Լրահոս
Տոնզիլէկտոմիան կարող է բերել հեռավոր առողջական հետևանքների

Վերջերս զեկուցված մեծածավալ մի հետազոտության արդյունքները վկայում են, որ մինչև 9 տարեկանը նշագեղձերը կամ ադենոիդները հեռացրած մարդիկ մինչև 30 տարեկան հասակը կարող են ենթարկվել շնչառական, վարակային և ալերգիկ հիվանդությունների նկատմամբ բարձրացած ռիսկի:
JAMA Otolaryngology–Head & Neck Surgery ամսագրում վերջերս առցանց հրապարկված մի հետազոտությամբ վերլուծվել և ամփոփվել է գրեթե 1,2 միլիոն մարդկանց տվյալ:
Հետազոտությամբ ստացված արդյունքները հեղինակներին թույլ են տվել եզրակացնելու, որ մանկական տարիքում կատարված տոնզիլէկտոմիան կապված է երիտասարդ տարիքում վերին շնչուղիների հիվանդությունների գրեթե եռակի, իսկ ադենոիդէկտոմիան՝ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների և վերին շնչուղիների հիվանդությունների կրկնակի և կոնյուկտիվիտների գրեթե կրկնակի բարձրացած ռիսկի հետ:
Բժիշկները պարբերաբար կրկնվող տոնզիլիտի կամ միջին ականջի բորբոքումների բուժման ժամանակ հաճախ հեռացնում են երեխաների նշագեղձերը և ադենոիդները («քթի միս»): Նման դեպքերում վիրահատությունը համարվում է որպես վերջնական՝ «ճարահատյալ» մեթոդ:
Այնուամենայնիվ, այս հետազոտության արդյունքներով ամրապնդվում է այն կարծիքը, որ թերևս կարիք կա մեծացնելու վերոնշյալ հիվանդությունների բուժման առավել արդյունավետ ոչ վիրահատական մեթոդներ գտնելու ջանքերը, քանի որ իմունային համակարգի մի մասը կազմող նշագեղձերի և ադենոիդների վիրահատական հեռացումը կարող է տարիներ անց բերել կողմնակի ազեդցությունների:
Հ.Գ. Առաջարկում ենք նաև ընթերցել տոնզիլիտի և ադենոիդի վերաբերյալ մեր հոդվածները:
Հոդվածը տեղադրվել է՝ 07-07-2018 վերանայվել է՝ 04-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: