Ասեղնաբուժությունը հնագույն բուժման մեթոդ է, որը ծագել է Չինաստանում ավելի քան 2000 տարի առաջ:
Ի՞նչ է ասեղնաբուժությունը
Ասեղնաբուժությունը մաշկի մեջ խրված մետաղական ասեղների միջոցով մարմնի որոշակի կետերի խթանումն է: Հաճախ այս մեթոդն օգտագործվում է այլ ոչ բժշկական մեթոդների՝ մատնային կամ այլ մերսումների, տաքացնող կամ էլեկտրական խթանման միջոցների հետ: Որոշ մասնագետներ ասեղների փոխարեն նույն կետերը խթանում են լազերով:
Թեև որոշ հիվանդությունների բուժման մեջ ասեղնաբուժությունն ապացուցել է իր օգտակարությունը, սակայն մինչ օրս մեթոդի բժշկագիտական հիմքերը դեռ լիարժեք չեն բացահայտվել:
Արդյոք ասեղնաբուժությունն արդյունավե՞տ է
Հետազոտությունները ցույց են տվել, որ հավանական է, որ ասեղնաբուժությունը կարող է օգտակար լինել հետևյալ դեպքերում
- միգրենի կանխարգելում
- ծնկան օստեոարթրիտի բուժում:
Ասեղնաբուժությունը օգտագործվում է նաև գոտկային ցավերը բուժելիս, սակայն դեռ անորոշ է բուժման արդյունավետությունը: Օրինակ, բրիտանական ուղեցույցներով ասեղնաբուժություն խորհուրդ չի տրվում գոտկային ցավերի դեպքում՝ իշիասի (ոտքերի ցավերի) առկայությունից անկախ:
Չկան նաև այլ հիվանդությունների բուժման մեջ ասեղնաբուժության օգտակարության մասին վերջնական տվյալներ: Օրինակ, որոշ տվյալներ կան այն մասին, որ ասեղնաբուժությամբ կարելի է մեղմացնել գլխացավը կամ ատամների ցավը, սակայն դրանք ավելի մանրակրկիտ հետազոտության կարիք ունեն:
Արդյոք ասեղնաբուժությունն անվտա՞գ է
Ճիշտ տեխնիկան և հիգիենայի պատշաճ պայմաններն ապահովելու դեպքում ասեղնաբուժությունը մարդկանց մեծ մասի համար ընդհանուր առմամբ անվտանգ է: Սակայն պետք է հաշվի առնել, որ այս միջոցառումը նախատեսում է ասեղով մաշկի ծակում և մարմնի մեջ որոշակի տեղաշարժ, որն ինքնին պարունակում է որոշ ռիսկեր:
Ասեղնաբուժության հավանական կողմնակի ազդեցություններից են՝
- ասեղի ծակած տեղից արյունահոսություն կամ տվյալ շրջանի արյունազեղում
- կոնտակտային դերմատիտ
- նյարդի վնասում
- արյան միջոցով տարածվող որոշ հիվանդություններով վարակում, օրինակ՝ հեպատիտ C կամ ՄԻԱՎ/ՁԻԱՀ
- օրգանների ծակում:
Ասեղնաբույժները օգտագործում են միայն ստերիլ միանվագ ասեղներ, որ կանխարգելվի արյան միջոցով փոխանցվող հիվանդությունների և ծակած շրջանի վարակման ռիսկերը:
Ինչպե՞ս է իրականացվում ասեղնաբուժությունը
Սովորաբար ասեղնաբուժության սեանսը սկսվում է մասնագետի հետ զրույցից, որի ընթացքում ձեզ ներկայացվում է միջոցառման մասին որոշ մանրամասներ:
Ըստ ձեր ախտորոշման և ասեղնաբուժության նպատակի, մասնագետն ընտրում է ձեր մարմնի այն շրջանը, որտեղ պետք է տեղադրվեն ասեղները կամ գործարկվի լազերը:
Ասեղնաբուժության մեջ կիրառվող ասեղները շատ բարակ են, շատ ավելի բարակ, քան ներարկման համար օգտագործվող բժշկական ասեղները: Դրանցով ձեր մաշկը ծակելը որևէ լուրջ ցավ կամ այլ գանգատ չի առաջացնում:
Ասեղը խրելով ձեր մաշկի մեջ և որոշ չափով խորացնելով ներս, մասնագետն այն թողնում է որոշակի ժամանակ՝ 10-20 րոպե, որից հետո այն զգուշությամբ հեռացվում է: Մեկ սեանսի ժամանակ կարող է օգտագործվել մինչև 20 ասեղ:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-05-2018
Վերջին վերանայում՝ 30-04-2024