Շաքարային դիաբետը մի շարք տարբեր հիվանդությունների հավաքական անունն է, որի ժամանակ օրգանիզմը չի կարողանում ապահովել արյան գլյուկոզի կայուն նորմալ մակարդակ։
Գլյուկոզը շաքարի տեսակներից մեկն է, այստեղից էլ գալիս է այս հիվանդությունների շաքարային դիաբետ կամ շաքարախտ անվանումը, թեև ներկայում ավելի հաճախ օգտագործում են դիաբետ անվանումը:
Դիաբետի ժամանակ արյան գլյուկոզը պատշաճ ձևով չի յուրացվում բջիջների կողմից, ուստի մնում ու կուտակվում է արյան մեջ՝ հանգեցնելով արյան շաքարի մակարդակի բարձրացման, որը կոչվում է հիպերգլիկեմիա։
Դիաբետի տեսակները
Բժիշկները սովորաբար առանձնացնում են դիաբետի երեք հիմնական տեսակներ, որոնք իրականում լրիվ տարբեր հիվանդություններ են:
1-ին տիպի դիաբետ
1-ին տիպի դիաբետը աուտոիմուն հիվանդություն է, որի ժամանակ օրգանիզմի իմունային համակարգը սկսում է գրոհել և վնասել ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բջիջները։ Արդյունքում, քչացած ինսուլինը չի կարողանում կարգավորել գլյուկոզի նյութափոխանակությունը, և 1-ին տիպի դիաբետով հիվանդները ստիպված են լինում օրգանիզմի արտադրած բնական ինսուլինի պակասը լրացնել բժշկի կողմից նշանակված արհեստական ինսուլինով։ Այդ իսկ պատճառով 1-ին տիպի դիաբետը նաև ներկայացվում է որպես ինսուլինակախյալ (ինսուլին-կախված) դիաբետ։
Հիվանդությունը կարող է ի հայտ գալ բոլոր տարիքներում, սակայն ավելի հատուկ է երեխաներին և դեռահասներին (պատանեական դիաբետ)։
Իմացե՛ք ավելին 1-ին տիպի դիաբետի մասին
2-րդ տիպի դիաբետ
2-րդ տիպի դիաբետը կապված է ժառանգական գործոնների և ապրելակերպի ռիսկի գործոնների հետ, ներառյալ անառողջ սննդակարգը, անբավարար ֆիզիկական ակտիվությունը, ավելորդ քաշը կամ գիրությունը։ Դիաբետի այս տեսակը անվանում են նաև«ինսուլին ոչկախյալ (ինսուլին-անկախ) դիաբետ:
2-րդ տիպի դիաբետով հիվանդները կարող են վերահսկել իրենց այս վիճակը ապրելակերպի առողջացման շնորհիվ։ Այնուամենայնիվ, որոշ դեպքերում անհրաժեշտություն է ծագում արյան գլյուկոզի բարձր մակարդակը կարգավորել և կայունացնել դիաբետի դեղերի, երբեմն էլ՝ ինսուլինի միջոցով։
2-րդ տիպի դիաբետը հիմնականում զարգանում է 40-ն անց մարդկանց մոտ, թեև վերջին տարիներին ավելի ու ավելի հաճախ է ավելի երիտասարդների մոտ ախտորոշվում դիաբետի այս տեսակը։
Իմացե՛ք ավելին 2-րդ տիպի դիաբետի մասին
Հղիների (գեստացիոն) դիաբետ
Դիաբետի այս տեսակը հանդիպում է կանանց մոտ հղիության ընթացում։ Սովորաբար, այս վիճակը ծննդաբերությունից հետո ինքնուրույն անհետանում է, սակայն, գեստացիոն դիաբետը բարձրացնում է կնոջ հետագա կյանքում 2-րդ տիպի դիաբետի զարգացման հավանականությունը։
Գեստացիոն դիաբետը կարող է վերահսկվել առողջ սննդակարգի և ֆիզիկական վարժանքների օգնությամբ, թեև, դիաբետի դեղերը, այդ թվում ինսուլինը, կարող են դառնալ անհրաժեշտ՝ արյան գլյուկոզի մակարդակը կարգավորելու և հղիության ընթացքը բարդություններից զերծ պահելու համար։
Իմացե՛ք ավելին գեստացիոն դիաբետի մասին։
Հոդվածը հրապարակվել է՝ 13-04-2018
Վերջին վերանայում՝ 29-04-2024