Հետանցքի շրջանի վնասվածքները հաճախ պատճառվում են աղիների գործունեության խանգարումներով:
Oրինակ, փորլուծությունը կամ փորկապությունը կարող են առաջացնել հետանցքի հարակից մաշկի ցավ, գրգռում և վնասում, որն էլ դրսևորվի կղանքում կամ զուգարանի թղթի վրա բաց կարմիր արյան հետքերով:
Երբեմն հետանցքում կամ այս բնական բացվածքը շրջապատող մկանները ենթարկվում են կծկանքի (սպազմ), որի պատճառով հետանցքային սեղմանը (սֆինկտեր) նեղանում է և աղիների դատարկումը դարձնում ցավոտ: Սա կարող է նաև պատճառել լորձաթաղանթի պատռվածք, որը կոչվում է հետանցքի ճաք և կարող է արյունահոսել:
Հետանցքի վնասվածքները կարող են պատճառվել նաև սեռական ակտիվությամբ, օրինակ՝ հետանցքային (անալ) սեռական հարաբերություն, օտար մարմինների կամ մատների ներմուծում այս բացվածքով և այլն: Հարումը, սուր եզրերը կամ կոպիտ վարքագծերը կարող են վնասել զգայուն մաշկը և ուղիղ աղիքի լորձաթաղանթը՝ առաջացնելով ցավ, բորբոքում և արյունահոսություն:
Հետանցքի վնասվածքների բուժումը
Եթե հետանցքի վնասվածքը առաջացնում է առատ արյունահոսություն, կայուն ցավեր և բորբոքում կամ օտար մարմինը մնում է ուղիղ աղիքի լուսանցքում, անհրաժեշտ է առանց հետաձգելու դիմել անհետաձգելի բուժօգնության: Ուղիղ աղիքում հայտնված օտար մարմինն ինքնուրույն կամ մեկ այլ անձի օգնությամբ հեռացնելը կարող է ավելի մեծ վնաս պատճառել:
Հետանցքի վնասվածքների ինքնօգնությունը
Եթե հետանցքի շրջանը խիստ ցավոտ և այտուցված է, սառցեպարկը կամ այլ սառեցնող միջոցները կարող են օգնել գանգատների մեղմացմանը: Մի՛ փորձեք այս միջոցները հետանցքի շրջանում պահել ավելի քան 30 րոպե:
Բուժօգնության դիմելիս ծածկեք հետանցքը մաքուր վիրակապով:
Եթե ունեք սաստիկ ցավեր, բժշկի խորհրդով կարող եք ընդունել սովորական ցավազրկողներից մեկնումեկը:
Նկատի ունեցեք, որ մինչև վնասվածքի լիարժեք բուժումը պետք է ընդմիջել սեռական շփումները, քանի որ բարձրանում է վնասված շրջանով ՄԻԱՎ-ով կամ մեկ այլ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությամբ վարակվելու ռիսկը:
Առանց հետաձգելու զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն, եթե՝
- առկա է առատ արյունահոսություն
- դուք ի վիճակի չեք շարժվել կամ քայլել
- ունեք գլխապտույտ այնպես, ինչպես լինում է ուշաթափվելիս:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-02-2021
Վերջին վերանայում՝ 03-05-2024