Առողջական խնդիրներ

Ադենոիդներ

Ադենոիդներ

Time Read 3 րոպե

Ադենոիդները երեխաների քթի խոռոչի ետևում փափուկ հյուսվածքներից կազմված փոքր գոյացություններ են:

Որպես ավշային համակարգի մի օղակ, ադենոիդները մասնակցում են վարակների նկատմամբ երեխայի իմունային պաշտպանությանը: Կառուցվածքով ադենոիդները նման են ավշային գեղձերին:

Երբ ադենոիդներն իրենք են վարակվում և մեծանում, առաջացնում են ինչպես քթով շնչառության, այնպես էլ ականջների հետ կապված խնդիրներ: Սուր խնդիրների պատճառ դառնալու դեպքում ադենոիդները կարող են հեռացվել վիրահատական ճանապարհով (կոչվում է «ադենոիդէկտոմիա»):

Ի՞նչ են ադենոիդները

Ադենոիդները երեխայի ավշային համակարգի մի օղակն են: Դրանք օգնում են, որ երեխան պաշտպանվի տարբեր վարակներից: Նշագեղձերի հետ միասին ադենոիդները մասնակցում են երեխաների քթով և բերանով մուտք գործած բակտերիաների ոչնչացմանը:

Իրենց բնույթով ադենոիդները «մսոտ» հյուսվածքային գեղձեր են (այստեղից էլ՝ «քթի միս» անվանումը), որոնք տեղադրված են քթըմպանում՝ սա ըմպանի բերանից չերևացող՝ վերին մասում:

Յուրաքանչյուր ոք ծնվում է ադենոիդներով: Դրանք իրենց ամենամեծ չափերին հասնում են 3-5 տարեկանում, որից հետո՝ 5-8 տարեկանում սկսում են ետաճել (փոքրանալ), իսկ սեռահասունացման շրջանում անհետանում կամ դառնում են աննշան չափերի:

Ադենոիդների պատճառած խնդիրները

Երբ ադենոիդները վարակվում և բորբոքում են, այտուցվում և չափերով մեծաում են՝ հանգեցնելով հետևյալ խնդիրների՝

  • միջին ականջի վարակներ (միջին օտիտ) և լսողության խնդիրներ, քանի որ մեծացած ադենոիդները փակում են քթի խոռոչը միջին ականջին միացնող բարակ եվստախյան փողը
  • քթային շնչառության դժվարացում, որի պատճառով երեխաները ստիպված են շնչել բերանով՝ շնչառությունից դուրս թողելով քթի խոռոչի՝ ներշնվող օդը մաքրելու և խոնավացնելու կարևոր գործառույթները, որը մեծացնում է կոկորդի, բրոնխների և թոքերի վարակային բորբոքման ռիսկը
  • հարքթային ծոցերի բորբոքում (սինուսիտ), որն իր հերթին խորացնում է քթով շնչառության խանգարումը և բերում կայուն հարբուխի, երբ երեխայի քիթը միշտ «լցված է»
  • քնի խանգարումներ, երբ մեծացած ադենոիդները երեխայի մոտ առաջացնում են քնի ապնոէ՝ քնած ժամանակ շնչառության պարբերաբար մի քանի վայրկյանով ընդհատումներ:

Ադենոիդային խնդիրների ախտորոշումը

Եթե ձեր բժիշկը կարծում է, որ երեխայի մոտ կան ադենոիդների հետ կապված խնդիրներ, զրուցում է ձեզ և ձեր երեխայի հետ, զննում նրան և հավանաբար նշանակում որոշ հետազոտություններ, այդ թվում՝

  • քթի խոռոչների էնդոսկոպիկ հետազոտություն, երբ քիթ-կոկորդ-ականջաբանը ազատ ծայրին լուսավորող տեսախցիկ ունեցող խողովակը (ռինոսկոպ) երեխայի քթանցքից զգուշությամբ ներհրում է դեպի քթի և քթըմպանի խոռոչներ, զննում քթային անցուղինները և փնտրում մեծացած ադենոիդները
  • պատկերային հետազոտություններ, երբ որոշ դեպքերում իրականացվում է քթի խոռոչի և հարակից ծոցերի ռենտգեն կամ համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ):

Ադենոիդային խնդրի բուժումը

Երեխաների մեծ մասի մոտ մեծացած կամ վարակված ադենոիդները բուժման կարիք չեն զգում՝ ելնելով այն հանգամանքից, որ դեռահասության տարիներին դրանք սովորաբար փոքրանում են և ադենոիդների հետ կապված խնդիրներն ինքնուրույն անհետանում են:

Որոշ դեպքում բժիշկը կարող է նշանակվել հակաբիոտիկներ՝ ուղեկցվող սինուսիտը կամ միջին ականջի վարակային բորբոքումը (միջին օտիտ) բուժելու համար, եթե համոզված է, որ դրանց պատճառը ախտածին բակտերիաներն են:

Այնուամենայնիվ, եթե ադենոիդը պատճառում է լուրջ անհանգստություն (խռմփոց, քնի խանգարումներ, քթային շնչառության խիստ դժվարացում, միջին ականջի բորբոքում և այլն), երեխայի բժիշկը կարող է առաջարկել ադեոնոիդների վիրահատական հեռացում`ադենոիդէկտոմիա: Որոշ դեպքերում երեխաների նշագեղձերի հեռացման հետ մեկտեղ հեռացնում են նաև ադենոիդները կամ հակառակը:

Իմացե՛ք ավելին ադենոիդէկտոմիայի մասին:

Հոդվածը տեղադրվել է՝ 20-04-2018 վերանայվել է՝ 16-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով