Եթե մշտապես ապրում եք ծովի մակերևույթին մոտ և ուղեվորվում եք բարձրադիր շրջաններ, ձեզ մոտ կարող են առաջանալ ինքնազգացողության վատացում և հարակից այլ գանգատներ։
Նման վիճակն ընդունված է անվանել բարձունքային հիվանդություն, քանի որ պայմանավորված է բարձրադիր վայրերի հետ կապված կլիմայական հատուկ պայմաններով, առաջին հերթին՝ օդում թթվածնի պարցիալ ճնշման նվազմամբ։
Ի՞նչ է բարձունքային հիվանդությունը
Բարձունքային հիվանդության պատճառը ծովի մակերևույթից 2500 մետր և ավելի բարձր պայմաններում օդում թթվածնի ցածր մակարդակն է։ Այս վիճակը զարգանում է, երբ մեր օրգանիզմը բավարար ժամանակ չի ունենում, որ հարմարվի ներշնչվող օդում թթվածնի պարցիալ ճնշման նոր՝ ավելի ցածր մակարդակին։
Բարձունքային հիվանդությունը կարող է զարգանալ ցանկացած մարդու մոտ։ Երիտասարդ կամ ֆիզիկապես ամուր լինելը որևէ կերպ չեն ազդում այս վիճակի զարգացման ռիսկի վրա։
Կզարգանա արդյոք ձեզ մոտ բարձունքային հիվանդություն, կախված է մի շարք գործոններից, այդ թվում՝
- ձեր տեղանքի բարձրությունից՝ հաշված ծովի մակերևույթից
- այդ բարձրությանը հասնելու ժամանակից (ինչքա՞ն է տևել, մինչև հասել եք տվյալ բարձրությանը)
- առողջական խնդիրների առկայությունից, որոնք ազդում են ձեր սրտի և թոքերի գործունեության վրա։
Ծայրահեղ ծանր ընթացքով բարձունքային հիվանդությունը կարող է ունենալ մահացու ելք։
Ի՞նչ է լեռնային հիվանդությունը
Թեև մարդիկ կարող են փոխարինաբար օգտագործել բարձունքային և լեռնային հիվանդություններ արտահայտությունները, դրանք տարբեր վիճակներ են։ Լեռնային հիվանդությունը բարձունքային հիվանդության տեսակներից է և հանդիսանում է ավելի ծանր վիճակ, քանի որ թթվածնային քաղցին ավելանում են ֆիզիկական հոգնածությունը, սառեցումը և բարձրադիր վայրերին բնորոշ ուլտրամանուշակագույն ճառագայթումը։
Որո՞նք են բարձունքային հիվանդության ախտանիշները
Եթե ձեզ մոտ զարգացել է բարձունքային հիվանդություն, դուք հավանաբար կզգաք գլխապտույտ և աղմուկ ականջներում, թուլություն և սրտխառնոց, ինչպես նաև կարող եք նշել գլխացավ և անորոշ դյուրագրգռություն կամ հակառակը՝ քնկոտություն։ Ձեր ինքնազգացողությունը նմանվում է ալկոհոլային խումհարի վիճակին, որը բազմաթիվ մարդկանց մոտ առաջանում է մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործելու հաջորդ օրվա առավոտյան ժամերին:
Բարձունքային հիվանդությունը կարող է բարդանալ սուր շնչառական անբավարարությամբ, եթե զարգանա այսպես կոչված բարձունքային թոքերի այտուց: Սա կյանքին սպառնացող վիճակ է, որը դրսևորվում է օդի պակասի սուր զգացումով, երբեմն շնչահեղձության հասնող հևոցով ու հազով, սրտխփոցով, իսկ ծայրահեղ դեպքերում՝ շրթունքների կապույտ երանգավորմամբ (ցիանոզ)։
Ներշնչվող օդում թթվածնի պակասով պատճառված թթվածնաքաղցը (հիպօքսիա) կարող է բարդանալ նաև գլխուղեղում հեղուկի կուտակմամբ, որը հայտնի է նաև որպես բարձունքային ուղեղի այտուց։ Սա իր հերթին կյանքին սպառնացող վիճակ է, որն ուղեկցվում է շփոթվածությամբ, գերգրգռվածությամբ և անկայուն վարքով, իսկ ծանր դեպքերում՝ ցնցումներով և գիտակցության խանգարմամբ։
Բարձունքային հիվանդությունը կարող է ծանրանալ գիշերային ժամերին և տևել մի քանի օր, նույնիսկ եթե դուք մնաք նույն բարձրության վրա։
Ինչպե՞ս է բարձրության հիվանդությունը բուժվում
Եթե զգում եք, որ ձեզ մոտ զարգանում է այս վիճակը, պետք է մնալ նույն բարձրության վրա և չփորձել ավելի վեր բարձրանալ։ Կարող եք իջնել ավելի ցածր մակարդակներ, որը հավանաբար կօգնի ախտանիշների մեղմացմանը։
Հանգիստը, հեղուկներ ընդունելը և ցավազրկող դեղերը կարող են օգնել, որ ձեր գանգատները մեղմանան։ Նույնիսկ եթե ձեր ինքնազգացողությունը բարելավվում է, մի՛ փորձեք բարձրանալ ավելի վերև։
Պետք չէ նաև փորձել ձեր վիճակը «բուժել» ալկոհոլ խմելով, հանգստացնող կամ քնաբերներ ընդունելով, քանի որ դրանք կխանգարեն նոր պայմաններում ձեր օրգանիզմի հարմարվելու գործընթացը։
Եթե բարձունքային հիվանդությունն առաջացրել է ձեր թոքերի և ուղեղի գործունեության խանգարումներ, այստեղ խոսքը գնում է բժշկական անհետաձգելի վիճակի մասին։ Հնարավորության դեպքում, ձեզ ուղեկցողները պետք է փորձեն ձեզ իջեցնել ավելի ցածր մակարդակներ, զանգեն 1-03 և կանչեն շտապ օգնություն (եթե, իհարկե, ձեր գտնվելու վայրն ավտոմեքենայի համար հասանելի է)։ Եթե ձեզ հետ թթվածնային բալոն ունենք, թթվածին շնչելը կարող է որոշակիորեն օգնել։
Ինչպե՞ս կարելի է կանխարգելել բարձունքային հիվանդությունը
Եթե նախատեսել եք ուղեվորվել բարձրադիր վայրեր, նախապես զրուցեք ձեր բժշկի հետ այն մասին, թե որքանով է ձեր առողջական վիճակը թույլ տալիս անել դա։ Հարցերք նաև, թե ինչ դեղեր կարելի է ձեզ հետ վերցնել, որոնք կարող են օգնել կլիմայափոխությանը հեշտ հարմարվելուն, հատկապես, եթե նախկինում ձեզ մոտ բարձունքային հիվանդության դրվագներ եղել են։
Դուք կարող եք նվազեցնել բարձունքային հիվանդության զարգացման հավանականությունը, եթե՝
- հրաժարվեք ծովի մակարդակից դեպի բարձրադիր վայրեր արագ բարձրանալուց, օրինակ, առաջին օրը չանցնեք 2500 մետր բարձրությունը
- եթե հասել եք 3000 մետրին, հետագա բարձրանալը դանդաղեցնեք մինչև 500 մետր յուրաքանչյուր օրվա համար
- գիշերն անցկացնեք տվյալ օրվա ամենաբարձր մակարդակից ավելի ցածր տեղանքում
- խուսափեք ֆիզկական ծանր գործերից՝ մինչև ձեր օրգանիզմը հարմարվի մթնոլորտային օդում թթվածնի ցածր մակարդակին
- չօգտագործեք ալկոհոլ։
Հոդվածը հրապարակվել է՝ 02-05-2019
Վերջին վերանայում՝ 03-05-2024