Առողջական խնդիրներ
Հակաբիոտիկների նկատմամբ ալերգիկ ռեակցիաներ

2 րոպե
Եթե ունեք հակաբիոտիկների նկատմամբ ալերգիա, ապա ձեզ մոտ կարող են առաջանալ ցան, դեմքի այտուցվածություն կամ շնչարգելություն։
Ալերգիան կամ գերզգայունության ռեակցիան հակաբիոտիկների ամենահաճախ հանդիպող կողմնակի ազդեցություն է։ Միշտ տեղեկացրեք ձեր բժշկին, եթե նախկինում որևէ դեղից, այդ թվում՝ հակաբիոտիկներից ձեզ մոտ գրանցվել է որևէ տիպի ալերգիկ ռեակցիա։
Թեթև ալերգիկ ռեակցիան կարող է դրսևորվել միայն մաշկային ցանով։ Ծանր ալերգիկ ռեակցիան, որը հայտնի է որպես անաֆիլաքսիա, սովորաբար զարգանում է հակաբիոտիկն ընդունելուց հետո մոտ մեկ ժամվա ընթացքում և անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակ է։ Նման դեպքերում պետք է անհապաղ զանգել 1-03 և կանչել շտապբուժօգնություն։
Անաֆիլաքսիայի ախտանիշներն են՝
- դժվարացած կամ աղմկոտ շնչառություն
- լեզվի այտուց
- կոկորդի այտուց և նեղացում
- խոսելու դժվարություններ, ձայնի խռպոտացում
- խզզոց կամ հազ
- գլխապտույտ կամ գիտակցության կորուստ
- հաճախացած անոթազարկ (տախիկարդիա)
- գունատություն և ընդհանուր թուլություն (հատկապես մանկահասակ երեխաների մոտ)։
Երբեմն ձեզ մոտ կարող է զարգանալ անաֆիլաքսիայից ավելի քիչ վտանգավոր վիճակ, օրինակ՝
- դեմքի, շրջունքների և (կամ) շրթունքների այտուցվածություն
- եղնջացան կամ մաշկային բծեր
- որովայնի ցավ կամ փսխումներ։
Ժամանակակից ուղեցույցներով որպես անաֆիլաքսիայի հասցնող սուր ալերգիկ բուժման առաջին միջոց առաջարկվում է ադրենալինը։
Հակաբիոտիկներից ալերգիկ ռեակցիաների մեծ մասը պատճառվում է Պենիցիլինով կամ պենիցիլինի շարքի դեղերով։ Ալերգիկ ռեակցիաներ առաջացնելու հակում ունեն նաև սուլֆոնամիդային խմբի հակաբիոտիկները։
Հակաբիոտիկ ստանալուց հետո առաջացող սրտխառնոցի զգացումը և փսխումը սովորաբար հակաբիոտիկի կողմնակի ազդեցության, քան ալերգիկ ռեակցիայի նշան է։
Եթե որևէ հակաբիոտիկ ընդունելուց հետո ձեզ մոտ առաջանում է ալերգիկ ռեակցիա, բժիշկը կարող է ձեզ ուղեգրել ալերգոլոգի խորհրդատվության։
Հոդվածը տեղադրվել է՝ 12-05-2018 վերանայվել է՝ 22-04-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: