Առողջական խնդիրներ

Սիբիրյան խոց (սիբիրախտ)

Սիբիրյան խոց (սիբիրախտ)

Time Read 3 րոպե

Սիբիրյան խոցը կամ սիբիրախտը բակտերիալ (մանրէային) ծագման ծանր վարակիչ զոոնոզ՝ կենդանիներից կամ կենդանական արտադրանքից փոխանցվող հիվանդություն է:

Հայաստանում մարդկանց շրջանում սիբիրյան խոց հայտնաբերվում է խիստ եզակի դեպքերում:

Ի՞նչ է սիբիրյան խոցը

Սիբիրյան խոցը վարակիչ հիվանդություն է, որը հարուցվում է Bacillus Anthracis բակտերիայով: Այս բակտերիան աէրոբ, գրամդրական, սպոր և պատիճ առաջացնող անշարժ ցուպիկ է, որը վարակված կենդանիների օրգանիզմում առաջացնում է արտահայտված պատիճ, իսկ անբարենպաստ պայմաններում սպորի տեսքով կարող է պահպանվել երկար ժամանակի ընթացքում:

Դուք չեք կարող սիբիրյան խոցով վարակվել այլ մարդուց:

Սիբիրյան խոցն ունի սուր ընթացք և բնորոշվում է սեպտիցեմիայով, օրգանիզմի թունավորումով (ինտոքսիկացիա) և մարմնի տարբեր հատվածներում մաշկային բշտերի և խոցերի առաջացմամբ։

Սիբիրյան խոցի տեսակները և ախտանիշները

Կախված վարակման ճանապարհից, հիվանդությունը կարող է դրսևորվել երեք առանձին տեսակներով՝ միմյանցից տարբերվող կլինիկական նշաններով և ընթացքով:

  • Մաշկային սիբիրյան խոցն ամենահաճախ հանդիպող կլինիկական ձևն է: Այն զարգանում է խախտված մաշկի կամ վերքի միջոցով սիբիրյան խոցի սպորների թափանցելու հետևանքով, որից հետո 2-6 օրվա ընթացքում մաշկի ախտահարված շրջանում առաջանում են սև կամ մուգ կենտրոնով անցավ և քորի զգացողություն առաջացնող խոցեր: Խոցերի հարակից հյուսվածքներն այտուցվում են: Մարդկանց մեծ մասը սիբիրյան խոցի մաշկային ձևից կարող է հաջողությամբ ապաքինվել:
  • Աղիքային սիբիրյան խոցը զարգանում է, երբ մարդը սննդում օգտագործում է բավարար ջերմային մշակման չենթարկված վարակված կենդանու միս և ենթամթերք: Հիվանդությունն ընթանում է տենդով, պարանոցի և պարանոցային ավշային հանգույցների այտուցով, ըմպանացով և ցավոտ կլման ակտով, ձայնի խռպոտությամբ, սրտխառնոցով և փսխումով, հատկապես՝ արյունային, փորլուծությամբ (այդ թվում՝ արյունային), գլխացավով, որովայնի ցավերով, ուշագնացությամբ և որովայնի (ստամոքսի) փքվածությամբ: Սովորաբար սիբիրյան խոցի աղիքային ձևն ունենում է մահացու ելք:
  • Ինհալացիոն սիբիրյան խոցը զարգանում է, երբ մարդը շնչում է սիբիրյան խոցի սպորներ: Հիվանդությունը սկսվում է վարակվելուց հետո 1-5 օրվա (հազվադեպ՝ մինչև 60 օրվա) ընթացքում գրիպանման նշաններով և ընթանում տենդով, կրծքավանդակում տհաճ զգացողությամբ, հևոցով, գիտակցության խառնվածությամբ կամ գլխապտույտով, հազով, կրծքավանդակի ստորին հատվածում ցավով, սրտխառնոցով, փսխումով, գլխացավով, հաճախ՝ քրտնարտադրությամբ, ծայրահեղ հոգնածությամբ և մկանացավերով: Սիբիրյան խոցի ինհալացիոն ձևով վարակված 10 մարդուց 6-9-ը մահանում են:

Եզակի դեպքերում ներարկային թմրամիջոցներ օգտագործողների մոտ սիբիրյան խոց կարող է զարգանալ նաև ներարկումային վարակմամբ: Ախտանշանները նման են մաշկային տարբերակին, սակայն կարող են ախտահարվել մաշկի խորը շերտերը և մկանները:

Ինչպե՞ս է սիբիրյան խոցը փոխանցվում

Հիվանդ մարդը համաճարակաբանական նշանակություն չունի և դուք չեք կարող սիբիրյան խոցով վարակվել հիվանդ մարդուց: Այն համարվում է զոոնոզ հիվանդություն, ինչը նշանում է, որ մարդը սիբիրյան խոցով կարող է հիվանդանալ միայն վարակված կենդանիներից կամ կենդանական ծագման արտադրանքներից:

Վարակի աղբյուր են հանդիսանում խոշոր և մանր եղջերավորները, ձիերը և ուղտերը: Հիվանդության ընթացքում կենդանիները արտազատում են հարուցիչներ մեզի, կղանքի, թքի, արյունային արտազատուկների միջոցով, որոնք ընկնում են հողի մեջ, որը դառնում է հարուցչի լրացուցիչ պահոց: Հողում սիբիրյան խոցի հարուցիչները կարող են պահպանվել 100-150 տարի:

Հիվանդ կենդանուց ստացված կաշին, մորթին, մազերը և դրանցից կազմված առարկաներն երկարամյա համաճարակաբանական վտանգ են ներկայացնում:

Մարդը մեծ մասամբ վարակվում է սիբիրյան խոցով հիվանդ կենդանու հարկադիր մորթի ժամանակ, կենդանու միսը և մսամթերքը սննդում կիրառելիս, ընկած կենդանիների դիերի, մորթու, կաշվի և այլնի հետ ուղղակի շփման հետևանքով, ինչպես նաև հիվանդ կենդանիներին խնամելիս: Հնարավոր է նաև վարակումը արյունածուծ հոդվածոտանիների խայթոցների, աղտոտված հողի հետ շփման և սպորներ պարունակող աէրոզոլներ շնչելու հետևանքով:

Եղել են նաև դեպքեր, երբ մարդիկ սիբիրյան խոցի սպորներով վարակվել են փոստային նամակների միջոցով:

Սիբիրյան խոցի ախտորոշումը

Սիբիրյան խոցի կասկած առաջացնող մաշկային խոցերի և այլ գանգատների դեպքում բժիշկը կարող է նշանակել լաբորատոր հետազոտություն (արյուն, խոցից վերցված քսուք, խորխ), որի պատասխանն էլ հանդիսանում է հիվանդությունը հաստատելու կամ բացառելու հիմք:

Սիբիրյան խոցի բուժումը

Սիբիրյան խոցը բուժվում է հակաբիոտիկներով (պենիցիլիններ, Դոքսիցիկլին և Ցիպրոֆլոքսացին):

Սիբիրյան խոցի կանխարգելումը

Հակասիբիրախտային կանխարգելիչ միջոցառումները իրականացնում են ընկալունակ կենդանիների պատվաստումով, հիվանդության «հողային օջախների» հաշվառումով և նրանց վերացումով, սանիտարասահմանափակիչ և բացատրական աշխատանքներով։ Անհրաժեշտ է դադարեցնել առանց անասնաբույժի թույլտվության կենդանիների սպանդը, պահպանել դիակների օգտահանման, հավաքման և ոչնչացման կանոնները։

Այն տեղանքը, որտեղ նկատվել են կենդանիների հիվանդության, անկման, ինչպես նաև թաղման դեպքեր, պետք է գրանցվեն և մեկուսացվեն։ Վարակված տեղանքի վարակազերծման արդյունավետությունը որոշելու, ինչպես նաև սպառնալիքի տարածքից կատարում են հողի նմուշի մանրէաբանական հետազոտություն։

Շատ կարևոր է նաև անձնական պաշտպանությունը: Օրինակ, սիբիրյան խոցով հնարավոր վարակված կենդանիների կամ դրանց արտադրանքների հետ շփվելիս պետք է կրել ձեռնոցներ, պաշտպանական հագուստ և ռետինե կոշիկներ: Նման դեպքերում անհրաժեշտ է նաև անջրաթափանց վիրակապով ծածկել մաշկային վքերքերը, և կանոնավոր կերպով լվանալ ձեռքերը և ցնցուղ ընդունել:

Հոդվածը տեղադրվել է՝ 29-03-2020 վերանայվել է՝ 28-02-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: