Գրադարան
Գլաուկոմա

3 րոպե
Գալուկոման աչքի տարածված խնդիր է, որն առաջացնում է տեսողության կորուստ, իսկ չբուժվելու դեպքում՝ կուրություն:
Սովորաբար տեսողության կորուստն ընթանում է դանդաղ և հաճախ՝ երկար ժամանակ առանց ուշադրության արժանի գանգատների, ուստի միջին տարիքի մարդկանց խորհուրդ է տրվում պարբերաբար ստուգել տեսողությունը:
Հայտնաբերվելուց հետո գլաուկոման կարող է բուժվել, որի գլխավոր նպատակը տեսողության հետագա կորուստը կանխարգելելն է:
Ի՞նչ է գլաուկոման
Իրականում գլաուկոման որ թե մեկ խնդիր է, այլ աչքի հիվանդությունների խումբ, որն ընթանում է տեսողական նյարդի ախտահարմամբ: Այս նյարդն ակնագունդը կապում է գլխուղեղի հետ: Բժիշկները հստակորեն չգիտեն, թե ինչու է գլաուկոման զարգանում:
Գլաուկոմայի զարգացման անմիջական ֆիզիկական պատճառը տեսողական նյարդի ախտահարումն է: Այս նյարդն ակնագնդի հետին մասից տեսողական զգացողական ազդանիշները փոխանցում է դեպի գլխուղեղ, որտեղ տեսողությունն ընկալվում է որպես տեսողական զգացողություն: Նյարդի ախտահարումը հաճախ կապված է ներակնային հեղուկի շրջանառության խանգարման հետ:
Աչքի ծիածանաթաղանթի հետևում, ոսպնյակի շուրջը գտնվում է փոքր տարածություն, որը կոչվում է աչքի հետին խցիկ։ Այստեղ կուտակվում է թարթչավոր մարմնի կողմից արտադրված ներակնային հեղուկ, որը նրա մեջ գտնվող ոսպնյակն ապահովում է սննդանյութերով և բբի միջոցով անցնում է առաջային խցիկ, որտեղից էլ մտնում է աչքի անոթների մեջ։ Ապակենման մարմինը և ներակնային հեղուկը ներսից ճնշում են աչքի պատերի վրա՝ ստեղծելով ներակնային ճնշում։
Երբեմն ներակնային ճնշումը բարձրանում է, որի պատճառով ներակնային հեղուկը սկսում է սեղմել ու վնասել տեսողական նյարդը: Սակայն գլաուկոման կարող է զարգանալ նաև նորմալ ներակնային ճնշման պայմաններում:
Գլաուկոմայի զարգացման հավանականությունը տարիքի հետ աճում է: Ձեզ մոտ այս հիվանդության ռիսկը քիչ ավելի բարձր է, եթե ձեր արյունակից հարազատներից մեկնումեկի մոտ առկա է գլաուկոմա: Գլաուկոման նաև ավելի հաճախ հայտնաբերվում է աֆրիկյան և ասիական բնիկ ժողովուրդների շրջանում:

Գլաուկոմայի տեսակները
Կան գլաուկոմայի տարբեր տեսակներ:
- Առաջնային բաց անկյուն գլաուկոմայի ժամանակ ներակնային ճնշումը բարձրանում է առանց որևէ ակնհայտ պատճառի:
- Փակ անկյուն գլաուկոմայի դեպքում ներակնային հեղուկի շրջանառությունը դադարում է և կուտակվող հեղուկը բերում է ներակնային ճնշման արագ բարձրացման՝ պատճառելով աչքի ցավեր և տեսողության հանկարծակի կորուստ:
- Որոշ մարդկանց մոտ կարող է զարգանալ նորմալ ճնշման գլաուկոմա, երբ ներակնային ճնշումը նորմալ է, սակայն տեսողական նյարդն այնուամենայնիվ ախտահարվում է:
- Գլաուկոմա կարող է զարգանալ նաև աչքի բորբոքման, վնասման դեպքում կամ վիրահատական միջամտությունից հետո: Նման դեպքերում խոսք է գնում երկրորդային գլաուկոմայի մասին:
Գլաուկոմայի ախտանիշները
Փակ անկյուն գլաուկոմայով մարդիկ կարող են գանգատվել տեսողության մշուշոտացումից, աչքի ցավերից, արցունքահոսությունից և կարմրածությունից: Լույսի արհեստական աղբյուրին նայելիս տեսադաշտում առկա են ծիածանային շրջաններ: Մարդիկ կարող են նաև նշել դյուրագրգռություն, գլխացավեր և փսխումներ:
Այնուամենայնիվ, գալուկոմայով մարդկանց մեծ մասը, քանի դեռ տեսողությունը չի տուժել, որևէ գանգատ չի նշում կամ նշում է միայն քիչ թվով և շատ չանհանգստացնող նշաններ:
Գլաուկոմայի կանխարգելումն ու ախտորոշումը
Ցավոք, գլաուկոման չի կարող նախականխվել: Սակայն ակնաբույժը կարող է վաղ հայտնաբերել այս հիվանդությունը, եթե դուք պարբերաբար (2-3 տարին մեկ) ստուգեք ձեր տեսողությունը: Նման հետազոտությունը տևում է 20-45 րոպե:
Կան երկրներ, որտեղ պետական մակարդակով առաջարկվում է տեսողության պարբերական ստուգումները սկսել 40-50 տարեկանից:
Դուք պետք է առանձնահատուկ ուշադիր լինեք գլաուկոմայի նկատմամբ, եթե՝
- կարճատես եք
- երկար ժամանակի ընթացքում ընդունում եք կորտիզոն (ստերոիդներ)
- ունեք շաքարային դիաբետ (շաքարախտ)
- ունեք բարձր կամ ցածր արյան ճնշում
- ունեք միգրենային գլխացավեր:
Գլաուկոմայի բուժումը
Գլաուկոմայով պատճառված նյարդային բջիջների ախտահարումը չի կարող վերականգնվել: Բուժումը նշանակվում է դրանց հետագա վնասումը թույլ չտալու համար: Սովորաբար նշանակվում են ներակնային ճնշումը նվազեցնող միջոցներ, այդ թվում՝
- աչքի կաթիլներ կամ դեղեր, որոնք նվազեցնում են ներակնային հեղուկի արտադրությունը կամ հեշտացնում վերջինիս արտահոսքը աչքից
- աչքի լազերային կամ այլ վիրահատություններ, որոնք բացում են հեղուկի արտահոսքն ապահովող նոր անկյուն կամ լայնացնում են առկա ուղին:
Գլաուկոմայի վիրահատությունը սովորաբար մեկօրյա հիվանդանոցային հսկողություն պահանջող միջամտություն է: Վիրահատությունը կատարվում է տեղային կամ ընդհանուր անզգայացման ներքո: Զրուցեք այս թեմայով ձեր ակնավիրաբույժի հետ:
Հոդվածը տեղադրվել է՝ 20-06-2019 վերանայվել է՝ 30-06-2023 | Հիմնական աղբյուր՝ Evidence-Based Overviews
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: