Դեղեր և հավելումներ
Կալցիումական անցուղիների պաշարիչներ (կալցիումի անտագոնիստներ)

Ընդհանուր նկարագրություն
Կալցիումական անցուղիների պաշարիչները կամ կալցիումի անտագոնիստները դեղաբանական խումբ է, որն արգելակում է կալցիումի իոնների անցումը կալցիումական անցուղիներով և օգտագործվում է անոթների կարծրացման հետևանքով բարձր արյան ճնշման նվազեցման, կրծքահեղձուկի բուժման և այլ նպատակներով։
Արյունը դեպի աորտա և խոշոր զարկերակներ արտամղելու համար սիրտն ունի թթվածնի մշտական կարիք, և որքան ծանրաբեռնված է սիրտն աշխատում, այդքան ավելի մեծ քանակով թթվածին է պահանջում: Կրծքահեղձուկը (ստենոկարդիա) տեղի է ունենում, երբ սրտի թթվածնով մատակարարումը համարժեք չէ նրա կատարած աշխատանքի չափին:
Լայնացնելով զարկերակները, կալցիումի անցուղիների պաշարիչները նվազեցնում են այս անոթներում առկա ճնշումը, որի շնորհիվ սիրտն ավելի հեշտությամբ է արտամղում արյունը և նվազում է թթվածնի նկատմամբ սրտամկանի պահանջը: Այս մեխանիզմով կալցիումի անցուղիների պաշարիչները կարող են մեղմացնել կամ կանխարգելել կրծքահեղձուկը:
Կալցիումի անցուղիների պաշարիչները օգտագործվում են նաև բարձր արյան ճնշման (հիպերտենզիա) բուժման մեջ, քանի որ վերոնշյալ մեխանիզմով նվազեցնում են զարկերակային ճնշումը:
Կալցիումի անցուղիների պաշարիչները նաև նվազեցնում են սրտամկանի գրգռականությունը, ուստի կարող են օգտագործվել սրտի ռիթմի որոշ հաճախասրտային շեղումների դեպքում:
Օրինակներ
Ավելի հաճախ նշանակվող կալցիումի անցուղիների պաշարիչներից են՝
Կալցիումի անցուղիների պաշարիչների տարբեր տեսակներ միմյանցից տարբերվում են իրենց ազդեցության տևողությամբ և օրգանիզմում տրոհման և հեռացման արագությամբ, և, ամենակարևորը՝ սրտմկանի կծկողունակության և սրտի ռիթմի վրա դրսևորած ազդեցություններով: Որոշ դեղեր, օրինակ՝ Ամլոդիպինը, սրտի ռիթմի և կծկողունակության վրա ունեն խիստ փոքր ազդեցություն, ուստի կարող են անվտանգ կերպով օգտագործվել այն անձանց կողմից, ովքեր ունեն սրտային անբավարարություն կամ բրադիկարդիա (սրտի ռիթմի դանդաղում): Վերապամիլը և Դիլթիազեմն ամենաուժեղն են ազդում սրտի վրա՝ թուլացնելով վերջինիս կծկման ուժը և հաճախականությունը: Ուստի, դրանք ավելի հաճախ նշանակվում են սրտի ռիթմը դանդաղեցնելու համար, երբ սիրտը կծկվում է խիստ հաճախացած (տախիկարդիա կամ տախիառիթմիա):
Ցուցումներ
Կալցիումի անցուղիների պաշարիչները նշանակվում են հետևյալ դեպքերում՝
- բարձր արյան ճնշում (հիպերտենզիա)
- կրծքահեղձուկ (ստենոկարդիա)
- սրտի ռիթմի խանգարումներ (առիթմիա), օրինակ՝ շողացող առիթմիա և պարօքսիզմալ վերփորոքային հաճախասրտություն):
Այս դեղերը նաև կարող են օգտագործվել սրտամկանի ինֆարկտից հետո, հատկապես այն անձանց կողմից, ովքեր չեն կարող տանել բետա-բլոկատորներ, ունեն շողացող առիթմիա կամ իրենց կրծքահեղձուկը բուժելու կարիք:
Ի տարբերություն բետա-բլոկատորների, կալցիումի անտագոնիստները չեն ցուցաբերում սրտամկանի ինֆարկտից հետո մահացությունը կրճատելու և նոր սրտամկանի ինֆարկտի ռիսկը կրճատելու ազդեցություններ:
Արյան ճնշումը նվազեցնելու առումով կալցիումի անցուղիների պաշարիչներն այնքան արդյունավետ են, որքան ԱՓՖ արգելակիչները, սակայն զիջում են դրանց բարձր արյան ճնշմամբ (հիպերտենզիա) կամ դիաբետով պատճառված երիկամային անբավարության կանխարգելման արդյունավետությամբ:
Կալցիումի անցուղիների պաշարիչները աֆրիկյան բնակչության շրջանում ավելի արդյունավետ կերպով են նվազեցնում բարձր արյան ճնշումը, քան գերճնշման մյուս դեղերը:
Դրանք նաև օգտագործվում են հետևյալ հիվանդությունները բուժելիս՝
- թոքային հիպերտենզիա
- Ռեյնոյի համախտանիշ
- կարդիոմիոպաթիա
- սուբարախնոիդալ արյունազեզում:
Կալցիումի անցուղիների պաշարիչները նաև օգտագործվում են միգրենային գլխացավերը կանախարգելելիս:
Կողմնակի ազդեցություններ
Կալցիումի անցուղիների պաշարիչների ամենատարածված կողմնակի ազդեցություններն են՝
- փորկապություն
- սրտխառնոց
- գլխացավ
- հոգնածություն
- մաշկային ցան
- այտուց (ոտքերի և ոտնաթաթեր)
- թոքերի այտուց
- ցածր արյան ճնշում (հիպոտենզիա)
- քնկոտություն
- գլխապտույտ
- մկանային թուլություն
- մկանային կծկանքներ (սպազմ)
- սրտի ռիթմի խանգարումներ (առիթմիա):
Այս խմբի դեղերը կարող են նաև առաջացնել լյարդի գործունեության խանգարում և լնդերի գերաճ:
Երբ Դիլթիազեմը կամ Վերապամիլը նշանակվում են սրտային անբավարարությամբ անձանց, վերջինիս ախտանիշները կարող են վատթարանալ, քանի որ այս դեղերը նվազեցնում են սրտի կծկողական ուժը և թուլացնում են սրտի կողմից արյունն արտամղելու ունակությունը:
Արյան ճնշումը նվազեցնող այլ դեղերի նման կալցիումի անցուղիների պաշարիչները կապված են սեռական գործունեության խանգարման հետ (տղամարդկանց էրեկտիլ դիսֆունկցիա):
Այլ դեղերի, հավելումների և սննդի հետ փոխազդեցություններ
Կալցիումի անցուղիների պաշարիչները կարող են փոխազեդել տարբեր դեղերի հետ:
- Վերապամիլը և Դիլթիազեմը կարող են նվազեցնել լյարդի կողմից բազմաթիվ դեղերի չեզոքացումը և օրգանիզմից հեռացումը: Այս մեխանիզմով Վերապամիլը և Դիլթիազեմը կարող են բարձրացնել Կարբամազեպինի, Սիմվաստատինի, Ատորվաստատինի և Լովաստատինի չեզոքացումը և բարձացնել արյան մեջ դրանց մակարդակը, որը կարող է բերել այս դեղերի կողմնակի կամ թունավոր ազդեցությունների մեծացման:
- Գրեյպֆրութի հյութը (մոտ 200 մլ) կարող է բարձրացնել արյան մեջ Ֆլեոդիպինի, Վերապամիլի, Նիսոլդիպինի, Նիֆեդիպինի, Նիկարպիդինի և, հնարավոր է, որ Ամլոդիպինի խտությունը: Ուստի խորհուրդ է տրվում այս հյութը օրգագործել կալցիումի անցուղիների պաշարիչների ընդունումից միայն առնվազն 2 ժամ առաջ կամ 4 ժամ հետո:
Ամփոփում
Կալցիումի անցուղիների պաշարիչները դեղաբանական խումբ է, որը լայնացնում է զարկերակները և օգտագործվում է բարձր արյան ճնշումը, սրտի ռիթմի ոչ նորմալ հաճախացումը, թոքային գերճնշումը, Ռեյնոյի համախտանիշը, կարդիոմիոպաթիան և սուբարախնոիդալ արյունազեղումը բուժելիս: Այս դեղերը կարող են նշանակվել նաև միգրենային գլխացավերը և կրծքահեղձուկը կանխարգելելու համար, ինչպես նաև որոշ դեպքերում՝ սրտամկանի ինֆարկտից հետո:
Մինչև դեղն ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:
Հոդվածը տեղադրվել է՝ 16-05-2020 վերանայվել է՝ 08-03-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որևէ դեղ ընդունելու վերաբերյալ որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: