնություն
  • աժիտացիա
  • անհանգստություն
  • սեռական դիսֆունկցիա:

ՍՆՀԱ-ները, հատկապես բարձր դեղաչափերով, կարող են բարձրացնել արյան ճնշումը (հիպերտենզիա): Այսպիսի բարձր արյան ճնշումը կարող է կարգավորվել՝ նվազեցնելով դեղաչափը:

Տրիցիկլիկ (եռցիկլիկ) հակադեպրեսանտների (ԵՑՀ) կողմնակի ազդեցությունները

ԵՑՀ-ների լուրջ կողմնակի ազդեցություններից են՝

  • սրտանոթային ազդեցություններ, օրինակ՝ օրթոստատիկ հիպոտենզիա (երբ ոտքի կանգնելիս արյան ճնշումը կտրուկ նվազում է), որը կարող է բերել գլխապտույտի և վայր ընկնելուն, ինչպես նաև սրտի հաճախականության և ռիթմի խանգարումներ (առիթմիա), ուստի սրտանոթային լուրջ հիվանդություններով մարդկանց ԵՑՀ չեն նշանակվում
  • հակախոլիներգիկ ազդեցություններ՝ բերանի չորություն, փորկապություն, միզարձակության դժվարացում, սեռական դիսֆունկցիա, հաճախասրտություն, տեսողության խանգարումներ և այլն (այս ազդեցություններից առավել զերծ են Դեսիպրամինը և Նորտրիպտիլինը), ուստի ԵՑՀ խորհուրդ չի տրվում նշանակել շագանակագեղձի ադենոմայով, կոգնիտիվ խանգարումներով, նեղ անկյունային գլաուկոմայով մարդկանց
  • բերանի չորությունը կարելի է մեղմացնել շաքար չպարունակող մաստակով կամ Պիլոկարպինի լուծույթով բերանի խոռոչը ողողելով, փորկապությունը կարող է մեղմանալ խմվող հեղուկների առաջացմամբ կամ լուծողական միջոցներով, դժվարամիզությունը՝ Բեթանեխոլով, տեսողական խանգարումները՝ Պիլոկարպինի աչքի կաթիլներով:

Ավելի լուրջ կողմնակի ազդեցություններից են՝

  • քնկոտություն (սեդացիա), որը բնորոշ է հատկապես Ամիտրիպտիլինին և Տրիմիպրամինին և կարող է բուժման առաջին մի քանի շաբաթվա ընթացքում մեղմանալ
  • դեղաչափ-կախված և դարձելի քաշի ավելացում, ընդ որում, Ամիտրիպտիլինի այս կողմնակի ազդեցությունն ավելի արտահայտված է, քան Դեսիպրամինինը:

Փոխազդեցություններ

Տրիցիկլիկ (եռցիկլիկ) հակադեպրեսանտներ

  • ԵՑՀ-ները կարող են արգելակել Կլոնիդինի հակահիպերտենզիվ ազդեցությունը
  • ԵՑՀ-ները կարող են ազդել սրտի էլեկտրական հաղորդականության վրա, ուստի որոշ հակաառիթմիկ դեղերի հետ զուգակցելիս (օրինակ՝ Դիզոպիրամիդ, Պիմոզիդ, Պրոկաինամիդ և այլն) կարող են ի հայտ գալ սրտի ռիթմի կամ հաճախականության անկառավարելի խանգարումներ
  • Կարբամազեպինի հետ զուգակցելիս կարող է թուլանալ ԵՑՀ-ի ազդեցությունը, քանի որ Կարբամազեպինը խթանում է ԵՑՀ-ի քայքայումը
  • ԵՑՀ-ները կարող են բարձրացնել Էպինեֆրինի, Նորէպինեֆրինի, Դոպամինի, Ֆենիլէֆրինի կամ Դոբուպամինի ճնշումը բարձրացնող ազդեցությունը
  • Ցիմետիդինը կարող է դանդաղեցնել ԵՑՀ-ի, օրինակ՝ Ամիտրիպտիլինի քայքայումը և բարձրացնել հնարավոր կողմնակի ազդեցությունների ռիսկը և ախտանիշները:

Վարվեք այս կերպ

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:

Դեղաչափեր

Հակադեպրեսանտներ ընդունող մարդկանց մեծ մասը տրամադրության բարելավում սկսում է զգալ 2-4 շաբաթ անց, սակայն այս դեղերի լիարժեք բարերար ազդեցությունը կարող է զարգանալ միայն 8 շաբաթ անց կամ ավելի ուշ: Սակավաթիվ մարդկանց մոտ ընդունման տևողությունից անկախ հակադեպրեսանտները կարող են չդրսևորել որևէ բուժական ազդեցեություն:

Հակադեպրեսանտներ ստացող յուրաքանչյուր մարդ, հատկապես առաջին մի քանի շաբաթը պետք է պարբերաբար այցելի իր բժշկին:

Հակադեպրեսանտներ ստացող մարդկանց մեծ մասի համար նման բուժումը սովորաբար շարունակվում է բուժական ազդեցությունները ի հայտ գալուց հետո առնվազն 6-12 ամիս: Սակայն, սա բացարձակ ցուցանիշ չէ, ուստի ձեր պարագայում բուժումը կարող է տևել ավելի կարճ կամ ավելի երկար:

Հակադեպրեսանտների ընդունումը պետք է դադարեցնել աստիճանաբար և միայն ու միայն ձեր բժշկի ցուցմամբ: Այս դեղերի մեծ մասի կտրուկ դադարեցումը կարող է առաջացնել որոշ անցանկալի ազդեցություններ, օրինակ՝ գլխապտույտ, սրտխառնոց կամ այլ տհաճ զգացողություններ: Ուստի, դեղի ընդունման ձեզ նշանակած կարգի ցանկացած փոփոխությունը, այդ թվում՝ մի տեսակի դեղը մյուսով փոխարինելը կամ դեղաչափի կրճատումը պետք է կատարել միայն բժշկի հրահանգով և նրա հսկողության ներքո:

Ամփոփում

Դեպրեսիայի դեղերը կամ հակադեպրեսանտները նշանակվում են դեպրեսիան բուժելու համար: Կան հակադեպրեսանտների մի քանի տեսակներ կամ դասեր, այդ թվում՝ եռացիկլիկ հակադեպրեսանտնր, սերոտոնինի ընդրողական հետզավթման արգելակիչներ, սերոտոնինի նորէպինեֆրինային արգելակիչներ և մոնոամին օքսիդազի արկելակիչներ:

Կողմնակի ազդեցությունները կախված են նշանակված դեղամիջոցից և հաճախ՝ դեղաչափից:

Տեղեկատվություն․

Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 11-05-2020
Վերջին վերանայում՝ 07-11-2023